Աստղեր

Հայտնի ամերիկացի ռեփեր Snoop Dogg–ի երևանյան համերգն անպայման կկայանա, սակայն համերգի կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված չէ, վստահեցնում են կազմակերպիչները։ 

Համերգի կազմակերպիչ One Production ընկերությունը նախօրեին միջոցառման էջ էր ստեղծել Facebook սոցցանցում` նշելով, որ համերգը կկայանա մայիսի 17–ին։ 

Սակայն ռեփերի` սոցցանցերի պաշտոնական էջերում գրեթե զուգահեռ հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ նա մայիսի 17–ին ելույթ է ունենալու Նորվեգիայում

Այսօր երևանյան համերգի կազմակերպիչները հայտարարեցին, որ համերգի ամսաթիվը նախնական էր, այդ պատճառով պաշտոնապես այդ մասին ոչ մի տեղ չի հայտարարվել։ Տեղեկությունը շատ արագ տարածվեց Facebook-ում։ 

«Ուզում ենք տեղեկացնել, որ այս ամենը սուտ չէ, և բանակցությունները իսկապես շարունակվում են։ Հենց վերջնական օրը հաստատվի, դուք կտեսնեք միջոցառման պաշտոնական տարբերակը, այդ մասին գրառում կլինի նաև ռեփերի պաշտոնական էջում։ Ներկա պահին event-ը Facebook–ից կհեռացվի, որպեսզի կանխվի դեզինֆորմացիայի տարածումը», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Snoop Dogg–ը (իսկական անունը` Calvin Cordozar Broadus, Jr.)  ամերիկացի ռեփեր է, պրոդյուսեր և դերասան։ Snoop Dogg–ն իր կարիերան սկսել է 1992 թվականին ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre–ի հետ ծանոթությունից հետո։ -0-