Աստղեր

Հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրին Ժնևի հիվանդանոցներից մեկն են տեղափոխել։ Պատճառը վերջին օրերի վարակն է, որից տառապում է աշխարհահռչակ երգիչը։  Ազնավուրի հիվանդության մասին տեղեկությունն ուրբաթ երեկոյան տարածել է Ժնևում ծրագրված համերգի կազմակերպիչը։ 

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ֆրանս Պրեսս գործակալությունը չի նշում, թե հատկապես ինչ հիվանդությունից է տառապում 90-ամյա երգիչը և նրա վիճակի վերաբերյալ ինչ գնահատական են տալիս բժիշկները։ 

Վերջին ամիսներին Ազնավուրը հրաժեշտի համաշխարհային շրջագայություն է կատարում։ Սիրված երգիչը համերգ է ունեցել նաև Մոսկվայում` հոկտեմբերի 3–ին նա ելույթ է ունեցել մայրաքաղաքի խոշորագույն համերգասրահներից մեկի բեմում։ 

«Time» ամսագրի և CNN ընկերության սոցիոլոգիական հետազոտությունների ընթացքում Շառլ Ազնավուրը ճանաչվել է 20–րդ դարի էստրադային լավագույն կատարողը։

Շառլ Ազնավուրը մեծանուն հայազգի կատարող և ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից շատերը ներառվել են ոչ միայն ֆրանսիական էստրադայի, այլ նաև համաշխարհային երաժշտական ժառանգության գանձարանում: Շառլ Ազնավուրը CNN-ի կողմից ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարող, նա առաջին ֆրանսիացի երգիչն է, ով Եվրոպայում պլատինե ձայնասկավառակ է ստացել: 

Երգչի երգացանկում ավելի քան հազար երգեր կան, որոնցից մի մասը նա ինքն է կատարել, իսկ մի մասը ներառվել է Բոբ Դիլանի, Լայզա Մինելիի, Խուլիո Իգլեսիասի և այլ հայտնի կատարողների երգացանկերում: Շառլ Ազնավուրի ստեղծագործական կարիերայի ընթացքում ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան հարյուր միլիոն ձայնասկավառակ: Երգիչը միևնույն բեմում հանդես է եկել և սերտորեն համագործակցել այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են՝ Լուչիանո Պավարոտին, Ֆրենկ Սինատրան, Պատրիցիա Կաասը, Սելին Դիոնը, Պլասիդո Դոմինգոն: Որպես դերասան՝ Շառլ Ազնավուրը նկարահանվել է 60 ֆիլմերում: -0-