Աստղեր

Հայտնի ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը եկել է Հայաստան  «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի հրավերով: Սեպտեմբերի 23-ին երգիչը Էջմիածնում մասնակցել է թատրոնի 10-ամյակին նվիրված համերգին: ԱՌԿԱ Style-ի հետ զրույցում Յորգանցը ներկայացրել է հայկական էստրադայի մասին իր տպավորություններն ու պատմել ծրագրերի մասին: 

— Պրն. Յորգանց, հետևու՞մ եք հայկական էստրադայի զարգացմանը և ինչպե՞ս եք գնահատում ժամանակակից հայ կատարողներին: 

Յորգանց — Ես, իհարկե, հետաքրքրվում եմ հայկական էստրադայով և կարող եմ ասել, որ Հայաստանում շատ լավ երգիչ-երգչուհիներ կան: Ժամանակակից կատարողներից ինձ շատ են դուր գալիս Թաթա Սիմոնյանն ու Արման Հովհաննիսյանը: 

— Իսկ այս համատեքստում ի՞նչ կարող եք ասել հայկական սփյուռքի երաժշտական միջավայրի մասին:

Յորգանց — Այսօր սփյուռքում շատ քիչ թվով կատարողներ և կոմպոզիտորներ կան:

— Ձեր կարծիքով՝ որո՞նք են ժամանակակից հայկական էստրադայի հիմնական բացասական կողմերը:

Յորգանց — Այսօր մեծ թվով տաղանդավոր հայ կատարողներ կան, հատկապես Հայաստանում, սակայն, ցավոք, նրանցից շատերը ցանկանում են նմանվել արտասահմանյան աստղերին և իրենց երգերը չեն կատարում: Կարծում եմ, որ հարկավոր է առաջ տանել հենց հայկական երաժշտությունը, որպեսզի աշխարհն իմանա, թե որն է հայկական ոճն ու երաժշտությունը: Պետք չէ ընդօրինակել օտարը:

Ես ինքս երգում եմ տարբեր լեզուներով, սակայն կարծում եմ, որ հայ երգիչները պետք է հայերեն երգեն:

— Հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են անցկացվելու: Դուք մասնակցելու՞ եք:

Յորգանց — Արդեն մտածում եմ այդ մասին և պատրաստվում եմ Ֆրանսիա վերադառնալուց հետո գրել, կատարել և ձայնագրել հայերեն երգ, որը կնվիրվի Ցեղասպանությանը: Դեռ չեմ բացի փակագծերը, սակայն կասեմ, որ հույս ունեմ, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունն ու թուրքերի և հայերի միջև խաղաղություն կտիրի: Իհարկե, այդ խաղաղությանը պետք է հասնել առանց արյունահեղության, բացառապես դիվանագիտական մակարդակով: -0-