Աստղեր

LimitedRuns ամերիկյան կազմակերպությունը, որը զբաղվում է ռետրոպաստառների թողարկմամբ և ցուցահանդեսային գործունեությամբ, հրապարակել է Մերիլին Մոնրոյի մերկ լուսանկարը, որը մինչ օրս չէր հրապարակվել։ Ինչպես հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով The Daily Mail–ին, հանրությանը հայտնի էր այս լուսանկարի միայն սև–սպիտակ տարբերակը։ Լուսանկարն արվել է 1949 թվականին։

Հոլիվուդյան աստղի լուսանկարը մի շարք այլ հազվադեպ լուսանկարների և պաստառների հետ կցուցադրվի մի քանի շարժական ցուցահանդեսներում, որոնք ամռանն ու աշնանը կանցկացվեն Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Լաս Վեգասում, Չիկագոյում և Նյու Յորքում։   

Լուսանկարի հեղինակը Թոմ Քելին է, որն ավելի ուշ 900 դոլարով վաճառել է այն Golden Dreams օրացույցի համար։ Այդ ժամանակ ֆինանսական բարդ վիճակում գտնվող դերասանուհին նկարահանումների համար ստացել է ընդամենը 50 դոլար։ Ընդ որում` լուսանկարիչը նրան խոստացել է, որ երբեք չի բացահայտի Մոնրոյի անձը, և խնդրել է լուսանկարը մակագրել Մոնա Մոնրոյի անունով։ Ավելի ուշ դերասանուհին հայտնել է, որ Քելիի առաջարկն ընդունել է զուտ  հուսահատությունից, քանի որ կարծում էր, որ «լավ աղջիկները մերկ չեն նկարահանվում»։

1953 թվականին Մոնրոյի այդ լուսանկարը զարդարել է Playboy ամսագրի առաջին համարի շապիկը։

Ավելի վաղ հայտնի էին այդ լուսանկարի գունավոր տարբերակները, սակայն դրանք բոլորը գունավորված էին, այն դեպքում, որ LimitedRuns–ում հրապարակված լուսանկարը տպվել է բնօրինակից։ Հատուկ տեխնոլոգիաներ կիրառելու շնորհիվ լուսանկարը պահպանել է իրական գույները, որոնք հնարավոր չէր ստանալ արհեստական գունավորման միջոցով։ -0-