Աստղեր

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Ջեյմի Դորնանը, հերքել է մամուլի ենթադրություններն այն մասին, որ ինքը կնոջ պատճառով հրաժարվել է մասնակցել ֆիլմի շարունակության նկարահանումներին, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Express անգլիական թերթին:

Դերասանի ներկայացուցիչը մամուլի հայտարարություններն անվանել է ասեկոսեներ և ենթադրություններ, քանի որ Universal Pictures ստուդիան պաշտոնապես դեռ չի էլ հայտարարել ֆիլմի շարունակության մասին:  

Ավելի շուտ ավստրալիական NW ամսագրում տպագրվել է մի տեղեկություն, թե Դորնանը կհրաժարվի նկարահանվել «Մոխրագույնի 50 երանգների» հաջորդ մասում, քանի որ դերասանի կինը՝ Ամելին, դեմ է: Ամսագիրը հղում էր անում մասնավոր աղբյուրին:

«Ջեյմին ասել է, որ ֆիլմը օգնել է իր կարիերայի վերելքին: Նա փորձել է հասկացնել Ամելիին, որ իրենց ամուսնությանը ոչինչ չի սպառնում, բայց աշխարհի տարբեր ծայրերի կանայք խելքահան են լինում իր համար: Նա դեռ չի նայել ֆիլմը և չի էլ կարծում, որ կդիտի», -պատմել է աղբյուրը ամսագրին:

Աղբյուրը նաև նշել է, որ Դորնանի և նրա զուգընկերուհու՝ Դակոտա Ջոնսոնի միջև ոչ մի «քիմիական ռեակցիա» չի առաջացել, ինչի հետևանքով էլ Դորնանը շատ դժվարությամբ է կարողացել աշխատել:

Ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը հաստատել է, որ արդեն մեկնարկել են «50 երանգով ավելի մուգ» և «Ազատության 50 երանգները» ֆիլմերի աշխատանքները, սակայն այդ աշխատանքները հետաձգվում են, քանի որ անհամաձայնություն է առաջացել գրքի հեղինակի և ռեժիսորի միջև:

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը մեծ էկրաններին է հայտնվել փետրվարի 12-ին: Այն հիմնված է բրիտանացի գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսի` 2011 թվականին հրատարակված համանուն գրքի վրա: -0-