Աստղեր

ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորներ խնդրել են Գլխավոր դատախազությանն ու Ռոսկոմնադզորին փակել «ՎԿոնտակտեի» MDK խումբն իբր անպարկեշտ և վիրավորական տեղեկության, այդ թվում` Ժաննա Ֆրիսկեի մահվան թեմայով հրապարակումների համար, գրում է «Իզվեստիա» թերթը։ 

2013 թվականին MDK խումբն արդեն փակել են չարախոսող գովազդի համար։

Խումբը փակելու խնդրանքով են դիմել ռուս դերասանուհի, Պետդումայի պատգամավոր Մարիա Կոժեվնիկովան, պատգամավոր, ՌԴ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը և Պետդումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Միխայիլ Մարկելովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Թերթի տվյալներով խորհրդարանականների նախաձեռնության համար առիթ են դարձել Ֆրիսկեի մահվան թեմայով խմբի վերջին հրապարակումից վրդովված քաղաքացիների դիմումները։

«Ես տասնյակ հազարավոր դիմումներ եմ ստացել իրավիճակի վրա ազդելու խնդրանքով, իսկ MDK–ի դեմ խնդրագիրն Ինտերնետում ավելի քան 125 հազար ստորագրություն է հավաքել, այդ ամենը առիթ է ծառայել Ռոսկոմնադզոր և Գլխավոր դատախազություն դիմելու համար»,– թերթը մեջբերում է Կոժեվնիկովայի խոսքը։ 

Պատգամավոր Կոբզոնն իր հերթին կարծում է, որ «այդ հարցում պետք է հասնել ընդհուպ մինչև նախագահ, որովհետև ժամանակն է վերջ տալ այդ միմոսությանը»։

Հայտնի երգչուհի և դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն մահացել է երեքշաբթի գիշերը, նա 41 տարեկան էր։ -0-