Աստղեր

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ իտալացի դերասանուհի, «Աշխարհի ամենագեղեցիկ կին» ճանաչված Օռնելլա Մուտին «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնի շրջանակում կիրակի հանդիպեց լրագրողների հետ և զրուցեց այն մասին, թե ինչ է սերը, և որքան է իրեն դուր եկել Վարդավառը (Քրիստոսի Պայծառակերպության տոն)։ 

Օռնելլա Մուտին նշեց, որ պատահական չէ այն փաստը, որ այս տարի է այցելել Հայաստան։ Նա եկել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի տարում` «հալածված» հայ ժողովրդին աջակցելու համար։

Ընդ որում պարզվեց, որ թեև իտալուհին առաջին անգամ է Հայաստանում, սակայն  ընկերուհուց շատ բան է լսել մեր երկրի մասին և երազել է լինել «կախարդական» Հայաստանում։  

Դերասանուհին նշեց, որ Հայաստանից ստացած ամենավառ հիշողությունը կլինի Վարդավառը։ Նա անգամ խոստովանեց, որ դեմ չէր լինի մասնակցել տոնին։

1994 թ.–ին «Class» ամսագրի միջազգային քվեարկության արդյունքում «Աշխարհի ամենագեղեցիկ կնոջը» չէին կարող չտալ կանանց ամենանվիրական հարցը` ի՞նչ է երջանկությունը, ու ո՞րն է նրա գեղեցկության գաղտնիքը։

«Երջանկությունը ներսում վերապրած պահերն են, ներդաշնակությունը։ Մարդը ծնվում է ուրախության համար», – նշեց Մուտին։

Ինչ վերաբերում է գեղեցկությանը, ապա դերասանուհին նշեց, որ զգում է, որ ծերանում է, և իրեն անհանգստացնում են նույն խնդիրները, ինչ մյուս կանանց։  

«Անսանձ տղամարդուն սանձահարած» դերասանուհին նաև տեղեկացրեց, որ բաց է համագործակցության համար և պատրաստ է նկարահանվել հայկական կինոյում։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-