«1915» հոգեբանական ֆիլմը ժամանակակից պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկի` Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին է։ «1915»–ը Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի համատեղ աշխատանքն է, որը նկարահանվել է Լոս Անջելեսում։ «1915»–ը պատմում է գլխավոր հերոսի վտանգավոր և վիճելի առաքելության մասին. նա պետք է վերակենդանացնի մոռացված վիշտը։ Ֆիլմը կարևոր դերակատարություն կունենա այն գլոբալ շարժման մեջ, որի նպատակն է լույս սփռել բոլոր ցեղասպանությունների վրա, որոնք իրականացվել են նախորդ հարյուրամյակում։ 

Ֆիլմի ժանրի, գաղափարի և ցեղասպանության հոգեբանական կողմի մասին «ԱՌԿԱ Style»–ի հետ է խոսել Կարին Հովհաննիսյանը։

— Ինչու՞ եք ընտրել հոգեբանական թրիլլերի ժանրը։ Ինչպե՞ս ծագեց ֆիլմի գաղափարը։

Կարին — 1915-ին մեր նախնիներին սպանեցին: Մեր եկեղեցիներն ավերեցին: Մեր տները քանդեցին: Մենք գիտենք այդ մասին և պետք է շարունակենք խոսել այդ մասին: Բայց ցեղասպանության պատմությունը, իհարկե, այդտեղ չի ավարտվում: Այն, ինչ տեղի ունեցավ 15-ին, մի ստվեր գցեց մեր ժողովրդի վրա: Մեր ֆիլմը այդ ստվերի մասին է, այդ ստվերից ազատվելու մասին: Այդ պատճառով էլ` հոգեբանական թրիլլեր:

— Ինչպե՞ս է սփյուռքահայերի նոր սերունդը ընկալում 1915 թվականը։ Որպես ծանր բե՞ռ։ Ի՞նչ է այդ թվականը քո ընտանիքի համար։

Կարին — Բեռ, այո՛: Բայց նաև մարտահրավեր, որ մեր կյանք քաջ ու հետաքրքիր լինի: Ինչո՞ւ ոչ, նաև ազատություն կա այն մտքում, որ մենք պիտի վաղուց մեռած լինեինք: 

— Ֆիլմը բեռից ազատվելու կամ պատմությունը վերաիմաստավորելու փո՞րձ է։

Կարին — Երկուսն էլ, իհարկե: Բայց փորձ է նաև ավելի կատարյալ ստրուկ դառնալու: Ստվերից դուրս կյանքը ինձ համար դժվար է պատկերացնել:

«1915» ֆիլմի երաժշտության հեղինակը հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «Գրեմմի» մրցանակակիր, «System of a Down» ռոք–խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն է։

Ֆիլմի պրոդյուսերը Թերի Լեոնարդին է, սցենարի հեղինակներն ու ռեժիսորներն են Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանը, դերերում հանդես են գալիս Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սեմ Փեյջը, Նիկոլայ Կինսկին և Ջիմ Փիդոքը։ 

Հայաստանում ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ -0-