Աստղեր

Աշխարհահռչակ դերասանուհիներ Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին ստացան «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնի պատվո մրցանակներ: 

Փայտե տուփի մեջ՝ ապակու տակ տեղադրված ֆիգուրների յուրահատկությունն այն է, որ դրանք անձամբ պատրաստել է աշխարհահռչակ ռեժիսոր և նկարիչ, կոլաժի վարպետ Սերգեյ Փարաջանովը: Ընդ որում այն տարիներին, երբ Վարպետը բանտում էր: Այնպես որ այս մրցանակները կինոփառատոնը հանձնում է ամենապատվավոր հյուրերին: Դերասանուհիները դեռ մինչև պարգևատրումը չկարողացան բեմում զսպել իրենց զգացմունքները: 

Երկուսն էլ հայտարարեցին, որ երջանիկ են լինել Հայաստանում և մասնակցել այսքան պատվավոր փառատոնի:

«Սա հիանալի փառատոն է` հիասքանչ ֆիլմերով: Հուսով եմ, որ տարեցտարի այն ավելի լավը կդառնա»,- ասաց Մուտին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում կինոփառատոնի կազմակերպիչները չէին կարող արտասահմանյան հյուրերի ուշադրությունը չհրավիրել հայ ժողովրդի կյանքի այս ողբերգական տարեթվին: «Բռնաբարված Հայաստան» ֆիլմից մի հատված ցուցադրվեց «Հովեր» երգչախմբի կատարման ներքո: 

Դե, իսկ բացման արարողության անակնալը և փառատոնի հյուրերի նվերը տպավորիչ տեսաինստալյացիան էր՝ ուղեկցվող պարային համարներով: Դե ինչ, «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնը մեկնարկեց: Հաջողությո՛ւն փառատոնին:

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։ Տարբեր տարիների փառատոնի շրջանակում Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց շարքում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը: 2010-ին Երևանյան կինոփառատոնն արժանացել է Ficts Plate D’honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակի: 

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է:

Փառատոնի բացման լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-