Աստղեր

Ցանցահենները համացանցում հրապարակել են ամերիկացի կինոպրոդյուսեր Սքոթ Ռուդինի և Sony Pictures ընկերության համանախագահ Էմի Պասկալի նամակագրությունը։ Նրանք խոսել են Անջելինա Ջոլիի մասին։ Ռուդինը գրել է, որ դերասանուհու հետ երբեմն շատ դժվար է աշխատել և նրան «անտաղանդ ու շփացած» է որակել։ Այդ մասին գրում է «Комсомольская правда»-ն:

Բանավեճի թեմաներից մեկն էլ եղել է «Սթիվ Ջոբս» ֆիլմը, որը նախապես պետք է նկարահաներ Sony–ն, սակայն այն արդեն փոխանցվել է Universal Pictures ընկերությունը։ Անջելինա Ջոլին դեմ էր, որ Դևիդ Ֆինչերը լիներ այդ ֆիմի ռեժիսորը։

Այդ կապակցությամբ Պասկալը դիմում է Ռուդինին, որ խոսի Ջոլիի հետ։ Ռուդինը պատասխանում է, որ «դրա վրա ժամանակ չի ուզում վատնել»։ Ըստ Variety–ի` Ռուդինը գրում է. «Լավ կլինի` խնդրես, որ նա լռի, քանի դեռ չի փչացրել Ֆինչերի աշխատանքը»։

Միաժամանակ ոչ վաղ անցյալում Անջելինա Ջոլին հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ առաջիկայում կավարտի դերասանական կարիերան։ Դերասանուհին ամսագրերից մեկին ակնարկել էր, թե դեմ չի լինի զբաղվել քաղաքականությամբ։-0-