Աստղեր

System of a Down խմբի մենակատար և հիմնադիր Սերժ Թանկյանը նշեց, որ SOAD-ի երևանյան համերգն իր համար ինքնատիպ փորձ էր:

«Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության շրջանակում System of a Down խումբը համերգ տվեց նաև Երևանում։ Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված անվճար համերգը նվիրված էր Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Երաժիշտները չէին սպասում, որ հանդիսատեսն իրենց հետ անգլերեն կերգի: Խմբի անդամներն այնքան ոգևորված էին, որ նրանցից մեկն անգամ փոխել է տոմսը` Հայաստանում ավելի երկար մնալու համար», — ասաց Թանկյանը:

Նա խոստովանեց, որ ինքն ամենաանգրագետ երաժիշտն է. ո՛չ ռոք-երաժշտության հիմունքներն է սովորել, ո՛չ էլ դաշնամուր նվագել գիտի: «Պարզապես, երբ դարձա 15-20 տարեկան, հասկացա, որ երաժշտությունն իմ կյանքի միակ ընտրությունն է», — ասաց նա:

Երաժիշտը պատմական հայրենիքի հետ կապված ստեղծագործական ծրագրեր ունի: «Այժմ ես Գոռ Սուջյանի հետ (Dorians խմբի մենակատար) աշխատում եմ երգի վրա», — ասաց նա: -0-