Աստղեր

«Միայնակ. միասին» վավերագրական ֆիլմը բացահայտում է ծայրահեղ իրավիճակում հայտնված մարդկանց ոգու ուժը և տոկունությունը։ Այդպես է բնութագրել իր ֆիլմը ֆրանսիացի կինոռեժիսոր Դավիդ Կրեմերը։

«Միայնակ. միասին» ֆիլմը ներառված է «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագրում։

«Դա երկար պատմություն է, որը ես 10 տարի նկարել եմ։ Ինձ շատ մոտ է ծովի թեման, և ես սիրում են փորձարկել, այդ պատճառով իմ կինոնկարի հերոսները պատահականորեն դարձան ձկնորսները»,–  հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց  նա։

Ռեժիսորը հավելեց, որ երկար տարիներ հետևել է, թե ինչպես են այդ մարդիկ հաղթահարել իրենց ճանապարհին կանգնած դժվարությունները` նշելով, որ այդ ընթացքում նա անձամբ շատ բան է սովորել ձկնորսներից։

«Սկզբից նրանք հրաժարվեցին նկարահանվել ֆիլմում, բայց հետո համաձայնեցին։ Ժամանակի հետ մենք շատ մտերմացանք և ընկերացանք։ Պետք է ասեմ, որ նրանք հիանալի մարդիկ են»,– հավելեց նա։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագիրը մեկնարկել է հուլիսի 16–ին։ Ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 800 ֆիլմ, սակայն դրանցից ընտրվել է 13–ը։

«ԱՌԿԱ Style»-ը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։ -0-