Աստղեր

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը երկրի լավագույն սաքսոֆոնահարներից է։ Նա նվագել է Կրեմլի Պատվո պահակախմբի նվագախմբում, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած հայտնի նվագախմբում, մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ–ում, Ճապոնիայում, Մերձավոր Արևելքում։ Ելույթ է ունեցել Չիկ Կորեայի, Բիլի Քոբեմի և Ջո Զավինուլի հետ։ «ԱՌԿԱ Style»–ի հետ զրույցում Հյուսնունցը պատմել է, թե ինչպես են հայերը վերաբերվում ջազին և ինչ նոր միտումներ ունի երաժշտական այս ժանրը։ Ջազմենը խոսել է նաև սեփական ծրագրերի մասին։

— Ինչպե՞ս են ժամանակակից իրողություններն անդրադառնում ջազի վրա։

Ա. Հյուսնունց — Անշուշտ, տեխնոլոգիական առաջընթացն ազդում է ջազի, երաժշտական գործիքների արտադրման վրա։ Շատ ձայներ, տեխնոլոգիաներ փոխվել են, ակուստիկ ջազին այսօր փոխարինել է էլեկտրաջազը, արագացել է ջազի երաժշտական տեմպը։

Այսօր, ցավոք, ողջ աշխարհում երաժշտությունը պարզունակ դարձնելու միտում է նկատվում, և ես կարող եմ նշել, որ այդ հարցում ջազն անհամեմատ շահեկան պայմաններում է գտնվում, քանի որ համեմատաբար ապահովագրված է արտաքին ազդեցություններից, թեև այդպիսի միտումներ են նկատվում նաև այս ժանրում։ Այսօր ջազի անվան տակ տարաբնույթ երաժշտություն են ներկայացնում, որը բացարձակապես հեռու է այդ ժանրից։

— Կարո՞ղ եք նշել հայկական ջազի առանձնահատկությունները։ 

Ա. Հյուսնունց — Խոսելով հայկական ջազի մասին` մենք անպայման ուզում ենք ներկայացնել ինքնատիպ մեղեդիով երաժշտական ստեղծագործություն, բայց երբ ջազ է կատարում հայը, դա արդեն իսկ կարելի է հայկական ջազ անվանել։ Երաժշտության մեջ կարող է նաև հատուկ ընդգծված ազգային մեղեդի լինել։

Դուք համերգներ եք ունեցել աշխարհի շատ երկրներում, ելույթ եք ունեցել տարբեր բեմերում, ո՞րն է հայ և օտարազգի հանդիսատեսի տարբերությունը։

Ա. Հյուսնունց — Այն մարդիկ, ովքեր իսկապես գնահատում են ջազը, նման են իրար։ Նրանք երաժշտությունը լսում են բացարձակ լռության մեջ։ Եվ մենք ունենք այդպիսի մարդիկ, ինչպես` Երևանում, այնպես էլ` ամբողջ Հայաստանում։

Հայաստանում մենք հրաշալի հանդիսատես ունենք, որոնց պետք է պահպանել։ Սակայն ամենից շատ պետք է ոգևորել երիտասարդ սերնդին, այս հարցում ես կարծում եմ, որ մենք որոշակի բացթողումներ ունենք։ Հենց այդ պատճառով կարևորագույն դեր ունեն մեծ ջազային փառատոները։

— Պատմեք ձեր ծրագրերի մասին։

Ա. Հյուսնունց — Վերջերս ենք վերադարձել Կաննում կազմակերպված «Միդեմ» միջազգային փառատոնից։ Նվագախումբը հիասքանչ ելույթ ունեցավ։  Այս մասնակցությունը դրական կազդի կոլեկտիվի հետագա գործունեության վրա։

Երևանում հուլիսի 17-ին կկայանա մեր ավանդական ելույթը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, իսկ արդեն սեպտեմբերի 17-19–ը, ի ուրախություն մեզ, Երևանում կանցկացվի առաջին միջազգային ջազ փառատոնը, որին արտասահմանյան անվանի երաժիշտներ կմասնակցեն։ -0-