Աստղեր

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Երևան դարձել է երկրում շարունակվող սոցիալական անկարգությունների կատալիզատորներից։ Այդ մասին The Daily Beast օնլայն պարբերականի հոդվածում գրել է ռուս լրագրող Աննա Նեմցովան։ Նյութում հեղինակը 34–ամյա հայտնի անձին անվանում է «Լեդի Ազատություն», ով 2015 թվականի ապրիլին կատարած իր այցով խթանել է հայկական մայրաքաղաքի բնակիչների փոփոխությունների ձգտումը։ 

Ռեալիթի շոուի աստղ, մոդել Քիմ Քարդաշյանն ապրիլի 8–ին ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի և իրենց փոքր դստեր` Նորթի և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ այցելել էին Երևան։ Այցի առիթը 2015 թվականին նշվող Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցն էր։

Քարդաշյանները նկարահանեցին «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի հերթական մասը, որը նվիրված է Քիմի արմատներին։ 

«Բազմաթիվ ստորջրյա հոսանքներ և գործոններ կային, սակայն ռեալիթի շոուի աստղի այցն ապրիլին օգնեց արթնացնել ժողովրդին», – գրում է Նեմցովան։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն մեկ շաբաթ շարունակ փակում են հայկական մայրաքաղաքի կենտրոնական պողոտան, որտեղ գտնվում են նախագահի նստավայրը, խորհրդարանը, սահմանադրական դատարանը և մի քանի դեսպանություններ։ Կիրակի օրը բազմահազարանոց ակցիայի կազմակերպիչները կոչ են արել մասնակիցներին` լքել պողոտան և վերադառնալ Ազատության հրապարակ, սակայն ցուցարարների մեծ մասը չի հեռացել։ -0-