Թվում է, թե Քիմ Քարդաշյանը որևէ մեծ բացահայտում չի արել, չի նկարահանել լեգենդար ֆիլմ, չի թողարկել նորաձև հավաքածու, որն արժանի է ողջ աշխարհի քննադատների հիացմունքին, սակայն նրա անձի նկատմամբ հիացմունքն ու պաշտամունքը պարզապես ցնցող է։ Քիմը հայտնի է դարձել այն պատճառով, որ հրապարակային կերպով պատմում է իր կյանքի մասին ռեալիթի–շոուի միջոցով և մասնակցում է պրովոկացիոն ֆոտոշարքերին, սակայն անգամ նման ձեռքբերումների շնորհիվ միլիոնավոր երկրպագուներ պատրաստ են հետևել նրան ինչպես իրական կյանքում, այնպես էլ Instagram–ում։ 

Քիմի նկատմամբ տիեզերական սիրո հերթական ապացույցը գրանցվել է նախօրեին, երբ վաճառքում հայտնվել են նրա սելֆիներով «Selfish» գրքի սահմանափակ հրատարակության 500 նմուշները։ Բոլոր օրինակները վաճառվել են մեկ րոպեից էլ պակաս ժամանակում, հաղորդում է Hellomagazine.com–ը։ 

«Նկարներով գրքի» պաշտոնական վաճառքը կսկսվի միայն մայիսին, սակայն Gilt.com պորտալը Քիմի բոլոր երկրպագուների համար պատրաստել էր նվեր` առաջարկելով մի քանի բացառիկ նմուշներ։ Բնօրինակից դրանք տարբերվում են ոչ միայն նոր շապիկով, որի վրա Քիմը ներկայանում է կարմիր բիկինիով, այլ նաև անձամբ աստղի ինքնագրով։ Իրենց կուռքի գլուխգործոցի համար երկրպագուները վճարել են 60 դոլար։ -0-