Աստղեր

Երեք աղջիկ, երեք պայուսակ, հենց այսպես մի քանի բառով կարելի է նկարագրել Chanel–ի նոր գովազդային արշավը, որի դեմքերն են դարձել Վանեսսա Պարադին, Քրիսթեն Սթյուարթն ու Էլիս Դելլալը։ Հենց այս երեք գեղեցկուհիներին է Կարլ Լագերֆելդը վստահել ներկայացնել երկու կուլտային պայուսակների թարմացված տարբերակներն ու մեկ նորույթ, որը խոստանում է համալրել it-bags–ի շարքերը։ Այս երեք գեղեցկուհիներն առաջին անգամը չէ, որ համագործակցում են ֆրանսիական տան հետ, գրում է Woman.ru–ն։

Դասական 11.12 պայուսակը ցուցադրել է Քրիսթեն Սթյուարթը, ով, խոստովանում ենք, իսկապես անճանաչելի է դարձել։ Դերասանուհին, ով ներկայացել է հասարակ սպիտակ շապիկով, նեղ սև կիսաշրջազգեստով և սև պիջակով անսովոր տեսք ունի։ Գուցե գաղտնիքը նոր սանրվա՞ծքն է։

24–ամյա աստղը խոստովանել է, որ «մեծ պատիվ է համարում կրել Chanel և աշխատել Կարլ Լագերֆելդի հետ, ով, ինչպես իսկական նկարիչ, ոգեշնչում է բոլորին»։

Էլիս Դելլալը, ում 80–ամյա դիզայները կոչում է «նորաձև պանկ», կադրում ներկայանում է միայն մեկ զամշե վերնաշապիկով և Chanel Boy պայուսակով։ Հարկ է նշել, որ բրիտանացի it-girl–ն առաջին անգամը չէ, որ ներկայացնում է այս մոդելը ապրանքանիշի գովազդային արշավներում։

Նորաձևության կայսրն առանձնահատուկ վերաբերմունք ունի 42–ամյա Վանեսսա Պարադիի նկատմամբ (նա, ի դեպ, իրեն համարում է Պարադիի ամենահավատարիմ երկրպագուներից մեկը)։ Դիզայները հենց ֆրանսիացի դերասանուհուն է վստահել ներկայացնելու սեզոնի նորույթը` Chanel Girl–ը։

Կադրում նրբագեղ ֆրանսուհին ամբողջովին մերկ է։ Աստղի մերկ մարմնի վրա երևում է միայն Chanel–ի դասական մարգարտյա վզնոցն ու ծավալուն, փոստատարի պայուսակին փոքր–ինչ նման պայուսակը` դեկորով, որը նման է թվիդից կարված ժակետների նախշերին։ -0-