Աստղեր

Մահացել է անգլիացի դերասան Քրիստոֆեր Լին, որը հայտնի էր «Մատանիների տիրակալը», «Դրակուլա», «Հյուսած մարդը» ֆիլմերում խաղացած դերերով։ Այս մասին գրում է The Guardian–ը` հղում անելով սեփական աղբյուրին։

Նշված է, որ դերասանը մահացել է 93 տարեկանում Լոնդոնի Chelsea and Westminster Hospital հիվանդանոցում։ Telegraph թերթի տվյալով` սրտի անբավարարության և շնչուղիների հետ կապված խնդիրների պատճառով նա վերջին երեք շաբաթվա ընթացքում բժիշկների հսկողության տակ է եղել։

Դերասանի սիրտը կանգ է առել, ինչն էլ մահվան պատճառ է դարձել։

Քրիստոֆեր Լիի մահվան լուրը մի քանի օր անց հայտնելու որոշումը կայացրել է նրա կինը։ Նրանք շուրջ 50 տարվա ամուսիններ էին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դերասանը նկարահանվել է ավելի քան 250 ֆիլմում, որոնցից 69-ը սարսափ ֆիլմեր են եղել։

Քրիստոֆեր Լին ճանաչում է ձեռք բերել կոմս Դրակուլայի, Սարումանի, կոմս Դուկուի, Շերլոկ Հոլմսի, Ֆրանցիսկո Սկարամանգայի, Ռասպուտինի, կոմս Ռոշֆորի և մի շարք այլ դերերով։ Նա նաև Կատոյի դերն է խաղացել ռեժիսոր Վլադիմիր Գրամատիկովի «Միո, իմ Միո» (1987) ֆիլմում։ 

2009 թվականի հունիսին Քրիստոֆեր Լին ասպետ–բակալավրի կոչում է ստացել և կարողացել է օգտվել «սըր» տիտղոսից։-0-