Աստղեր

«Սկոտչ & վիսկի» հայկական ֆիլմի բեմադրող ռեժիսոր Արշալույս Հարությունյանը պատմել է «ԱՌԿԱ Style»–ին այն մասին, թե ինչպես է առաջացել ֆիլմի ստեղծման գաղափարը, ինչպես նաև հիմնական ուղերձը։ 

– Ի սկզբանե «Սկոտչ & վիսկին» ներկայացում էր, որը ցուցադրվում էր Երևանի կամերային թատրոնի բեմում։ Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի գաղափարը։ 

Հարությունյան – Ես ի սկզբանե ցանկանում ֆիլմ նկարահանել, բայց դա թանկ հաճույք է։ Բայց քանի որ թեման ինձ շատ հետաքրքրեց, ես ներկայացում բեմադրեցի, որը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից։ Ֆիլմ նկարելը հնարավոր դարձավ ռուսական կինոարտադրող «Բերգ Սաունդ» ընկերության և դրա գլխավոր պրոդյուսեր Միքայել Պողոսովի շնորհիվ, ում հետ ես գործակցում եմ։ Դիտելով ներկայացումը` նա ինքն առաջարկեց ֆիլմ նկարահանել։ Այդպես սկսվեց ֆիլմի աշխատանքը։ Սկզբում նա առաջարկեց ֆիլմ նկարահանել ռուս դերասանների հետ, բայց ես համոզեցի նրան, որ հայերն էլ լավ կխաղան։ Ռուսական շուկայի համար ֆիլմը կթարգմանվի ռուսերեն, և սեպտեմբերից Ռուսաստանի վարձույթ կմտնի։   

– Ինչի՞ մասին է «Սկոտչ & վիսկի» ֆիլմը։ 

Հարությունյան – Անվանումն ինքին հետաքրքիր է, քանի որ բառախաղ է։ Դիտելով ֆիլմը` կարելի է հասկանալ, թե ինչ սկոթչի մասին է խոսքը։ Սա ֆիլմ է սիրո և այն մասին, թե ինչ կարող է կատարվել մեզանից յուրաքանչյուրի հետ, կնոջ և տղամարդու միջև հարաբերությունների մասին, ինքնադրսևորման, տղամարդու բարդույթների մասին։ Ինչպես վկայում է ամուսնալուծությունների վիճակագրությունը, զույգն արագ կորցնում է փոխադարձ հետաքրքրությունը։ «Սկոտչ & վիսկի» ֆիլմն այն մասին է, որ պետք է յուրաքանչյուր րոպե գնահատել այն, ինչ ունես, այն, ինչ այդքան դժվար է գտնել։ 

– Այդքան խորը թեմաներ կատակերգությա՞ն ձևաչափով։ 

Հարությունյան – Դա իրավիճակների կատակերգություն է, որտեղ յուրաքանչյուր հերոս ունի իր ճշմարտությունը, իր հիմնավորումները։ Իրավիճակները մեկը մյուսի վրա ավելանալով` բացում են հերոսի բնավորության նոր կողմերը։ Ֆիլմում շատ են դրամատուրգիական տարրերը, հորինվածքները, սյուժեի գծերը, որոնք գործողություններն ավելի լարված են դարձնում, լրացուցիչ զգացմունքներ են հաղորդում։ 

– Ովքե՞ր են խաղում «Սկոտչ & վիսկի» ֆիլմում։ 

Հարությունյան – Ֆիլմում նկարահանվել են Լուիզա Ներսեսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արփի Գաբրիելյանը, Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սերգեյ Դանիելյանը, Իրինա Դանիելյանը։ Դա դերասանների գեղեցիկ աստղաբույլ է։ Ուրախ եմ նման քասթինգի համար։ Բոլոր դերասանները գոհ են կատարված աշխատանքից և իրենց ստեղծած կերպարներից։ Բոլորը սրտանց աշխատել են և առավելագույն ջանքերով։ Նրանցից ոմանք կոտրել են ավելի վաղ ստեղծված կարծրատիպերը, հանդես եկել նոր` իրենց համար անսպասելի կերպով։ 

– Եվ այսպես` ֆիլմի հիմնական ուղերձն է…

Հարությունյան – Մենք կոչ ենք անում մարդկանց ուշադիր լինել ցանկացած մարդու  նկատմամբ։ Սերը, ինչպես բոլոր առարկաները, խնամքի կարիք ունի և կարող է մաշվել։ Բոլորս հոգատարության և սիրո կարիք ունենք, ընդ որում` պարտադիր փոխադարձ։ Պետք է կարողանալ սիրելիների համար ամեն օր տոն կազմակերպել։ Չէ՞ որ հաճախ մենք, զբաղվելով «կարևոր» գործերով, մոռանում ենք նրանց մասին։ 

– Ե՞րբ տեղի կունենա ֆիլմի պրեմիերան։ 

Հարությունյան – Պաշտոնական պրեմիերան տեղի կունենա մայիսի 22–ին` կարմիր գորգով, հյուրերով։ Ֆիլմի ցուցադրությունից առաջ կազմակերպվող մամուլի ասուլիսի ընթացքում նախատեսվում է անակնկալ, ինչից հետո ֆիլմը կսկսի ապրել սեփական կյանքով։ Մենք ուզում ենք, որպեսզի ֆիլմը դիտեն հնարավորինս շատ մարդիկ, ֆիլմի մասին բանավեճերի ենք սպասում։ Չէ՞ որ ֆիլմի գաղափարն է ստիպել հանդիսատեսին խորհել։ Եթե մենք կարողանանք ստիպել հանդիսատեսին զգալ ինչ–որ բան, խորհել ինչ–որ բանի շուրջ, ապա մեր առաքելությունն իրականացված կլինի։ Դա մեզ համար բարձրագույն գնահատականն է։ -0-