Աստղեր

Գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար Զախար Պրիլեպինի ստեղծագործություններն արդեն թարգմանվել են 22 լեզվով։ Ներկա պահին նրա վեպերից մեկը թարգմանվում է հայերեն։ Ռուս հայտնի գրողը համաձայնել է պատասխանել «ԱՌԿԱ Style»-ի հարցերին։

— Ձեր, ինչպես նաև Ձեր հասարակական ու գրական գործունեության մասին կարծիքները շատ տարբեր են։ Ձեզ անվանում են և՛ «նոր Գորկի», և՛ «արմատական գրող»։ Ինչու՞, ի՞նչ եք կարծում։ 

Պրիլեպին — Կարծում եմ, որ յուրաքանչյուր գրող երբևէ հումանիստի, բոլոր երեխաների ու կենդանիների բարեկամի կարգավիճակ չունի։ Ցանկացած գրականություն չափազանց բարդ բաների մասին է։ Ասել այն մասին, որ գրականությունը պետք է պատշաճ, խորը բարոյական լինի, ինչպես օճառաջուրը, նշանակում է ժխտել գրականությունը։ Գրականությունը միշտ համոզմունքների, հայացքների բախում է, ծայրահեղականության սահմանին գտնվող մի բան։

— Դուք ազգային–բոլշևիկ կուսակցության անդամ եք։ Ձեզ չի վախեցնում անվանումը, չէ՞ որ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո բոլշևիկյան կուսակցությունը վարկաբեկվեց։ 

Պրիլեպին — Բանն այն է, որ ես ազգայնամոլ չեմ, ես, ամենայն հավանականությամբ, դեմ եմ ռուս ազգայնամոլներին և նրանց հետ մշտական երկպառակության, վեճի և դիմակայության մեջ եմ գտնվում։ Ես նրանց հետ շատ քիչ ընդհանուր բան ունեմ։ Ազգային–բոլշևիկյան կուսակցությունը, որպես գաղափարախոսություն, ստեղծվել է 1922–23 թթ.–ին ռուս փիլիսոփա Նիկոլայ Ուստրյալովի կողմից։ Նա ազգային–բոլշևիզմի հանել է Ալեքսանդր Բլոկի, Սերգեյ Եսենինի, Ալեքսեյ Տոլստոյի ռուսական գրականությունից։ 1994 թ.–ին շատերի մոտ սխալ ասոցիացիաներ հայտնվեցին։ Հիմա այդ կուսակցությունը կոճվում է «Ուրիշ Ռուսաստան»։ 

— Ծանո՞թ եք հայկական գրականությանը։ Որպես անթոլոգիա ստեղծողներ` Ձեզ չի գրավու՞մ հայ ժամանակակից գրողների և բանաստեղծների թարգմանությունների անթոլոգիայի ստեղծման գաղափարը։ 

Պրիլեպին — Զուտ հիպոթետիկ։ Չեմ կարող ասել, որ հայկական գրականության մասնագետ եմ։ Ընթերցել եմ հայ գրողների ստեղծագործությունները դեռ երիտասարդ ժամանակ` լինելով բանասիրական ֆակուլտետի ուսանող։ Շատ հզոր բանաստեղծ է Սիամանթոն, ծանոթ եմ Հակոբ Հակոբյանի, Հովհաննես Թումանյանի, Դանիել Վարուժանի ստեղծագործություններին։ Սակայն հայկական գրականության մասին իմ պատկերացումը սահմանափակվում է Արծաթե դարաշրջանով։ 

— Դուք մի անգամ ասել եք, որ գրողն աղբ արտադրելով է դառնում նյութապես անկախ։ Դուք նյութապես ապահովվա՞ծ եք։ 

Պրիլեպին — Ոչ, ես կատակել եմ։ Նշանակություն չունի, թե ինչ եմ ասել հարցազրույցի ժամանակ։ Ռուսաստանում ամենահարուստները «կանանց համար նախատեսված վեպեր» գրողներն են։ Չեմ կարող ասել, որ նրանք միայն աղբ են արտադրում։ Դոնցովան և Շիլովան ավելի շատ են վաստակում, քան Ակուինինը։ Սա անհաղթահարելի իրավիճակ է։ Պարադոքս է. իմ վերջին վեպը` «Օթևանը» Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդեն մեկ տարի է` ամենավաճառվող գիրքն է։ Սակայն Ռուսաստանում ես զիջում եմ կանանց համար նախատեսված վեպերին։ Չնայած եթե չունենայի չորս երեխա, կկարողանայի ապրել միայն գրականությունից ստացված եկամուտով։ 

— Դուք տարբեր վայրերում եք աշխատել, եղել եք անվտանգության աշխատակից, ծառայել եք Հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանման հրամանատարի պաշտոնում, 1996 և 1999 թթ.–ին մասնակցել եք Չեչնիայում տեղի ունեցած ռազմական գործողություններին։ Հետո միայն, ինչպես գրում են Ձեր ինքնակենսագրերը, նյութական պայմանները բարելավելու համար զբաղվել եք լրագրությամբ։ Կյանքի և մասնագիտական հարուստ փորձը Ձեզ դարձրել են գրո՞ղ, թե՞, հոգով լինելով ստեղծագործ մարդ, Դուք փորձ եք ձեռք բերել։ 

Պրիլեպին — Առաջին տարբերակը։ Վեց տարի աշխատել եմ Հատուկ նշանակության ջոկատում, զբաղվել տարբեր գործունեությամբ, ծնվեցին երեխաներս։ Սկսեց գումարս չբավարարել։ Ես հաստատ չէի պատրաստվում գրող դառնալ։ Երբ 30–ամյակիս նախաշեմին սկսեցի գրել առաջին վեպս, կարծում էի, թե այն կլինի իմ միակը։ Պարզապես ուզում էի ծառ տնկել, տուն կառուցել, գիրք գրել։ Իսկ հետո անսպասելիորեն պարզվեց, որ այդ ամենը կարող է գումար բերել։ Ես հոգով գրող չէի։ Այո, երիտասարդ ժամանակ գրել եմ բանաստեղծություններ և ընթերցել շատ պոեզիա։ Երևի այդ ժամանակ հիմք է դրվել որոշակի զգացողություն, լեզվական ժառանգություն։ Իսկ հետո տարիներ անց այդ ամենը վերաճեց գրելու ունակության։ 

— Դուք նշել էիք, որ սկսել եք գրել «վեպ սիրո մասին, սակայն աստիճանաբար այն վերածվել է Չեչնիայի մասին վեպի` որպես կյանքիս ամենաուժեղ փորձ, ինչպես ասվում է, ինչ անում ես, մեկ է Կալաշնիկովի ինքնաձիգ է ստացվում»։ Ինչու՞, Ձեզ չի՞ հետաքրքրում գրել սիրո մասին։ 

Պրիլեպին — Ոչ, ինձ շատ է հետաքրքրում գրել սիրո մասին։ Իմ վերջին վեպը` «Օթևանը», որը հուսով եմ կթարգմանվի հայերեն, սիրո մասին է։ Հուսով եմ, որ այնտեղ լավ է ստացվել և′ կնոջ կերպարը, և′ սիրային գիծը։ Ըստ էության, դա միակ բանն է, ինչի մասին ինձ հետաքրքիր է գրել։ Հատկապես տղամարդու և կնոջ միջև սիրո մասին։ Պատերազմի մասին արդեն շատ բան եմ գրել։ 

— 2011 թ.–ից Դուք սկսել եք զբաղվել նաև երաժշտական գործունեությամբ։ Գրականության շրջանակները չափազանց նեղացել՞ էին։ 

Պրիլեպին — Դա մարդկանց, էներգիայի հետ աշխատանքի ամբողջովին այլ ձևաչափ է։ Այս ամենը շատ է ոգևորում։ Համեմատում եմ դա Հատուկ նշանակության ջոկատում աշխատանքիս հետ։ Ինձ չէր բավարարում ուրախ տղամարդկային դրայվը։ Բացի այդ, ես խենթ երաժշտամոլ եմ։ Ցանկանում էի որոշ բան ինքնուրույն վերարտադրել։ Իմ մահացու թիմի հետ ստեղծեցինք «Որսորդը» ալբոմը, որից չափազանց գոհ եմ։ Առաջիկա տարում ես, միգուցե, խոսելու փոխարեն արդեն երգեմ։ 

— 2012 թ.–ից Դուք զբաղվել եք դերասանական գործունեությամբ։ Ընդ որում ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը բարձր է գնահատել Ձեր տաղանդը։ Ի՞նչն է բերել Ձեզ կինո։ 

Պրիլեպին — Ոչինչ չի բերել։ Ինձ պարզապես ժամանակ առ ժամանակ առաջարկում են նկարահանվել, և ես, խուլիգանությունից ելնելով, զբաղվում եմ դրանով։ Ես, իհարկե, դերասան չեմ, սակայն մյուս կողմից ինձ հաջողվում է բավականին դյուրին ներկայացնել այս կամ այն կերպարը։ Մարմնավորել են տաքսիստի, մարդասպանի, բանաստեղծի կերպարներ։ Ինձ այդ հարցում հատուկ վերաբերմունք է ցուցաբերվում, քանի որ չեն ստիպում անգիր անել տեքստը։ Ես այն ընթացքում եմ հորինում։ Ինձ այդ ամենը զվարճացնում է, քանի որ սա նոր փորձ է։ 

— Հաճախ եք հումանիտար առաքելության նպատակով այցելում Ուկրաինայի հարավ–արևելք։ Այդ ամենն արտացոլվու՞մ է Ձեր ստեղծագործություններում, ինչի՞ վրա եք հիմա աշխատում։ 

Պրիլեպին — Հիմա ոչինչ չեմ գրում։ Լիցքավորվում եմ տարատեսակ էմոցիաներով։ Գրականությունը չի ստեղծվում սկզբունքով` գնացիր, տեսար և միանգամից գրեցիր։ Ես ապրել եմ Դոնբասում ընդհանուր առմամբ երկու–երեք ամիս, սակայն դրա մասին չեմ գրելու, քանի որ պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի այդ ամենը հանդարտվի գլխումս։ Ես Չեչնիայի մասին սկսեցի գրել տասը տարի հետո։ Ես չեմ գրում «փոքրի հոդվածներ պատուհանից»։ Հիմա զբաղվում եմ երաժշտությամբ և հրապարակախոսությամբ։ 

– 2015 թ.–ի ապրիլին «Օթևան» ձեր վեպը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ամենավաճառվող գրքերի վարկանիշում` Pro-Books.ru կայքի տվյալներով։ 2014 թ.–ի հոկտեմբերին դուք ներառվել եք տարվա հարյուր մարդկանց ցանկում` «Ռուսկի ռեպորտյոր» ամսագրի տվյալներով։ Նոյեմբերին զբաղեցրել եք ութերորդ հորիզոնականը Սոցիալ–տնտեսական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կազմած Ռուսաստանի ամենահեռանկարային քաղաքական գործիչների ցանկում։ 2015 թ.–ի ապրիլին Դուք արդեն հայտնվել եք նմանատիպ ցանկի հինգերորդ հորիզոնականում։ Կյանքը հաջողվե՞լ է։ 

Պրիլեպին — Այս ամենը շատ ակնթարթային է։ Ես չէի փնտրում այդ հորիզոնականը վարկանիշում։ Գիրքը չի կարող միշտ հայտնի լինել։ Որոշակի կարգավիճակի հասնելու համար շատ ժամանակ է հարկավոր։ Ես գոհ եմ, որ մայրս գոհ է։ Նա հավաքում է հոդվածներ, ռեպորտաժներ, ֆիլմեր։ Մնացած ամեն ինչը կարող է հեռացնել միջանցուկ քամին։ -0-