Աստղեր

Աշխարհահռչակ գերմանացի և ամերիկացի դերասանուհի Նաստասյա Կինսկին, ով  Երևան է այցելել  որպես «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, ներկա է եղել իր ֆիլմի առաջին հետահայաց ցուցադրությանը։ 

1979 թ.–ին Ռոման Պոլանսկու նկարահանված «Թեսս» կուլտային ֆիլմը թույլ տվեց երևանյան հանդիսատեսին ոչ միայն վայելել ռեժիսորի և դերասանական կազմի տաղանդն ու մտքի թռիչքը, այլ նաև անձամբ համոզվել, որ անցած տարիները միայն գեղեցկացրել են սիրված դերասանուհուն։ 

Գրավիչ Նաստասյա Կինսկին ոչ միայն արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարություններին, այլ նաև ֆիլմի գրեթե ողջ ընթացքում մնաց ուշադրության կենտրոնում։ Դահլիճում գտնվող հանդիսատեսը հնարավորություն ստացավ համեմատել այսօրվա Կինսկուն էկրանի Կինսկու հետ։ 

Պոլանսկու «Թեսս» ֆիլմը բավականին հստակ հետևում է Թոմաս Հարդիի համանուն վեպի սյուժեին։ Սակայն մարդկային բնության նկատմամբ ռեժիսորի հայացքն ավելի վատատեսական է, քան գրողինը։ Պոլանսկուն օտար է կանխորոշման և ճակատագրի ուժի նկատմամբ Հարդիի հավատը։ Նա Թեսսի ողբերգական ճակատագիրը ներկայացնում է որպես մարդկային ձեռքի գործ, ընդ որում՝ մեղքը հավասարապես բաշխված է բարձրագույն (Ալեք) և ցածրագույն (ծույլ, գինեմոլ հայրը, հաշվենկատ մայրը) դասերի միջև։  

Սթոունհենջի ֆոնին ներկայացվող վերջաբանը ֆիլմում  զոհաբերության երանգ ունի։ Աղջիկը որոշում է մի քանի ժամ անցկացնել սիրելի մարդու գրկում, այսինքն՝ իրեն զոհաբերում է հանուն Էնջելի նկատմամբ տածած սիրո։  

Հետահայաց ցուցադրությունների շրջանակում կցուցադրվեն նաև Նաստասյա Կինսկու մասնակցությամբ Վիմ Վենդերսի «Փարիզ, Թեքսաս» (1984) և Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեցյալները» (1985) ֆիլմերը։ 

«ԱՌԿԱ Style»–ը կինոփառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։ –0–