Աստղեր

Թատրոնի և կինոյի հայտնի հայ դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը դարձել է   «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր «Մշակույթ և արվեստ» անվանակարգում, հայտնում է ԱՊՀ մարդասիրական գործակցության միջպետական հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Դափնեկիրների անունները հայտարարել է Միջպետական մրցանակի հանձնման հանձնաժողովը։ 

Նույն անվանակարգում մրցանակ է շնորհվել Արվեստի ղազախական ազգային ակադեմիայի ռեկտոր Բիբիգուլ Նուսիպժանովային և Պ.Ի Չայկովսկու անվան պետական ակադեմիական Սիմֆոնիկ մեծ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Ֆեդոսեևին։ 
Գիտության և կրթության ոլորտում մրցանակակիրներ են դարձել Տաջիկստանի Հանրապետության ԳԱ ակադեմիկոս, միջազգային անվտանգության ոլորտի մասնագետ Տալբակ Նազարովը և ղրղըզ նկարիչ և մանկավարժ Դինարա Չոչումբաևան։ 

Մարդասիրական գործունեության բնագավառում մրցանակը շնորհվել է ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևին, բելառուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոստիսլավ Յանկովսկուն և Մոլդովայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայիլ Մունտյանին։ 

«Համագործակցության աստղեր» մրցանակը սահմանել  են 2009 թվականին ԱՊՀ անդամ պետությունների մարդասիրական գործակցության խորհուրդը և Մարդասիրական գործակցության միջպետական հիմնադրամը։ Այն ամեն տարի շնորհիվում է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչներին համաշխարհային ձեռքբերումների մակարդակին համապատասխանող և ԱՊՀ յուրաքանչյուր անդամ պետության զարգացմանը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Համագործակցության զարգացմանը նպաստող մարդասիրական գործունեության ոլորտի առավել զգալի հաջողությունների համար։  

Մրցանակի չափը երկու միլիոն ռուբլի է։ 

Դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը կանցկացվի հունիսի 6–ին Վորոնեժում, որը 2015 թվականին դարձել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ -0-