Աստղեր

Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը` նախօրեին մահացած դերասանուհի և երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինը, Facebook–ի իր էջում գրել է, որ պատրաստվում է օգնել հիվանդ մարդկանց։ 

Ժաննա Ֆրիսկեն կյանքից հեռացել է երկարատև հիվանդությունից հետո` երկար ժամանակ նա պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Հարազատներն ու երկրպագուները մինչև վերջ հույս ունեին, որ հրաշք կկատարվի։ Սակայն հունիսի 16-ի գիշերը տեղեկություն ստացվեց, որ «Բլեստյաշիե» խմբի նախկին մեներգչուհին այլևս չկա։ 

«Մենք միշտ կրկնում էինք. «Երջանկությունը լռություն է սիրում»։ Ես մնում եմ հավատարիմ իմ այդ խոսքերին, քանի որ Ժաննան իմ միակ, անկրկնելի, մաքուր և բացարձակ երջանկությունն է։ Մենք չէինք հանձնվում և պայքարում էինք, որ հաղթեինք։ Ասում են` երկու տարի այդպիսի իրավիրճակում գտնվելը բավականին շատ է։ Բայց, իհարկե, մեզ համար շատ քիչ էր», – գրել է Շեպելևը։

Նա հավաստիացրել է, որ պայքարել հիվանդության դեմ առանց երկրպագուների և մտերիմների օգնության անհնար էր։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով գումար է նվիրաբերել Ժաննայի բուժման համար, աղոթել է նրա առողջության համար, ուղղակի մտածել է նրա մասին, ցանկացել է ուժ և երջանկություն նրան։ Ուզում եմ, որ դուք իմանաք, որ այս երկու տարին մեծամասամբ ձեր վաստակն է։ Շնորհակալություն։ Ես առողջություն եմ ցանկանում ձեզ և ձեր հարազատներին։ Եվ մոտ ժամանակներս կցանկանայի կենտրոնանալ նրանց օգնության վրա, ովքեր մեզ պես չեն հանձնվում և պայքարում են առողջության և կյանքի համար», – գրել է Շեպելևը։  

Երգչուհու գործընկերներն ու ընկերները սգում են նրա մահը։  Առաջինն իր ցավակցությունն է հայտնել պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը։ «Իհարկե, կյանքն ավարտվում է։ Սակայն այս մեկը շատ շուտ ավարտվեց։ Նա բարի էր, անկեղծ և ուժեղ։ Աստված իմ, ինչքան եմ ես խղճում քեզ, Ժաննա։ Ես համոզված եմ, որ այնտեղ դու ավելի երջանիկ կլինես։  Եվ կշարունակես երգել։ Երջանիկ ուղևորություն», – գրել է նա իր Twitter–ի միկրոբլոգում։

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ լաց է եղել։ «Ցտեսություն, սիրելի՛ Ժաննա… Բարով մնաս, ընկե՛ր… Իսկական ընկեր… Ես լալիս եմ… Անհնար է հավատալ… դաժան է…», – գրել է նա Instagram–ում։

Երգչուհի Գլյուկոզան (Նատալյա Չիստիկովա–Իոնովա) Ֆրիսկեին անվանել է սիրելի, ուժեղ և իսկական։ «Չեմ հավատում, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»։

Դերասանուհի Յանա Պոպլավսկայան Ֆրիսկեին կոչել է զարմանալի, գեղեցիկ և շատ զգայուն, իսկ երգչուհի Լիկա Սթարը (Լիկա Պավլովա) նկատել է, որ Ֆրիսկեն չպետք է ծերանար։ «Աստված մեր հուշերում թողել է նրա դեմքն ու ժպիտը ընդմիշտ գեղեցիկ, երիտասարդ և երջանիկ։ Նրա երգերը, ֆիլմերն ու ծրագրերը մենք բազմիցս վերանայելու ենք և որսալու մեզ նվիրված նրա յուրաքանչյուր խոսքը», – գրել է նա։ -0-

Սգում են նաև «Բլեստյաշիե» խմբի նախկին մասնակիցները։ Օլգա Օրլովան Instagram–ում գրել է. «Մնաս բարով, իմ աղջիկ… Ննջիր  հանգիստ… Դու հավետ կմնաս իմ սրտում…»։ Իսկ Յուլիա Կովալչուկի Instagram–ում հայտնվել է հետևյալ գրառումը. «Ես հաստատ գիտեմ, որ շուտով դու կվերադառնաս մեզ մոտ փոքր թռչնի, քնքուշ շան կամ կապուտաչյա մանկան տեսքով… Քո հոգին ընդմիշտ կմնա մեզ հետ…  Գիտեմ` ինչպես էիր սիրում ժպտալ և ինչպես չէիր ցանկանա, որ բոլորը տխրեին… Ես անսահման սիրում և գնահատում էի քեզ…  Մենք բոլորս քեզ սիրում էինք… Թռի՛ր, մեր հարազատ Ժաննոչկա»։

Ցավակցություններ են հայտնում նաև շոու բիզնեսի այլ աստղերը։ -0-