Աստղեր

«ՎԿոնտակտե» սոցցանցի MDK հայտնի խումբը ցինիկ գրառում է հրապարակել հունիսի 16–ի գիշերը մահացած Ժաննայի Ֆրիսկեի մասին։ Ժպտացող Ֆրիսկեի պատկերով գրառման հեղինակները տեղադրել են երգից փոփոխված մեջբերում` «Малинка» («ազնվամորի») բառը փոխարինելով «могилка» («գերեզման») բառով` «А я ни разу не была в могилке до этого дня, точнее до вечера» («Մինչ օրս, ավելի ճիշտ` մինչև երեկ, երբեք չեմ եղել գերեզմանում»)։ 
 
Change.org կայքում հայտնվել է խնդրագիր, որտեղ պահանջվում է հարուցել քրեական կամ վարչական գործ MDK խմբի ադմինիստրացիայի դեմ, հաղորդում է Cosmo.ru–ն։ 

«Այս խմբում հաճախ են հնչում բռնության կոչեր և վիրավորանքներ մարդկանց հասցեին։ Որևէ բարոյական սկզբունք չունեցող այս խմբի ադմինիստրատորները հրապարակել են լուսանկար, որտեղ որոշել են «կատակել» հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվան թեմայով», – նշվում է խնդրագրում։ 

Խնդրագիրը պաշտոնապես ուսումնասիրելու համար հարկավոր է հավաքել 15 հազար ստորագրություն։ Այս պահին խնդրագիրը ստորագրել է ավելի քան 94 հազար մարդ։ -0-