Աստղեր

«Նվիրիր կյանք» հայկական բարեգործական հիմնադրամի հնգամյակի կապակցությամբ ռուս ճանաչված և սիրված դերասանուհի Չուլպան Խամատովան նախօրեին Երևանում հանդես է եկել «Այն ժամին, երբ հոգիներ ես մտնում» բարեգործական թատերական ներկայացմամբ։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հինգ տարի օգնում են «Նվիրիր կյանք» հիմնադրամին, օգնում են քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Ինձ համար երջանկություն է գիտակցել, որ դուք մեր կողքին եք, ես երախտապարտ եմ ձեզ»,– ասել է Խամատովան։ 

Մարինա Ցվետաևայի և Բելլա Ախմադուլինայի ստեղծագործություններով յուրօրինակ ներկայացումն ուղեկցվել է երաժշտական հետաքրքիր լուծումներով` Վերոնիկա Կոժուխովա (սաքսոֆոն) և Պոլինա Կոնդրատովա (դաշնամուր)։Ավելորդ է ասել, որ Խամատովան, ինչպես միշտ, ցնցող էր։ Երեք կանանց անպաշտպան կերպարներ` գրեթե մութ բեմում. Ցվետաևայի կենսագրական սուր արձակը և Ախմադուլինայի հուզիչ բանաստեղծություններն ընդմիշտ կմնան երևանյան հանդիսատեսի հիշողության մեջ։ 

Կոմպոզիտոր Մարինե Ալեսը` «Նվիրիր կյանք» հիմնադրամի հիմնադիրներից մեկը, պատմեց երեկոյան ներկայացման գաղափարի իր ընկալման մասին։ 

«Վերնագրում կա «հոգի» բառը։ Եվ ես այսպիսի օրինաչափություն նկատեցի` հիվանդ երեխաների վիճակը լավանում է այն ժամանակ, երբ ուրախություն է նրանց հոգում։ Ոչ մի բժիշկ չի կարողանում դա բացատրել։ Բայց դա ապացույց է, որ մեր ներաշխարհն ազդում է մեր առողջության վրա»,– ասաց Ալեսը։ 

Նա հույս հայտնեց, որ դրական էմոցիաները, մտքերը, զգացողությունները բեմից կփոխանցվեն դահլիճ և հանդիսատեսին հնարավորություն կտան ապրել ու ստեղծագործել այս բարդ կյանքում։ «Այս երեկոն մեր շնորհակալությունն էր բոլոր նրանց, ովքեր օգնում են հիվանդ երեխաներին»,– ասաց Ալեսը։

«Նվիրիր կյանք» հիմնադրամը, որը գործում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ստեղծվել է 2009 թվականին` Չուլպան Խամատովայի և Դինա Կորզունի գլխավորած համանուն ռուսական հիմնադրամի օժանդակությամբ։ Հիմնական նպատակն է` օգնել ուռուցքային և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-