Այս գիշեր Twitter-ի իր էջում ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի և հայազգի ֆոդոմոդել Քիմ Քարդաշյանը գրառում էր կատարել այն մասին, որ ամուսինը` հայտնի ամերիկացի ռեփեր, «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր Քանյե Ուեսթը, պատրաստվում է ելույթ ունենալ Կարապի լճին հարակից տարածքում։ 

Դեռևս ոչ ոքի չէր հաջողվել այդպես արագ այդքան մեծ թվով մարդկանց հավաքել Երևանի կենտրոնում։ Ուղիղ կեսգիշերին Կարապի լճին հարող տարածքը բազմամարդ էր, բոլորը սպասում էին աշխարհի ամենահայտնի ռեփերի ելույթին։ Անհավատալի էր, որ Կարապի լճում նման իրադարձություն է լինելու, ավելի քան մեկ ժամ մարդիկ սպասում էին իրենց կուռքին։ 

Վերջապես Քանյեն հայտնվեց` կատարելով իր ամենահին հիթերից մեկը` «Stronger»–ը։ Երկրպագուները ձայնակցում էին Քանյեին։ Սակայն ամենախենթ պահը դեռ առջևում էր։ Քանյեն անսպասելիորեն ցատկեց լիճը, երկրպագուները` նրա հետևից։ Բոլորը գրկախառնվում են իրենց կուռքի հետ, Քանյեն բոլորովին չէր ընդդիմանում։

Համերգն ավարտվեց, Քանյեն վերադարձավ հյուրանոց, իսկ Երևանի սովորական խաղաղ գիշերվա փոխարեն օդում դեռ երկար ժամանակ «սավառնում էին» հիացած երկրպագուների բացականչությունները` «Thank you, Kanye!»։

Ամուսնու համերգը հիացրել էր նաև Քիմին, և նա այդ մասին գրառում կատարեց Facebook–ի իր էջում։
«Ի՜նչ խենթ գիշեր էր։ Քանյեն արթնացրեց ինձ և ասաց, որ պատրաստվում է անվճար համերգ տալ Երևանում։ Ես արագ վրաս գցեցի մարզահագուստս, և մենք գնացինք։ Այնտեղ հավաքվել էին հազարավոր մարդիկ։ Քանյեն ցատկեց ջրի մեջ` լճի մյուս կողմում հավաքվածներին մոտ լինելու համար, և այնքան շատ մարդիկ ցատկեցին նրա հետևից։ Ես անհանգստացա, սակայն այս գիշերն այնքան գրավիչ էր ու խենթ։ Շատ երջանիկ եմ, որ Հայաստանում անցկացրած վերջին գիշերվա ընթացքում կարողացա այդպես ուրախանալ բոլորի հետ», – գրել է Քիմ Քարդաշյանը։

Իր տպավորությունների մասին է գրել նաև Քիմի մայրը` Քրիս Ջենները։ «Նա դա արել է Հայաստանում կազմակերպված չնախատեսված համերգի ժամանակ «Good life» երգը կատարելիս։ Քանյեն ցատկել է ջուրը», – գրել է Ջենները Facebook–ի իր էջում։ 

Մարդիկ շարունակում են սոցցանցերում հրապարակել այդ անմոռանալի համերգի լուսանկարներն ու տեսագրությունները։ 

Օտարերկրյա ԶԼՄ–ները նույնպես լուսաբանել են այս իրադարձությունը։ Ապրիլի 13–ին առաջատար լրատվամիջոցներն իրենց նորությունների ժապավենում են ներառել նաև Քանյեի երևանյան համերգի և նրա անհավանական ցատկի մասին լուրը։ 

Ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի, հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը Երևան էր ժամանել  ապրիլի 8-ին ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի և քրոջ` Քլոեի հետ։ Հայաստան այցելու պատճառ էր հանդիսացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։

Քարդաշյանները Հայաստանում նկարահանեցին նաև «Քարդաշյան ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված է Քիմի արմատներին։ -0-