ArmStyle

Հայաստանում և Եվրոպայում հայտնի դիզայներ Վահան Խաչատրյանը (Vahan Khachatryan) «ԱՌԿԱ Style»–ն պատմել է իր ապրանքանիշի, այս օրերին Երևանում անցկացվող ցուցահանդեսի, նոր հավաքածուի մասին, ինչպես նաև փորձագիտական գնահատական է տվել Քիմ Քարդաշյանի զգեստներին, ով վերջերս  այցելել էր Երևան և բուռն քննարկումներ էր առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում։ 

– Vahan Khachatryan ապրանքանիշը դա….

– ….երկու տարի առաջ ստեղծված ապրանքանիշ է։ Մինչև վերջին սեզոնը մենք հիմնականում աշխատում էինք «Haute couture» ուղղվածությամբ և պատվերով` յուրաքանչյուր սեզոն կազմակերպելով ցուցադրություններ։ Վերջին սեզոնին մի փոքր փոխվեց ուղղվածությունը, մենք ստեղծեցինք «prêt-à-porter» հավաքածուն։ 

– Հիմա Երևանում կազմակերպված «Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը դա…

– …իմ կողմից Կիևում և Երևանում ներկայացված «Աշուն-ձմեռ 2015» հավաքածուի զգեստներն են։ Ցուցահանդեսն անցկացվելու է ապրիլի 11–26–ը։ Անցկացման նպատակն է արտերկրից այցելող հյուրերին ներկայացնել հայկական մանրանկարչական արվեստի իմ մեկնաբանությունը։ 

– Ձեր «Աշուն–ձմեռ 2015» հավաքածուն դա… 

– …վառ գույներ են, ինչն առաջին հերթին կարող է տարօրինակ թվալ։ Սակայն հավաքածուում ներկայացված են ինչպես երեկոյան զգեստներ, այնպես էլ վերարկուներ։ Հավաքածուի առանձնահատկությունը կտորների վրա արված նախշերն են, որոնք ստեղծվում են մեր հատուկ պատվերով Իտալիայում։ Դրանք մեր բացառիկ կտորներն են, որոնց վրա աշխատանքի համար պահանջվում է ավելի երկար ժամանակ, քան հավաքածուն ստեղծելը։ 

– Հավաքածուն, որի վրա հիմա աշխատում եք, դա…

–…«Գարուն–ամառ 2016» հավաքածուն է։ Մենք դեռ սկզբնական փուլում ենք գտնվում։ Ես ձեռնպահ կմնայի ժամանակից շուտ ինչ–որ բան ասել նոր հավաքածուի մասին։ Նախընտրում եմ դա անել հավաքածուն ներկայացնելուց հետո։ 

– Լինել նորաձև, հագնվել` ըստ նորաձևության Ձեզ համար նշանակում է … 

– ….. ունենալ սեփական ոճը։ Այսօր եթե թույլ են տալիս միջոցները, բավականին հեշտ է նորաձև լինել, սակայն լինել նորաձև և ունենալ սեփական ոճ` տարբեր բաներ են։ Սեփական ոճն ունեցող կինն անգամ մեծ միջոցների բացակայության դեպքում կարող է ավելի լավ տեսք ունենալ, քան ավելի ապահոված կինը, որը չունի սեփական ոճ։ Անհրաժեշտ է պահպանել ոսկե միջինը, այսինքն` կանայք, որոնք զգում են ոճն ու հնարավորություն ունեն օգտվել դիզայներների առաջարկներից, կարող են զուգադրել հինը նորի, թանկարժեքը մատչելիի հետ և բավականին արժանավայել տեսք ունենալ։  

– Ոճի կուռքը Ձեզ համար…

– … դիզայներ Վիկտորյա Բեքհեմն է։ Ես երկար ժամանակ հետևում եմ նրա ոճի փոփոխություններին։ Շատ հետաքրքիր է, երբ մարդը գրանցում է առաջընթաց, փոխվում է, աճում։ Կարևոր է, երբ մարդը չի հետևում կարծրատիպերին, մշտապես որոնումների մեջ է։ 

– Քիմ Քարդաշյանի զգեստները, որոնցով նա ներկայանում էր Հայաստանում, մասնավորապես կարմիր զգեստը, որը նա կրում էր Ծիծեռնակաբերդում, դա…

– … բավականին արդարացված խորհրդանիշ է։ Եվ եթե դա առիթ տվեց մամուլում ևս մեկ անգամ բարձրաձայնել Հայոց ցեղասպանության թեման, ապա ինձ թվում է, որ դա շատ լավ է։ Զգեստը բավականին տեղին էր, այնտեղ ոչ մի գռեհիկ բան չկա, ավելին, եթե այն խորհրդանշում է արյան գույնը։ Կարծում եմ, որ նա պատահական չէ ընտրել այդ զգեստը։ Եթե մենք ուշադրություն դարձնենք այն փաստին, թե ինչպես է Քարդաշյանը հագնվել Հայաստանում գտնվելու մյուս օրերին, ապա կնկատենք, որ նրա զգեստները բավականին զուսպ էին։ 

– Ի դեպ, միջազգային մամուլը նաև գրել է, որ Հայաստանում մենք տեսանք նոր, ավելի համեստ Քիմ Քարդաշյան։ Քիմ Քարդաշյանը Հայաստանում…

– …կոստյումների` մանրամասն մտածված ընտրություն է։ Մենք ավելի վաղ միշտ նրան տեսնում էինք Նորաձևության շաբաթներին, կարմիր գորգերին։ Բնական է, որ այն առիթը, որով նա եկել էր Հայաստան և այն վայրերը, որն այցելել էր, պարտադրում էին նրան կրել այլ ոճի հագուստ։ Նա դա գիտակցում էր և շատ տեղին էր հագնվում։ 

– Հայկական շոու–բիզնեսից Վահան Խաչատրյանի հայտնի հաճախորդներն են…

– … գրեթե ողջ հայկական շոու–բիզնեսը, մասնավորապես` Սիրուշոն, Էմմին, Լուսինե Թովմասյանը, Նազենի Հովհաննիսյանը և շատ ուրիշներ։ 

Ցուցահանդեսի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-