Աստղեր

Բագրատ անունով մոսկվացին մի քանի օր շարունակ Երևանում հետապնդել է ռեփեր, երաժիշտ և դերասան Քանյե Ուեսթին Yeezy Boost մարզակոշիկների վրա ինքնագիր ստանալու համար, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Complex–ին։ Հիշեցնենք, որ այդ մարզակոշիկները Ուեսթը թողարկել էր Adidas–ի հետ համագործակցության արդյունքում։ 

Բագրատը պատմել է, որ երբ է իմացել է` Ուեսթն ու նրա կինը` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, մեկնում են Հայաստան, ինքը նույնպես մեկնել է Երևան։ 

Ռեփերին մոտենալու առաջին երկու փորձերը անհաջողությամբ են պսակվել։ Սկզբում Ուեսթն անտեսել է Բագրատի խնդրանքը, երբ տղամարդը հայտնվել է «Ծանոթություն Քարդաշյանների հետ» ռեալիթի–շոուի դրվագի նկարահանման հրապարակում։ Ավելի ուշ երաժիշտն անտեսել է նաև հյուրանոցի մոտ հավաքված երկրպագուներին։ 

Երբ Բագրատի ծանոթներից մեկը նկատել է, որ Ուեսթն ու Քարդաշյանը ճաշում են երևանյան ռեստորաններից մեկում, երկրպագուն փորձել է ներխուժել ռեստորանի տարածք։ Տղամարդը պատմել է, որ գործի է դրել «ընտանեկան կապերը», ինչից հետո անվտանգության աշխատակիցները նրան ներս են թողել, իսկ Ուեսթը ինքնագիր է թողել երկու զույգ Yeezy Boost մարզակոշիկների վրա։ 

Երկրպագուն մարզակոշիկների զույգերից մեկը վաճառքի է հանել K’lekt ինտերնետային ծառայությունում։ Գինը սահմանել է 10 հազար դոլար։ Complex–ը նշում է, որ մինչ օրս ընդամենը երկու դեպք է եղել, երբ Yeezy Boost մարզակոշիկի տիրոջը հաջողվել է դրանց դիզայնով զբաղված ռեփերի ինքնագիրը ստանալ: 

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը Երևան էին այցելել ապրիլին` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։ Ռեփերն անվճար համերգ էր կազմակերպել Կարապի լճին հարող տարածքում և համերգի ժամանակ ցատկել էր լիճը։ Որոշ հնարամիտներ լճից վերցված ջուրն այս պահին վաճառում են eBay–ում։ –0–