Աստղեր

Սոս Ջանիբեկյանը ժամանակակից ամենապահանջված դերասաններից է: Չնայած ընդամենը 26 տարեկան է, երիտասարդ դերասանն արդեն ճանաչում է վայելում հայրենական թատրոնը և կինոն գնահատողների շրջանում: «ԱՌԿԱ  Style»-ին տված բացառիկ հարցազրույցում արտիստը պատմեց իր մասնագիտական հետաքրքրությունների և ֆուտբոլային նախասիրությունների մասին:

— Դուք ֆուտբոլի մոլի երկրպագու եք: Ո՞ր հավաքականի երկրպագուն եք Աշխարհի առաջնությունում:

Սոս – ԱԱ-ում միշտ երկրպագում եմ Անգլիայի հավաքականին, բայց, ցավոք, այն շատ արագ դուրս է մնում: Այս պահին իմ ֆավորիտն Արգենտինայի հավաքականն է, քանի որ այնտեղ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է խաղում` Մեսսին, և շատ եմ ուզում, որ նա վայելի հիանալի զգացումը` այս տարվա աշխարհի չեմպիոն լինելը:

— Կինոյի ո՞ր ժանրն է Ձեզ առավել մոտ:

Սոս – Բոլոր ժանրերն էլ մոտ են, քանի որ բոլորն էլ իրականությանն են մոտ, բայց ես խուսափում եմ նմանակման ժանրից, քանի որ այդքան էլ լավ չի ստացվում ինձ մոտ:

— Դժվա՞ր է լինել Ջանիբեկյան դերասանական «դինաստիայի» շարունակող:

Սոս  – Գլխավորը` կարողանալ պահպանել անհատականությունը` որպես մշակույթի գործիչ, որովհետև Կարեն Ջանիբեկյանի և Անահիտ Աղասարյանի որդի լինեը պարտավորեցնող է: Շատ դժվար է դուրս գալ նրանց «ստվերից»` որպես արվեստի կայացած գործիչ:

— Միշտ եղել եք գեղեցիկ սեռի ուշադրության կենտրոնում: Դա Ձեզ երբևէ խանգարե՞լ է մասնագիտական ասպարեզում կամ անձնական կյանքում:

Սոս – Ես երբեք առանձնապես չեմ զգացել կանանց ուշադրությունը, որովհետև այն չափի մեջ է եղել: Իրականում իմ նկատմամբ այդ ուշադրության մասին լուրերը մի փոքր չափազանցված են, քանի որ կարծիք կա, թե ես բառացիորեն «լողում եմ կանանց ուշադրության մեջ», մինչդեռ իրականում իմ կյանքում ամեն ինչ այնպես է, ինչպես մեծամասնության մոտ: Մի կողմից, դա նույնիսկ լավ է, քանի որ իմ կյանքում չեն եղել այնպիսի գայթակղություններ, որոնց պետք լիներ դիմակայել:

— Ի՞նչ մասնագիտություն կընտրեիք, եթե Ձեզ ճակատագիրն արվեստի հետ չկապեր:

Սոս – Այդ դեպքում կցանկանայի ֆուտբոլիստ դառնալ և խաղալ Հայաստանի հավաքականում:

— Ո՞ր դերասանի հետ կցանկանայիք աշխատել:

Սոս – Եվ արտասահմանյան, և հայ տարբեր ժամանակների բազմաթիվ սիրած դերասաններ ունեմ: Բայց այս փուլում կցանկանայի խաղալ Մեթյու Մաքքոնահիի և Հոաքին Ֆենիքսի հետ:

— Ի՞նչն է Ձեզ գրավում մարդկանց մեջ:

Սոս – Նախևառաջ, ինձ գրավում է բարությունը, թեև դա շատ ծեծված է հնչում: Նախկինում այդպես չէի մտածում, կարծում էի, որ մարդը պետք է հետաքրքիր լինի, իսկ բարությունն անցնում էր երկրորդ պլան: Իսկ այժմ, բարի, բայց ոչ այնքան հետաքրքիր մարդու միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության դեպքում կնախընտրեի բարությունը:

— Ո՞րն է Ձեր ամենամեծ թերությունը:

Սոս – Ես իդեալիստ եմ:

— Ինչը՞ կարող է ստիպել Ձեզ լքել հայրենիքը:

Սոս – Կարծում եմ` ոչինչ: Ինքս ինձ «աշխարհի քաղաքացի» եմ համարում, և միշտ կարող եմ վերադառնալ Հայաստան, երբ ցանկանամ, եթե նույնիսկ մեկնեմ այստեղից: Միակ բանը, որ կարող է ինձ հիասթափեցնել հայրենիքում, «փողատերերի» երեխաների ագրեսիվ, ցուցադրական և նվաստացնող գործունեությունն է:

— Ի՞նչն է Ձեզ հիասթափեցնում մարդկանց մեջ:

Սոս – Կարծում եմ` թափթփվածությունը:

— Ի՞նչ խորհուրդ կտայիք մարդկանց:

Սոս – Ամենակարևորը` ազնիվ լինել: -0-