Աստղեր

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ հայտնի հասարակական գործիչներ, գիտնականներ և ձեռներեցներ, որոնց թվում են Ջորջ Քլունին, Էլի Ուիզելը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, կազդարարեն 100 LIVES բարեգործական նախագծի և «Ավրորա» նոր միջազգային մարդասիրական մրցանակի հիմնումը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը:

100 LIVES նախագծի նպատակն է ուսումնասիրել ցեղասպանության խնդիրը, մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև գնահատել այդ իրադարձության հետագա ազդեցությունը երեք առանցքային ուղղություններով` եզրակացություններ անել անցյալից, հավաքել և 100LIVES.com կայքի շնորհիվ հասարակության սեփականությունը դարձնել ցեղասպանությունը վերապրած մարդկանց անհայտ պատմությունները, հարգանքի տուրք մատուցել ներկային «Ավրորա» նոր միջազգային մարդասիրական մրցանակի հիմնման միջոցով, որը կհանձնվի այն մարդկանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը մյուսներին փրկելու համար։ Մրցանակը կոչվել է Ավրորա Մարտիկանյանի անունով, ով վերապրել է ցեղասպանությունն ու փրկվել ռուսական բանակի մասնակցությամբ։ Նախագծի նպատակն է ստեղծել ավելի լավ ապագա` իրականացնելով Երախտագիտության նախագծեր կազմակերպությունների և համայնքների համար, որոնք 100 տարի առաջ կարևոր դերակատարություն են ունեցել հայերի փրկության գործում։

100 LIVES նախագիծը հիմնադրվել է միջազգային գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի, ինչպես նաև մարդասեր Վարդան Գրեգորյանի կողմից` ներկայացնելու համար Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչպես նաև այն, թե մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության և բիզնեսի ոլորտում որքան լուրջ ներդրում է հաջողվել կատարել ցեղասպանությունից փրկված մարդկանց և նրանց ընտանիքներին։

Փրկվածներին և փրկության գործում մասնակցած մարդկանց հարգանքի տուրք մատուցելուց բացի, ծրագրի շրջանակում կհիմնվի «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը։ Սա աջակցության միջոց է նրանց, ովքեր այսօր վտանգում է իր կյանքն ուրիշներին փրկելու համար։ 1 մլն դոլարի չափով ամենամյա դրամաշնորհը կհանձնվի այն թեկնածուին, ով իր հերթին կտրամադրի միջոցներ կազմակերպությանը, որը ոգեշնչել է նրան նման քայլեր կատարելու համար։

«Ավրորա» մրցանակը կհամախմբի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջատար գործիչների, որոնց թվում են օսկարակիր Ջորջ Քլունին, Խաղաղության նոբելյան մրցանակակիրներ Էլի Վիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով խորհրդական Գարեթ Էվանսը, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի իրավապաշտպանների գործերով նախկին հատուկ ներկայացուցիչ, աշխարհահռչակ իրավապաշտպան Հինա Ջիլանին և Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ովքեր կդառնան կարգադիր կոմիտեի անդամներ։ Ջորջ Քլունին կհանձնի մրցանակը 2016 թ.–ի ապրիլի 24–ին Երևանում նախատեսված արարողության ժամանակ։

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել 100 LIVES նախագծին, քանի որ այն իմ Not On Our Watch հիմնադրամի հետ ընդհանուր առաքելություն ունի` գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը ցեղասպանության հետևանքների նկատմամբ, ինչպես նաև ջանք գործադրել աշխարհում դաժանության բազմաթիվ դրսևորումներին վերջ դնելու համար», – ասում է Ջորջ Քլունին։ «Մենք բոլորս պետք է մտահոգվենք, որ այսօր աշխարհում դեռևս գրանցվում են ցեղասպանության դրսևորումներ։ Մենք բոլորս` որպես անհատ, որպես հանրություն և պետություն, պետք է պայքարենք նման երևույթների դեմ»։

Ջորջ Քլունին կդառնա այդ մրցանակի կարգադիր կոմիտեի համանախագահը մարդու իրավունքների հայտնի պաշտպան և Հոլոքոստի հարցերով ամերիկյան խորհրդի նախագահ Էլի Վիզելի հետ միասին։ Կոմիտեի մյուս անդամների անունները կհրապարակվեն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում։ Նրանք կներկայացնեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձն աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում։ -0-