Աստղեր

Կարծես, հիացմունքի սահմանաչափը, որն ի վիճակի է առաջացնել Միխայիլ Բարիշնիկովը, սպառված չէ։ Նրան բանաստեղծություններ է նվիրել Իոսիֆ Բրոդկսին, նրան սիրահարված է եղել հիասքանչ Ջեսսիկա Լենգը, էլ ի՞նչ կարելի է ասել միլիոնավոր հասարակ երկրպագուների մասին, ովքեր պատրաստ են ամեն ինչի` Բարիշնիկովի կենդանի պարը տեսնելու համար։

Rag & Bone ապրանքանիշի նոր տեսանյութը, որի նկարահանումներին մասնակցել է Միխայիլ Բարիշնիկովը, հենց առաջին րոպեներից ստիպում է մոռանալ, որ այն գովազդային հոլովակ է։ Շնորհիվ վարպետի մասնակցության` այն բացառիկ է։ Բարիշնիկովի հետ միասին տեսանյութի նկարահանումներին մասնակցել են երիտասարդ պարողներ, որոնց թվում են Չարլզ Ռայլին` Մադոննայի թիմից, ով ավելի հայտնի է որպես Lil Buck, հաղորդում է Hellomagazine.com-ը:

Չնայած պատկառելի տարիքին (67 տարեկան), Բարիշնիկովը նախկինի պես ի զորու է ստիպել հանդիսատեսին դիտել պարը սրտի թրթիռով անգամ համակարգչի մոնիտորից։ Եվ բացառիկությունը ոչ թե ինչ–որ անհավանական պարային հնարների մեջ է, գովազդային տեսանյութում նման բան չկա, այլ` մարմնի լեզվի էությունը փոխանցելու կարողության, որը հասանելի է միայն հանճարին։ Սա այն դեպքն է, երբ խոսքերն ավելորդ են։ -0-