Աստղեր

Անձնական կայքը հասարակությանը և արվեստագետին առանց միջնորդի կապող օղակ է, երեքշաբթի լրագրողներին ասաց  կոմպոզիտոր և կատարող Վահան Արծրունին` ներկայացնելով իր պաշտոնական կայքը` www.vahanartsruni.com։

«Կայքն ունի երեք հիմնական գործառույթ։ Առաջին հերթին այն տեղեկատվության հուսալի աղբյուր է, երկրորդ` ստեղծագործողի կայք է, որտեղ ամբողջությամբ ներկայացված են նրա աշխատանքները, նախապատվությունները, ինչպես նաև նրա ստեղծագործական պլանները։ Երրորդը կայքի բավականին կարևոր գործառույթն է` հաղորդակցությունը»,– նշեց Արծրունին։

Նրա խոսքով` հեռանկարում կան որոշ գործառույթներ, որոնք դեռ չեն աշխատում Հայաստանում, քանի որ դա թույլ չի տալիս ինտերնետ–թրաֆիկը։

«Օրինակ` արտասահմանյան արտիստների շատ պաշտոնական կայքերում կա Workshop գործառույթը, որը հնարավորություն է տալիս այդ Workshop–երի վիրտուալ տոմսեր ձեռք բերել, ինչպես նաև կապ հաստատել արտիստի հետ այդ միջոցառման ընթացքում։ Workshop–ը կարող է լինել պարապմունքի կամ համերգի տեսքով, որը հեռարձակվում է փոքր ստուդիայից կամ, ասենք, սեփական աշխատասենյակից»,–ասաց կոմպոզիտորը։

Նա հավելեց, որ կայքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 19–ին, բայց կայքն արդեն հասանելի է։ Ինտերնետային ռեսուրսը հասանելի է երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն։

«Հայաստանում մասնագիտական կայքերի ստեղծման մշակույթը դեռ զարգացած չէ, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է դրանով զբաղվենք։ Իմ օրինակով ես ցանկանում եմ ցույց տալ արվեստի մյուս գործիչներին, որ անհնար ոչինչ չկա, և յուրաքանչյուր երաժիշտ կարող է ինքնուրույն ստեղծել իր պաշտոնական կայքը»,– ասաց Արծրունին։ -0-