Աստղեր

Հոլիվուդյան Փառքի պուրակը ևս մեկ աստղով է համալրվել։ Աստղ է ստացել կրկնակի օսկարակիր Քրիստոֆ Վալցը։ Հանդիսավոր արարության ժամանակ իրենց ընկերոջ կողքին են եղել Քվենտին Տարանտինոն և Սեմյուել Լ. Ջեքսոնը։

Քրիստոֆ Վալցի աստղը թվով 2536–րդն է Փառքի պուրակում, հայտնում է Kinopoisk.ru–ն։ 

Ելույթ ունենալով միջոցառմանը` Տարանտինոն Վալցին անվանել է «օրինակելի դերասան» և «իմ սիրելի ավստրիացին»։ Նրանք միասին աշխատել են երկու ֆիլմում` «Անփառունակ սրիկաները» (Inglourious Bastаrds) և «Ջանգոն ազատագրված»։ Երկու ֆիլմերն էլ դերասանին «Օսկար» են բերել երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար։ 

«Սիրտս պայթում է հպարտությունից,– պատմել է Քրիստոֆ Վալցը։ – Ես` որպես վիեննացի հասարակ մի տղա, անգամ ամենահամարձակ երազանքներում չէի էլ կարող պատկերացնել սա»։ 

Վալցի ֆիլմագրության մեջ տասնյակ եվրոպական նախագծեր են ընդգրկված, դրանց շարքում` անգլիալեզու աշխատանքներ։ Բացի Քվենտին Տարանտինոյի ֆիլմերից, առանձնանում են «Ջարդը», «Զերո թեորեմ», «Կանաչ ձիաբոռը» և «Ջուր փղերին» ֆիլմերը։ 

Հիմա դերասանին կարելի է տեսնել մեծ էկրանին «Անտանելի ղեկավարները» կատակերգությունում։ Նրա մասնակցությամբ հաջորդը կլինի Թիմ Բյորտոնի «Մեծ աչքեր» կենսագրական ֆիլմը, որի պրեմիերան ռուսական վարձույթում նախատեսված է հունվարի 15–ին։ Բոլորովին վերջերս Վալցն ավարտել է աշխատանքը Դևիդ Յեթսի «Տարզան» ֆիլմում, որի նկարահանման ընթացքում աշխատել է Սեմյուել Լ. Ջեքսոնի հետ։ -0-