Աստղեր

Բրազիլացի գեղեցկուհի Ժիզել Բունդխենը հիանալի կարիերա է արել մոդելային բիզնեսում և արդեն ավելի քան հինգ տարի համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելը։ Սակայն, կարծես թե, այժմ այն պահն է հասել, երբ Ժիզելին արդեն ամենաշատը հետաքրքրում է ընտանիքը, այլ ոչ թե կարիերան։

Ըստ որոշ տվյալների` Բունդխենը մտադիր է հրաժարվել մոդայի ցուցադրություններին մասնակցելուց։ 34-ամյա Ժիզելն իբրև մանեքենուհի բեմ է բարձրացել գրեթե քսան տարի։ Իր կարիերայի ընթացքում աստղը մասնակցել է յոթ նշանավոր մոդայի տան ցուցադրությունների և երբեք չի հրաժարվել Բրազիլիայում մոդայի շաբաթի ցուցադրություններին մասնակցելուց։ Բայց այժմ այն պահն է եկել, երբ նա մտադիր է հեռանալ պոդիումից և իր ուշադրությունը բևեռել ընտանիքին և գովազդային ֆոտոսեսիաներին։ Այդ մասին գրում է Kleo.ru-ն։

Ըստ բրազիլական Estadao.com հրատարակության` Victoria’s Secret-ի նախկին հրեշտակը ծրագրում է ապրիլին ելույթ ունենալ Սան Պաուլոյի մոդայի շաբաթին և դրանից հետո հայտարարել մանեքենուհու կարիերայի ավարտի մասին։ Ճիշտ է, մոդելի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանություններից հրաժարվում է։ 

Հիշեցնենք, որ ավելի քան հինգ տարի Ժիզելը Forbes-ի վարկածով առաջատարն է ամենաբարձր վարձատրվող մոդելների թվում։ Մասնավորապես, անցյալ տարի, ըստ հրատարակության տվյալների, Բունդխենն աշխատել է մոտ 47 միլիոն դոլար։ Աստղը պայմանագրեր ունի այնպիսի նորաձևության ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են H&M-ը, Chanel-ն ու Carolina Herrera-ն։ Մոդելը նաև թողարկում է սանդալների և ներքնազգեստի Gisele Bundchen Intimates սեփական շարքը։. -0-