Աստղեր

Քեյթլին Ջենների մասին նորությունները, ում մենք բոլորովին վերջերս գիտեինք որպես Բրյուս Ջեններ, ստացվում են ամեն օր։ Այս անգամ հայտնի է դարձել նրա դեբյուտային գովազդային պայմանագրի, ինչպես նաև նրան «Արիության համար» հատուկ պարգև շնորհելու մասին, հաղորդում է Spletnik.ru–ն։

Page Six–ի տեղեկատվության համաձայն` MAC անվանի կոսմետիկ ապրանքանիշը պատրաստվում է Քեյթլինին համագործակցություն առաջարկել։ Ինսայդերները հաղորդում են, որ ապրանքանիշի ղեկավարությունն արդեն մի քանի անգամ հանդիպել է Ջենների հետ (ճիշտ է, չգիտենք, թե այդ ժամանակ Քեյթլինը Բրյուս էր, թե վերամարմնավորումն արդեն կատարվել էր)։

«Նրանք քննարկում են կողմ և դեմ կողմերը, որոշում, թե արդյո՞ք դա լավ գաղափար է։ Կան մարդիկ, ովքեր հիացած են այդ գաղափարով, շատերն էլ կասկածում են»,– պատմել է ինսայդերը վեճերի մասին, որոնք ընթանում են ընկերությունում։

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ պայմանագիրը կկնքվի, չէ՞ որ Ջոն Դեմսին` Estee Lauder ընկերությունների խմբի նախագահը, որին առնչվում է MAC–ը, այսպես է բնութագրել Vanity Fair–ի շապիկը Քեյթլին Ջենների հետ. «Ուղղակի ցնցող է, կուլտային, էպիկական, ավերիչ, համարձակ, գլամուրային»։

Նա հավելել է. «Նշանավոր մարդկանցից դեռ ոչ ոք նման համարձակ քայլ չէր կատարել` այդքան հրապարակավ, այդքան էլեգանտ ու շքեղ»։

Եթե բանակցությունները հաջող ավարտվեն, միսս Ջենները կանցնի Ռիկի Մարտինի, Էլթոն Ջոնի, Ռիհաննայի, Մայլի Սայրուսի, Լեդի Գագայի և Նիքքի Մինաժի հետքերով. նրանք բոլորը նախկինում ներկայացրել են MAC արտադրանքը։

Քեյթլինը կստանա նաև ESPY (Excellence in Sports Performance Yearly Award) հատուկ պարգև` լավագույն մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ, որը կկայանա հուլիսի 15–ին Լոս Անջելեսում։ Հնարավոր է, դա կլինի Քեյթլին Ջենների առաջին ելքը կարմիր գորգ, և իր Twitter–ում նա արդեն հրապարակել է պարգևը հանձնելու մասին նորությունը` ուղեկցելով այն զուտ կանացի մեկնաբանությամբ. «Ի՞նչ հագնել»։

Ինչ վերաբերում է մրցանակին, որը կհանձնեն Քեյթլինին, ապա այն կրում է «Արթուր Էշի անվան արիության համար պարգև» անվանումը։ Նախորդ տարիների դափնեկիրների շարքում են Նելսոն Մանդելան և Մոհամմեդ Ալին։ Արարողության կազմակերպիչների կարծիքով` նրանք մտադիր են նշել միսս Ջեններին «արիության համար, որով նա բացահայտել է տարիներ շարունակ թաքցրած ճշմարտությունը»։

Հիշեցնենք, որ կին դառնալուց առաջ Բրյուս Ջենները բավական հաջողված մարմնամարզիկ էր, նա 1976թ.–ի օլիմպիական չեմպիոն է տասնամարտում, 1975-1980 թթ. աշխարհի նախկին ռեկորդակիր` տասնամարտում։ -0-