Աստղեր

Ֆրանսիացի դաշնակահար, գործիքավորող, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիշար Քլայդերմանը ժամանել է Երևան։ Նա համերգներ կունենա մարտի 13-ին և 14-ին։ 

«Սա իմ առաջին այցն է Հայաստան։ Երջանիկ եմ, քանի որ իմ 35 տարվա երաժշտական կարիերայի ընթացքում առաջին անգամ եմ այս երկրում։ Շատ բան չգիտեմ Հայաստանի մասին և ուրախ եմ, որ երեք օր ունեմ ավելին իմանալու համար»,– երեկ երեկոյան լրագրողներին ասաց Քլայդերմանը։

Նա նշեց, որ ընկերություն է անում Փարիզում բնակվող հայ երաժիշտների հետ։

«Համերգներին կաշխատեմ հնարավորին չափ լավ ելույթ ունենալ։ Ստեղծագործությունների ողջ այն ցանկը, որը ներկայացնում եմ այլ երկրներում, կներկայացնեմ նաև հայ ունկնդրին։ Ես երջանիկ եմ նաև, որ հայ երաժիշտների հետ ելույթ ունենալու հնարավորություն եմ ստացել»,– ասաց նա։

Ռիշար Քլայդերմանը կոնսերվատորիա է ընդունվել 12 տարեկանում։ Նա աշխատել է Միշել Սարդուի, Թիերի Լը Լյուրոնի և Ջոնի Հոլիդեյի հետ։

Նրան աստղ է դարձրել համաշխարհային ճանաչում ստացած «Բալլադ Ադելինի համար» ստեղծագործությունը, որի հեղինակը Պոլ դը Սենևիլն է։ Ձայնագրության շուրջ 22 մլն օրինակ է վաճառվել աշխարհի ավելի քան 30 երկրում։ Քլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1200 երաժշտական ստեղծագործություն և թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ` 90 մլն օրինակ ընդհանուր քանակով։

Քլայդերմանի համերգները կանցկացվեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։ -0-