Աստղեր

Լեգենդար ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը LifeNews-ին տված հարցազրույցում խոսել է առողջության և իր երգերի հանրահայտ լինելու գաղտնիքների մասին:

«Ես գտել եմ առողջության գաղտնիքը, բայց դեռ չեմ բացահայտել երիտասարդության գաղտնիքը, որը, ցավոք, մինչև օրս անհայտ է: Ուրեմն այսպես՝ պետք է չանել չափից շատ հիմարություններ, շատ չխմել, գինին խմել հաճույքով և միայն մեկ գավաթ, չհարբել: Ես երբեք չեմ ուտում ուտելիքն ամբողջությամբ, ուտում եմ ինձ մատուցած ուտելիքի միայն կեսը, ուշ երեկոյան ոչ մի տեղ չեմ գնում, ինձ չեք կարող գտնել որևէ գիշերային ակումբում»,- ասել է Ազնավուրը:

Ազնավուրը նաև պատմել է, որ թողել է ծխելը 47 տարի առաջ, իսկ մինչ այդ օրը 3 տուփ Gauloises էր ծխում:

Երգիչն իր երգերի հանրահայտ լինելու գրավականն է համարում լավ գրված տեքստերը։ Նա նշում է, որ ժամանակակից երգերը հիմնականում բառակույտից են կազմված: 

«Այդ «լա-լա-լա-լա»-ները կարող են հաջողությամբ փոխարինվել այլ բառերով: Այդ պատճառով էլ դրանք չեն մնում ո՛չ սրտում, ո՛չ գլխի մեջ»,- ասել է երգիչը:

Նա ավելացրել է, որ Լեո Ֆերրեի կամ Շառլ Տրենեի նման հեղինակների երգերը շատ հզոր բառերից են կազմված, այդ պատճառով էլ դրանք կապրեն հավերժ: -0-