Աստղեր

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևան էր այցելել ամերիկյան անկախ կինոյի դասական դարձած, թվային նկարահանման բացառիկ մեթոդի հեղինակ և «TenderloinyGroup» արհեստանոցի հիմնադիր Ռոբ Նիլսոնը։ Նիլսոնը 1979թ.–ին արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակին, իսկ 1988թ.–ին` «Սանդենս» փառատոնի Գրան–պրի մրցանակին «Տապ և արևի լույս» ֆիլմի համար։

Հայտնի ռեժիսորը «ԱՌԿԱ Style»–ին է ներկայացրել համաշխարհային կինեմատոգրաֆի միտումների սեփական տեսլականը, խոսել կինոյում հաջողության հասնելու բանաձևի, ինչպես նաև կյանքի արժեքների մասին։

– Ձեր անունը միշտ կապում են «անկախ ամերիկյան կինո» հասկացության հետ։ Ի՞նչ վերաբերմունք ունեք ամերիկյան կինոարտադրության այդ ոլորտի նկատմամբ։ 

Ռ. Նիլսոն – Ինձ համար դա ողբերգություն է։ Հասկանում եք` Հոլիվուդի կինոդպրոցները ստեղծել են մի ինդուստրիա, որտեղ երիտասարդները կարող են վճարել 30 հազար դոլար կինոդպրոցում երկու շաբաթ սովորելու համար։ Սակայն երբ նրանք ավարտում են և սկսում սխալներ գործել, ապա շատ ավելին են իմանում, քանի որ գտնվում են կյանքի հետ անմիջական շփման մեջ։ Իսկ այն ամենը, ինչ նրանց սովորեցնում են անկախ կինեմատոգրաֆի դպրոցներում, ընդամենը «կինո» է անկախ կինոյի մասին, այլ ոչ թե անկախ կինո (ծիծաղում է)։

Այս բոլոր տերմինների հարաբերականությունը կայանում է նաև նրանում, որ Հոլիվուդը մեկ տարում ստեղծում է գոնե մեկ ֆիլմ, որը շատ ավելի լավն է, քան, այսպես կոչված, «անկախ կինոն»։ Դրա վառ օրինակն է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն» ֆիլմը։

Եվ ընդհանրապես ողջ համակարգը, առաջին հերթին, բիզնես է։ Նույնիսկ ես ավելի շատ կախում ունեցող ռեժիսոր եմ։ Մինչև հիմա կախում ունեմ իմ ընկերներից և գործընկերներից, այն մարդկանցից, ովքեր հավատացել են ինձ։ Եվ միաժամանակ, եթե նրանք չլինեին, ես գուցե հիմա մեքենաների վաճառքով զբաղվեի։

Մոռացե՛ք կինոդպրոցների և ակադեմիաների մասին։ Իմ կինոդպրոցը սա է` դիտել ֆիլմեր և ընթերցել որքան հնարավոր է շատ, առաջին հերթին` որակյալ գրականություն` հստակ ելակետ, այլ ոչ թե վայրկենական ոգեշնչում ունենալու համար։

– Դուք աշխատել եք ինչպես խաղարկային, այնպես էլ վավերագրական ժանրերում։ Ունե՞ք բանաձև, որը երկու ժանրերի դեպքում էլ ունիվերսալ է։ 

Ռ. Նիլսոն – Ինձ համար ամենակարևորը հանդիսատեսի հետ շփումն է։ Հեղինակն առաջին հերթին բավարարում է սեփական հետաքրքրասիրությունը։ Իսկ եթե դա հուզել է նաև ուրիշներին, ապա նշանակում է` բավարարվել է նաև հանդիսատեսի հետաքրքրասիրությունը։ Իսկ ժանրն այստեղ երկրորդական նշանակություն ունի։

Սակայն միաժամանակ, եթե ես ինչ–որ բան եմ զգացել, ապա շատ լավ գիտակցում եմ, որ ինչ–որ մեկը կարող է դա զգալ բոլորովին այլ կերպ։ Այդ պատճառով հարկավոր է ունենալ բազմաշերտ փորձ կյանքի շատ ոլորտներում։

Այո, անխոս, կենցաղային պահանջմունքները կարևոր են, սակայն պակաս կարևոր չէ նաև ներթափանցումը մեր կյանքի անծայրածիր ներքին աշխարհ… Կարծում եմ` այս ամենը կարող է մարմնավորվել արվեստում։

– Կյանքում չե՞ք ունեցել պահեր, երբ ցանկացել եք զանգվածային հաջողության հասնել։ Դա գայթակղությու՞ն է, թե՞ առողջ ցանկություն։

Ռ. Նիլսոն – Այդ գայթակղությունն ունեն բոլորը, և հնարավոր է, որ հենց դա է առողջ ցանկությունը։ Բոլորի մոտ այս կամ այն տեսքով դրսևորվում է «Նապոլեոնի համախտանիշը» (ծիծաղում է)։

Սակայն եթե դիտարկենք հսկայական հաջողությունների հասած մարդկանց, ապա կարելի է տեսնել, որ նրանց կյանքը լի է ողբերգություններով և ցավով, որոնք բնավ էլ ավելի քիչ չեն, քան ցանկացած այլ մարդու մոտ։

– Մի անգամ Դուք Հոլիվուդի կողմից համաշխարհային կինոյի ուզուրպացիայի գործընթացը անվանեցիք «Հոլիվուդ–կոհոլիզմ» տերմինով` ալկոհոլիզմի պես…

Ռ. Նիլսոն – Այո… Որտեղի՞ց եք Դուք դա գտել (ծիծաղում է)….Ես առաջին հերթին նկատի ունեի հակվածությունը, ավելի ճիշտ` կախվածությունը։ Դրան ենթարկվում են բացարձակապես բոլորը, այդ թվում` դուք և ես։

– Իսկ այս ամենի մեջ անաղարտ արվեստի հույս կա՞, թե ոչ։

Ռ.Նիլսոն – Կա՛։ Ես դա ավելի շատ եմ զգում, երբ այցելում եմ թանգարաններ։ Օրինակ` ինձ հիացնում է լուսանկարիչ Ջերոմ Ուիտկինը, նրա ռեալիստական  ոճը։ Նա երկվորյակ եղբայր ունի` Ջոել–Փիթեր Ուիտկինը։ Նրանց միշտ ձգում է արվեստի մութ կողմը, և հենց դա է ինձ դուր գալիս, քանի որ ամերիկյան հեռուստաալիքներով նման բան չես տեսնի։ Այնտեղ դու չես կարող ներկայացնել արվեստի մութ կողմերը, քանի որ այդ դեպքում գովազդ չես կարողանա վաճառել (կրկին ծիծաղում է)։ Այնպես որ հույս, իհարկե, կա։ Մեզ հակասություններ են պետք արվեստում, որպեսզի կարողանանք նկատել թե՛ լավը, թե՛ վատը, և որ դրանք ներկայացնեն մարդկային հիմնական զգացմունքները` ուրախությունը, տխրությունը, հիասթափությունը…

Իմ վարպետության դասերի ժամանակ ես ցույց եմ տալիս, որ երբ մենք լալիս ենք, մենք համարյա ծիծաղում ենք, երբ մենք ծիծաղում ենք` համարյա բղավում ենք։ Սա սահմանային իրավիճակներ են, և նրանցում ներառված են այն էներգիայի աղբյուրները, որով և պայմանավորված է մեր գոյությունը։

– Պատկերացնենք մի մարդու, որն ի ծնե կույր է, հանկարծ մի հրաշալի օր նա սկսում է տեսնել ու գալիս է Ձեզ մոտ և ասում է. «Ես անընդհատ ինչ–որ «կինոյի» մասին էի լսում, սակայն այն տեսնելու հնարավորություն չունեի։ Իսկ այժմ այն ինձ հասանելի է։ Ցույց տուր ինձ, պարոն Նիլսոն` ինչ է Կինոն»։ Ո՞ր ֆիլմով կսկսեիք ֆիլմարտադրության աշխարհի էքսկուրսը։

Ռ.Նիլսոն – Սկզբում ես խորհուրդ կտայի նրան ընդհանրապես չմտածել կինոյի մասին, քանի որ դեռ մեծ աշխատանք պետք է տարվի այդ ոլորտում։ Ես խորհուրդ կտայի նրան նայել անտառին և տեսնել ծովը, թռչել ինքնաթիռով և իջնել օվկիանոսի հատակը, տեսնել արևածագը և երեկոյան արշալույսը։

Եվ միայն դրանից հետո ես կցուցադրեի նրան իմ սիրված ժապավենը` խորհրդային ռեժիսոր Էլեմ Կլիմովի «Բարի գալուստ կամ օտար մարդկանց մուտքն արգելված է» ֆիլմը։ Ի դեպ, նա նույնպես այն մարդկանցից էր, որը չէր վախենում խորասուզվել մթության անդունդը լույսը տեսնելու համար։ Հետո ես նրան կցուցադրեի Ջոն Կասավետեսի «Ստվերները»։ Բացառիկ ֆիլմ է, որն ինձ վրա ուժեղ ազդեցություն է գործել։ Այդ ֆիլմը հենց նրա մասին է, քո մասին է, իմ մասին է, բոլոր–բոլորի մասին է։ Ես սիրում եմ ֆիլմերը, որոնք պատմում են ոչ թե գերաստղերի, այլ հասարակ մարդկանց մասին։

– Ձեր ձեռքում գիրք կա…

Ռ.Նիլսոն – Այո, սա այն գիրքն է, որը ես ընթերցում եմ հիմա։ Սա Ջորջ Ֆրիդմենի «Հաջորդ 100 տարիները» ստեղծագործությունն է։

– Կհիշեցնե՞ք Ձեր տարիքը…

Ռ.Նիլսոն – 75

– Դուք 75 տարեկան եք, և կարդում եք «Հաջորդ 100 տարիները» գիրքը։ Շատ տպավորիչ է։  Իսկ ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել աշխարհը 100 տարի անց։

Ռ.Նիլսոն – Լավ հարց էր։ Ես ունեմ նույնքան ցնորական ցանկություններ, ինչպես բոլորը։ Ուզում եմ, որ մարդիկ ագրեսիվ չլինեն, որ բռնություն չլինի, որ մարդկությունը տեխնոլոգիաների և ռոբոտացման զոհ չդառնա։

Այո, ես 75 տարեկան եմ, սակայն ես այնքան հետաքրքրասերն եմ, որ ուզում եմ հավերժ ապրել։ -0-