Աստղեր

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուի և ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հարաբերությունները փակուղի են մտել, հաղորդում է Rg.ru–ն։

Աստղային զույգի բաժանման կամ, ամենաքիչը, խռովության մասին վկայող ինքնատիպ ազդանշան են դարձել Ռոնալդուի և Շեյքի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Հայտնի է, որ Իրինան միշտ ուղեկցել է իր փեսացուին բարձրաշխարհիկ և հանդիսավոր միջոցառումների ժամանակ, սակայն հունվարի 12–ին նա ներկա չի եղել Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ–ի մրցանակաբաշխությանը, որի ընթացքում Քրիշտիանուն արժանացել է ՖԻՖԱ–ի «Ոսկե գնդակին», որն ամենահեղինակավոր անհատական մրցանակն է ֆուտբոլային աշխարհում։ 

Ինչպես նշում է elmundo հայտնի իսպանական հրատարակությունը, մրցանակը ստանալիս Քրիշտիանու Ռոնալդուն, նախորդ տարվա պես, շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին, մայրիկին և որդուն` Քրիշտիանինյուին (ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել է, որ տղային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը)։ Սակայն այս անգամ նա «մոռացել է» նշել իր ընկերուհուն։

Նմանատիպ արձագանք է ներկայացրել Շեյքը, ով այս օրերին հանգստանում է Մալդիվներում, ավելի ճիշտ` նա ընդհանրապես ոչ մի կերպ չի արձագանքել։ Instagram–ի  և Facebook–ի նրա էջերում շատ են օվկիանոսի ֆոնին արված գեղեցիկ լուսանկարները, սակայն սոցցանցերի պաշտոնական էջերից ոչ մեկում Իրինան չի շնորհավորել Ռոնալդուին տիտղոսի կապակցությամբ։ Ինչպես հիշեցնում է 101greatgoals.com հայտնի պորտալը, նախորդ տարի Շեյքը մի շարք խանդավառ մեկնաբանություններ էր արել, երբ Քրիշտիանուն արժանացել էր նմանատիպ մրցանակի։

Հիշեցնենք, որ Քրիշստիանուն և Իրինան մոտ հինգ տարի է սիրային կապի մեջ են։ -0-