Աստղեր

Մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60–ամյակի առթիվ Հայաստան է այցելել վիրտուոզ երաժիշտների աստղաբույլ։ Մինչև համերգի սկսվելը «ԱՌԿԱ Style»-ին հաջողվել է հարցազրույց վերցնել անվանի բանդոնեոնիստ, հանդիսատեսի սիրելի Մարիո Ստեֆանո Պետրոդարկիից։

– Մեզ շատ է ուրախացնում , որ Դուք պարբերաբար այցելում եք մեր երկիր։ Հատկապես ի՞նչն է Ձեզ գրավում Հայաստանում։

Պետրոդարկի – Առաջին հերթին` ձեր հիանալի հանդիսատեսը։ Ես մշտապես ճանապարհորդում եմ, եղել եմ շատ երկրներում, և հավատացեք ինձ, ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Ես միշտ ասում եմ, որ համերգը ոչ միայն երաժիշտն է կամ կատարողը, այլ, առաջին հերթին, հանդիսատեսը։ Եվ երաժիշտը միշտ զգում է ունկնդրին։ Ուստի համերգը կարող է կայանալ միայն նրանց միջև ներդաշնակ կապ առաջանալու դեպքում։

– Հաճախ են ասում, որ հայերն իրենց խառնվածքով նման են իտալացիներին։ Դուք այդ կարծիքի հետ համաձա՞յն եք։

Պետրոդարկի – Դա բացարձակ ճշմարտություն է։ Այդպես էլ կա։ Ընդ որում, հայերը նման են հենց հարավի իտալացիներին։ Եվ ոչ միայն խառնվածքով և ջերմությամբ, այլ նույնիսկ մաշկի գույնով։

– Այս տարի Դուք մեկ բեմում նվագելու եք միանգամից մի քանի վիրտուոզների հետ, որոնց շարքում են Սերգեյ Խաչատրյանը, Տիգրան Համասյանը և ուրիշներ։ Ձեզ դո՞ւր գալիս է նման ընկերակցությունը։

Պետրոդարկի – Ես կարծում եմ, որ դա բացառիկ խումբ է։ Ողջ համերգին լրացուցիչ կախարդանք է հաղորդում այն, որ մենք նվագելու ենք ի հիշատակ մեծ մաեստրո Արամ Ղարաբեկյանի։

– Ի՞նչ խորհուրդ  կտայիք սկսնակ երաժիշտներին, նրանց, ովքեր շատ են սիրում իրենց գործիքը, բայց տանել չեն կարողանում սոլֆեջիոյի դասերը։

Պետրոդարկի – (ծիծաղում է) Այո–այո, կա նման բան… Բայց առանց դրա անհնար է։ Հազվադեպ կարելի է կարդալ սովորել առանց այբբենարանի։ Նույնը սոլֆեջիոյի դեպքում է։ Եվ այդ առումով Հայաստանը չպետք է ոչինչ փոխի իր ուսուցման մեթոդներում։ Ձեզ մոտ, ինչպես  և Ռուսաստանում, այդ ամեն հենվում է շատ ամուր և ճիշտ հիմքի վրա։ Տեսեք Սերգեյին  (Խաչատրյան). մենք հիանում ենք նրա կատարմամբ, բայց նաև համոզված ենք, որ նա դրա համար հսկայական, տաժանակիր ջանքեր է գործադրել։

– 90–ական թվականներին, հատկապես հետխորհրդային տարածքում «տանգո» բառը հաճախ ասոցացվել է դասական պարի հետ։ «Տանգո» անվանել են նաև ցանկացած դանդաղ զուգապար։ Եվ միայն ավելի ուշ մեծ Աստոր Պիացոլայի երաժշտության շնորհիվ մենք բացահայտեցինք տանգոն` որպես կրքի, տխրության, ուրախության, կարոտի երաժշտություն։ Դուք համարո՞ւմ եք տանգոն ունիվերսալ երաժշտական ժանր։

Պետրոդարկի – Բացարձակ ունիվերսել և համապարփակ։ Չնայած,  տանգոն ծնվել է Արգենտինայում,  բայց այդ պարը տարբեր մշակույթների, տարբեր ռիթմերի և երաժշտությունների խառնուրդ է։ Եվ այդ մշակույթների բոլոր ներկայացուցիչները զարմանալի կերպով սկսել են միանման զգացմունքներ ապրել այդ երաժշտության տակ։ Բայց, միևնույն ժամանակ, օրինակ, լսելով Պիացոլայի «Օբլիվիոնը», նրանք կարծում են, որ այդ այդ մեղեդին բացարձակ երջանկության մասին է, իսկ մյուսները սրտաճմլիկ տխրություն են զգում։ Այնպես որ տանգոն ուղղակի կախարդական ժանր է։

– Ձեր յուրաքանչյուր համերգի կամ Ռիշար Գալյանոյի և այլ կատարողների համերգներիի ավարտից հետո հանդիսատեսն ամեն անգամ խնդրում է նվագել «Լիբերտանգոն»։ Ի՞նչ եք կարծում, ինչում է այդ ստեղծագործության ձգողական ուժը։

Պետրոդարկի – Ես գիտեմ, որ Պիացոլան անձամբ այդքան էլ չի սիրել այդ մեղեդին։ Ինչը չես ասի հանդիսատեսի մասին, որն ամենուր լսում է այն՝ հեռուստատեսությունով, ռադիոյով։ «Լիբերտանգո» բառն ինչ–որ առումով դարձել է տանգոյի հոմանիշը։ Չգիտեմ, հավանաբար գաղտնիքը «լիբերտանգոյի» նրբագեղ ռիթմի և նրա ցնցող երաժշտականության մեջ է։

– Երաժշտական բուհերի որոշ մանկավարժներ կարծում են, որ նա, ով ցանկանում է կատարյալ տիրապետել երաժշտական գործիքին, պետք է մինչև որոշակի պահ հրաժարվի անձնական կյանքից։ Դուք համաձա՞յն եք դրա հետ։

Պետրոդարկի – Դա վերաբերում է ամեն ինչին, բայց ոչ թե տանգոյին։ Ոգեշնչման, զգացմունքներն ու կրքերը հաղորդելու համար կատարողին անհրաժեշտ է կին, իհարկե ավելի լավ է` մեկից ավել (ծիծաղում է)։

– Ինչպես մյուս բոլոր ժանրերում տանգոյում կան ստեղծագործություններ, որոնք թերագնահատված են և զանգվածային համբավ չեն վայելում։ Ինչպիսի՞ թերագնահատված ստեղծագործություններ կարող եք նշել առաջին հերթին։ 

Պետրոդարկի – Ես գիտեմ բացարձակ ամեն ինչ, ինչ գրել է Պիացոլան, և կարծում եմ, որ այն, ինչ յուրաքանչյուր ունկնդիր չգիտի նրա նվագացանկից, հենց դա էլ տվյալ ունկնդրի համար չգնահատված ստեղծագործություն է։ Բայց եթե պետք է ինչ–որ բան նշեմ, թող դա լինի «Թրիլլերը»։

– Դուք դեմ չե՞ք, եթե մենք ներկայացնենք այդ մեղեդու ձայնագրությունը` որպես Ձեր անձնական երաշխավորագիր։

Պետրոդարկի – Ես կարծում` Դուք պարտավոր եք դա անել (ծիծաղում է)։ -0-