Աստղեր

Ամերիկացի դերասան Ջոննի Դեփի և ֆրանսիացի երգչուհի Վանեսսա Պարադիի  աղջիկը դարձել է Chanel–ի դեմքը, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով Fashionista–ին։ 16-ամյա Լիլի–Ռոուզ Դեփը գովազդելու է նորաձև ապրանքանիշի արևային ակնոցների հավաքածուն նոր աշուն–ձմեռ արշավում։

Ինչպես նշում է աղբյուրը, Դեփի և Պարադիի աղջկան Chanel–ի գովազդի համար ընտրել է անձամբ ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը։   «Լիլի–Ռոուզը հիասքանչ է, նա նոր սերնդի երիտասարդ աղջիկ է, որն ունի աստղի բոլոր հատկանիշները»,– ասել է Լագերֆելդը, ով գովազդային ֆոտոշարքի հեղինակն է։ 

Վանեսսա Պարադին Լագերֆելդի վաղեմի ընկերն ու մուսան է, հիշեցնում է Fashionista–ն։ Բացի այդ, 1990 թվականից ֆրանսուհին նաև գովազդել է Chanel նորաձևության տան արտադրանքը։

Լիլի–Ռոուզն առաջին անգամ պաշտոնապես ներկայացել է  2015 թվականի ապրիլին Chanel–ի ցուցադրությանը մայրիկի հետ։ Նույն ամսում աղջիկն առաջին անգամ նկարահանվել է Oyster ամսագրի ֆոտոշարքում։ Այդ ժամանակ էլ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Լիլի–Ռոուզը հոր ուղին է ընտրել` որոշելով դառնալ դերասանուհի. նա ընտրվել էր Yoga Hosers ֆիլմի գլխավոր դերի համար: Ֆիլմի դրվագներից մեկում կհայտնվի նաև Ջոննի Դեփը։ -0-