Աստղեր

Օրեր առաջ՝ հունվարի 25-ին, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը դարձավ 65 տարեկան: Մեր ժամանակներում ամենաշատ բեմադրվող հեղինակը գրել է սկսել 44 տարեկանում: Իր ամենաառաջին՝ «Հիվանդանոց» վեպը Խանջյանն սկսել է գրել Խորհրդային, բայց ավարտել է արդեն անկախ Հայաստանում: 

«ԱՌԿԱ Style»-ի զրուցակիցը Գուրգեն Խանջյանն է: 

— Պարոն Խանջյան, ի՞նչ իրադարձություններ ազդեցություն ունեցան Ձեզ վրա, որպեսզի Դուք կայանաք որպես դրամատուրգ:  

Խանջյան — Երևի թատրոնի հետ մտերմությունը մեծ դեր ունեցավ: Թբիլիսիում հայկական թատրոն գնալը պարտադիր էր: Ամեն շաբաթ դպրոցում աբոնեմենտներ էին բաժանում աշակերտներին: Դրվագներ եմ հիշում Վահրամ Փափազյանի խաղացած «Օթելլո» ներկայացումից: Փափազյանն արդեն ծեր էր, բայց բեմի վրա կերպարանափոխվում էր: Ներկայացման մեջ նա կտրում էր պարանոցը, ինձ մոտ տպավորվել էր նրա բնական խռխռոցը: Ներկայացումներով հանդես էին գալիս նաև Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Մետաքսյա Սիմոնյանը: Այդպես առաջացավ մտերմություն թատրոնի հետ: Իսկ երբ սկսեցի աշխատել հեռուստաթատրոնում, երկխոսություններ էի գրում, ասում էին, որ ինձ մոտ ստացվում է: Սկսեցի պիեսներ գրել:  

— Սիրում եք կրկնել՝ պարզ չէ՝ մենք ենք ընտրություն կատարում, թե մեր փոխարեն ընտրում են: Ձեր անցած ճանապարհն, ի վերջո, ի՞նչ ցույց տվեց: 

Խանջյան — Ինչպես նայում եմ, «Իվերուստ»–ի մատը խառն է (ծիծաղում է): Ուղղակի պետք է զգոն լինել չխոտորվելու համար: Հենց խոտորվում ես, ճանապարհից շեղվում, մի փորձանքի ես գալիս: Պետք է հարազատ մնաս տեսակիդ: Օրինակ` ես կարող էի դավաճանել իմ տեսակին ու դառնալ ասենք ինժեներ կամ գինեգործ կամ քաղաքականությամբ զբաղվեի:   Հնարավոր է` նույնիսկ հաջողվեր, բայց տաղտկալի կլիներ: Անընդհատ կփնթփնթայի, կզգայի, որ այն չեմ անում… 

— Եղե՞լ է ժամանակ, որ որոնումների մեջ եք եղել՝ չիմանալով ի՞նչ է պետք Ձեզ:  

Խանջյան — Ես ուշ հասկացա՝ ինչ եմ անելու: Երևի ճակատագիրն էր հատուկ այդպես թողել: Արձակագիր դառնալու համար պետք է շատ շփվեի կյանքի հետ, փորձություններով անցնեի, արկածներ ունենայի… Երևանի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո անտառատնտեսությունում եմ աշխատել: Ամեն օր անիծում էի այդ ինստիտուտը: 100 ռուբլի գումար էի ստանում: Բայց Սովետաշենի անտառները հասնելու համար 100 ռուբլու միայն կոշիկ էի մաշում: Հետո մոտոցիկլետ տվեցին, կյանքն ավելի զվարթացավ: Բայց դե ինքս հասկանում էի, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն իմը չէ: Հետո կյանքն ինձ գցեց բանջարեղենի խանութ. խանութի տնօրեն էի: Այն ժամանակ խանութի տնօրենները բավական մեծ գումարներ էին աշխատում, մեքենա գնում: Բայց ես՝ ռոմանտիկ մարդ, իմ աշխատողների հետ նստում-խմում էի: Ով ինչ էր տանում, ինչ էր փախցնում խանութից՝ տեղյակ չէի: Վերջում հազիվ եմ խանութի հաշիվները կարգավորել: Վեց ամիս աշխատելուց հետո հասկացա, որ դա էլ իմը չէ… ու փախա խանութից: Այդ ժամանակ կյանքն ինձ հանդիպեցրեց  իմ մանկության ընկերոջ՝ մոդեռն հայացքների տեր, նկարիչ Սուրեն Խաչիկյանի  հետ: Մի կցկտուր պատմվածք ունեի գրած, նայեց-ոգևորվեց: Կարծես ճակատագրով ուղարկված լիներ: Ոգևորեց-ոգևորեց, սկսեցի գրել: Հասկացա, որ դա է իմը: 

— Տարբերվում եք այն մարդկանցից, ովքեր հենց սկզբից գիտեն իրենց ճանապարհը:

Խանջյան — Այդպես չի լինում: Եթե միանգամից իմանան, շատ ուղղամիտ կլինեն: Մարդը պետք է ամեն ինչ փորձի իրենը գտնելու համար:  Պետք է արկածներով անցնի: Կա մարդ՝  դպրոցի նստարանից միանգամից հայտնվում է բանասիրականի նստարանին, հետո էլ՝ դասախոսի նստարանին: Դրան զուգահեռ էլ գրում է: Բայց այդ մարդը կյանքը չի տեսնում: Մինչդեռ նա պետք է գրի իր՝ կյանքից վերցրած փորձի հիման վրա:

— Հիշո՞ւմ եք առաջին պիեսը, առաջին պիեսի բեմադրությունը…

Խանջյան — «Հիվանդանոց» վեպը գրելուց առաջ գրառումներ էի կատարել: Դրանք հիմնականում երկխոսություններ էին, որոնք հավաքվեցին, դարձան պիես: Կոչվում էր «Լաբիրինթոս»:  Դա խորհրդային շրջանում էր: Իսկ պիեսը հենց կոմունիստական կուսակցության փտած համակարգի մասին էր՝ իր ամբողջ ենթատեքստով: Նվազ հավանական էր, որ կբեմադրվի: Բայց ես՝ միամիտ, ռոմանտիկ մարդ, առաջին գործերը գրողն այդպիսին է, պիեսս տարա հեռուստաթատրոն: Հենց այդ ժամանակ գորբաչովյան ազատականացումներն էին սկսել: Կարծես ճիշտ ժամանակին հայտնվեցի ճիշտ տեղում: 1989 -1990 թվականներն էին: Պիեսը բեմադրեցին: Դրանից հետո սովետը փլվեց. երևի ես էի մեղավոր (ծիծաղում է): 

— Կներկայացնե՞ք՝ ինչպես է Ձեր պիեսն  այսօր հասնում թատրոն: 

Խանջյան — Նոր գրած պիեսը հիմնականում «Դրամատուրգիա» հանդեսն է տպագրում: Եթե ռեժիսորները կարդում են այդ ամսագիրը, հետաքրքրվում են պիեսով, եթե ոչ՝ ես ինքս եմ ներկայացնում նրանց: Ըստ պիեսի մոտավորապես գիտեմ՝ որ թատրոնին ինչ ներկայացնել: Բայց մեր ռեժիսորներին դիմելը շատ ստորացուցիչ է: Կան մարդիկ, որ պիեսը տալիս ես, մեկ տարի կարդում են: Մի քիչ ստորացնող բան կա դրա մեջ: Լինում է նաև հակառակը: Օրինակ` իմ վերջին գրած պիեսը՝  «Որբերի ընտանիքը», առավոտյան տվել եմ Արմեն Մարությանին, երեկոյան նա զանգահարեց ու ասաց՝ սա իմ պիեսն է. վերջ: Փետրվարին կլինի ներկայացման պրեմիերան: 

— Վերջերս Համազգային թատրոնում բեմադրվեց Ձեր՝ «Արտավազդ Շիդար» պիեսը: Եթե պիեսը մրցանակի չարժանանար, այն կբեմադրվե՞ր: 

Խանջյան — Հաստատ չէր բեմադրվի: Ես էլի ունեմ պատմական պիես, որը փորձեցի բեմադրել և՛ այստեղ, և՛ Շուշիում, բայց ապարդյուն: Իմ պիեսներից շատերն են բեմադրվել, բայց դրանց մեծ մասը կատակերգություններ են, թեթև պիեսներ: Պատմական պիես բեմադրելը նախ ծախսատար է, բացի այդ՝ ռեժիսորները վախենում են, որ այն հանդիսատես չի բերի: Առհասարակ վախերի պատճառով լուրջ պիեսներ չեն բեմադրվում: Ստացվում է հետևյալը՝ ռեժիսորներն իջնում են ոչ թե միջին խավի միջին ճաշակին, այլ նույնիսկ դրանից ցածր: Ավելի ցածր են իջնում, որպեսզի ավելի մեծ լսարան գրավեն: Իսկ այդպես ավելի ենք վնասում ժողովրդին: Մարդիկ դադարում են մտածել: Նրանք դառնում են ընդամենը սպառող: Հատկապես պետությունից կերակրվող թատրոններն այդպես վարվելու իրավունք չունեն:  Այդ գումարները կոմերցիայի համար չեն հատկացնում, այլ` հասարակության մեջ լուրջ, թատերային մտածողություն ստեղծելու համար: Մեր թատրոններն այդ գումարները վերցնում են` բավական չէ, թեթև ներկայացումներն էլ բեմադրում են՝ մյուս կողմից՝ դրամարկղից գումար աշխատելու համար: Ստացվում է՝ հայ թատրոնը հիմնված է կոմերցիայի ու օտար դրամատուրգների պիեսների վրա: 

— Երիտասարդ դրամատուրգներին ի՞նչ խորհուրդ կտաք:  

Խանջյան — Երիտասարդներին խորհուրդ կտամ փախչել դրամատուրգիայից: Եթե խորհուրդ տամ զբաղվել դրամատուրգիայով, դա էլ մի բան չէ: Վաղը կրակն են ընկնելու: Բավական շատ դրամատուրգներ ունենք, ովքեր շատ պիեսներ ունեն գրած, բայց այդ պիեսները չեն բեմադրվում: Դրամատուրգ կա, անընդհատ գրում է, բայց չգիտի ինչ է բեմը, գուցե լավ պիեսներ է գրում, բայց բեմի վրա չտեսնելով՝ կարող է սայթաքումներ ունենալ: Դրամատուրգին պետք է ոգևորել: Մինչդեռ Հայաստանում հակառակն են անում: Հայ ռեժիսորները նախընտրում են օտար գրողի պիեսները բեմադրել: Իսկ դրսի պիեսներով հայ թատրոն չես ստեղծի: Քաղքենիական մեծամտություն կա, տեղական պիեսին մի աչքով են նայում, նշանակություն չեն տալիս: Պիեսը բեմի վրա պետք է պիես դառնա, իսկ դրամատուրգներին մեկ չես բեմադրում, երկու չես բեմադրում, մարդիկ հոգնում են, դադարում են գրել: Թեև եթե մարդու մեջ կա, նա կգրի՝ առանց իմ խորհրդի: Եթե Տիրոջը դեռ թատրոն պետք է, ուրեմն կպատվիրի (ծիծաղում է): -0-