Աստղեր

Ցերեկը` ավտոբուսի ղեկին, երեկոյան` բլյուզի աշխարհի ամենապայծառ աստղերից մեկը։ Եվ այդպես 21 տարի շարունակ բլյուզմեն Տորոնզո Քեննոնն իր գեղեցիկ ձայնը և կիթառի սուր նվագն է նվիրում մարդկանց։ Արդեն մի քանի օր բլյուզի վարպետի ֆեյսբուքյան էջում տիրում է հայկական մթնոլորտ` հայ երաժիշտների ու լրագրողների, հայկական եկեղեցիների, Գառնու հեթանոսական տաճարի, անգամ  թարմ լավաշի ու հարիսայի լուսանկարներ։ Բլյուզի վարպետ Տորոնզո Քեննոնը կրկին Հայաստանում էր…  

Դեկտեմբերի 3-ին Mezzo Classic House-Club-ում տեղի ունեցավ Չիկագոյից ժամանած բլյուզմենի համերգը: Համերգի կազմակերպիչներն էին Mezzo Production ընկերությունը և Հայկական բլյուզի ասոցիացիան: Իսկ համերգի հաջորդ օրը Տորոնզո Քեննոնն այցելեց Հայաստանի տեսարժան վայրեր ու եկեղեցիներ: 

«ԱՌԿԱ style»-ի զրուցակիցը հայտնի բլյուզմեն Տորոնզո Քեննոնն է: 

— Պարոն Քեննոն, սկզբում թեժ համերգ, հետո` շրջայց Հայաստանում: Կկիսե՞ք տպավորությունները: 

Տորոնզո Քեննոն — Հայաստանը շատ գեղեցիկ պատմական երկիր է: Սա իմ թվով երրորդ այցելությունն է ձեր երկիր: Եղա Գառնու հեթանոսական տաճարում, մի քանի եկեղեցիներում: Հիացած եմ Հայաստանի հարուստ պատմությամբ, հուշարձաններով ու եկեղեցիներով: Ինչ վերաբերում է համերգին, ապա այն այս անգամ ևս անցավ թեժ մթնոլորտում: Համերգի սցենարը բոլորովին այլ էր, բայց այն բավական փոխվեց: Ես բեմ հրավիրեցի իմ բլյուզմեն ընկերներից մեկին` պարոն Հերի Լիին ու նրա հետ առաջին անգամ երևանյան բեմում նվագեցի: 

— Անցյալ տարի Դուք առաջին անգամ էիք Հայաստանում ու եկել էիք միանգամից Հայաստանի մասին գրած երգով: Ի՞նչը նպաստեց երգ գրել մի երկրի մասին, ուր դեռ չէիք եղել:

Տորոնզո Քեննոն — Եթե անկեղծ լինեմ՝ նախկինում ես ոչինչ չգիտեի Հայաստանի, ձեր երկրի պատմության մասին: Ամերիկայում երբեք չի խոսվում Հայաստանի, հայերի, Հայոց ցեղասպանության, հայկական մշակույթի մասին: Չիկագոյում ժողովուրդը տեղյակ է միայն հրեաների Հոլոքոստի մասին, բայց չգիտի, որ նույնը եղել է նաև Հայաստանում: Հայոց ցեղասպանության մասին ես իմացել եմ պատահաբար՝ ընկերներիս հետ ունեցած զրույցի ժամանակ: Ցնցված էի, որ մինչ այդ ոչինչ չեմ իմացել: Չիկագոյում հայերի ցեղասպանության մասին գրեթե ոչինչ չգիտեն: Ես մտածեցի` ինչու՞ չխոսել այդ մասին: Ու գրեցի իմ երգը: 

— Կպատմե՞ք` ինչպես սկսվեց հայերի հետ Ձեր համագործակցությունը: 

Տորոնզո Քեննոն — Ինձ հետ կապ հաստատեց Հայկական բլյուզի ասոցիացիան, ես էլ համաձայնեցի ելույթ ունենալ այստեղ: Ընկերներս զարմացել էին՝ բլյուզ Հայաստանո՞ւմ: Նրանք նույնիսկ չգիտեին, թե որտեղ է Հայաստանը: Բայց իմ կարծիքով` բլյուզն ամենուրեք է, ու պետք է զգալ այն: Բլյուզը զգացողություն է: Ես եմ իմ ընկերներին ցույց տվել Հայաստանի գտնվելու վայրը: Հիշում եմ՝ ինչպիսի թեժ համերգ ունեցանք անցած տարի հայ տաղանդավոր երգիչ Սուրեն Առուստամյանի հետ: Իսկական երաժշտական «ճակատամարտի» էինք բռնվել: Ինձ շատ հաճելի է հանդիպել այլ երկրների տաղանդավոր բլյուզմենների հետ, իսկ Սուրենը բլյուզը կատարում էր այնպես, ինչպես կատարում են Չիկագոյում: 

— Գիտեմ, որ Չիկագոյում ավտոբուսի վարորդ եք աշխատել:

Տորոնզո Քեննոն — Ես հիմա էլ եմ շարունակում աշխատել ավտոբուսի վարորդ: Արդեն 21 տարի այդ գործով եմ զբաղվում: Բլյուզին զուգահեռ պետք է անպայման մի աշխատանք ունենաս: Դա անհրաժեշտություն է. չես աշխատի, չես ուտի: Բայց երբ ես բեմում եմ, դա արդեն այլ բան է: Կիթառի միջոցով ես կարողանում եմ դուրս գալ օրվա ընթացքում ունեցած ագրեսիվ տրամադրությունից: Հասարակական տրանսպորտում տարբեր տեսակի մարդկանց ես հանդիպում: Իսկ օրվա ավարտին ուղղակի հիասքանչ է լինել հասարակության առջև, որոնք գալիս են քեզ տեսնելու ոչ նրա համար, որ ուշանում են, ասենք, աշխատանքից, այլ քանի որ ցանկանում են քեզ տեսնել: Երկու դեպքում էլ ես հասարակության մեջ եմ: 

— Ի՞նչ եք սովորում ինքներդ Ձեր մասին բլյուզի շնորհիվ:

Տորոնզո Քեննոն — Այնպես չէ, որ շատ դժվար կյանք եմ ունեցել, բայց ճնշումներ եղել են: Ես բլյուզի միջոցով փորձում եմ հանդարտեցնել իմ վիճակը, ինքս ինձ: Կիթառն ու երաժշտությունն ինձ օգնում են, որպեսզի ես կարողանամ կյանքում ճիշտ դատողություններ անել ու խնդիրներին ճիշտ լուծումներ տալ: Ես հաճույք եմ ստանում, երբ այն, ինչ զգում եմ, կարողանում եմ իմ երաժշտության միջոցով փոխանցել հանդիսատեսին: 

— Որո՞նք են եղել Ձեր կարիերայի լավ ու վատ փուլերը: 

Տորոնզո Քեննոն — Լավագույն պահերը շատ են: Լավագույն պահ կարող եմ համարել իմ առաջին ելույթը Չիկագոյում: Լավագույն պահ է, երբ մի օր Հայաստանում ես, մեկ այլ օր` Հարավային Աֆրիկայում: Ամեն տեղ նվագում ես, սկսում ես ավելի ճկուն դառնալ։ Լավագույնը պահերը շատ են, երբ ճամփորդում ես: Ինչ վերաբերում է վատ փուլին, ապա կարծում եմ` դեռ վատ պահեր չեն եղել. համոզված եմ, որ մի օր կունենամ: Եթե ունենամ, անպայման երգ կգրեմ այդ մասին (ծիծաղում է): 

— Եթե Ձեզ հնարավորություն տրվեր բլյուզի աշխարհում ինչ-որ բան փոխել, ի՞նչ կփոխեիք: 

Տորոնզո Քեննոն — Այնպես կանեի, որ բլյուզն ավելի ճանաչված ու հարգված լիներ: Բլյուզը բոլոր երաժշտությունների հիմքն է: Այն ամերիկյան երաժշտության հիմնադիրն է: Այդ փաստից ոչ մի կերպ չես կարող խուսափել: Եթե չլիներ բլյուզը, չէր լինի ռոքը, չէր լինի փոփը, ջազը և այլն: Դրա համար հարգանքն այս ժանրի նկատմամբ պետք է ավելի մեծ լինի: Թեև բլյուզ բոլորն են սիրում, բայց երբեմն այն փոքր շուկա է համարվում: Այսօր այն շատերի կողմից կարող է չընդունվել, քանի որ ավելի շատ դոմինանտ են լեդիգագաները, ջասթինբիբեռները: Միևնույն է, բլյուզը հզոր երաժշտություն է: Այնպես կանեի, որ բլյուզն ավելի մեծ տարածում ունենար: 

— Ի՞նչ խորհուրդ կտաք բլյուզի երիտասարդ սերնդին: 

Տորոնզո Քեննոն — Խորհուրդ կտամ կյանքում ավելորդություններն ու արհեստականը դնել մի կողմ ու ապրել անկեղծ: Գրել երգեր միայն այն մասին, ինչ ապրել ու զգացել ես: Երբ դու անկեղծ ես ինքդ քո նկատմամբ, ինքդ քո երգերում, քո հանդիսատեսը դա միանգամից զգում է, հասկանում է, որ դու իրեն երաժշտության միջոցով պատմում ես քո կյանքի փորձի մասին: Պատկերացնու՞մ եք, ասենք, 11-12 տարեկան երեխան գա ու ասի, թե իր կինն իրեն լքել է: Հնարավոր չէ, չէ: Երաժշտությունը պետք է գրել անկեղծ, սեփական փորձի հիման վրա: 

Երևանյան համերգի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-