Աստղեր

«Քիթ-Cut», «Գլամուրային չոբաններ». այս կատակերգական ներկայացումների հեղինակը «Արմենիա» հեռուստաընկերության` նախկինում ամենավարկանիշային հաղորդաշարերից մեկի՝ «Բեռնարդ շոուի» հաղորդավար Արմեն Վարդանյանն է։ Նա «ԱՌԿԱ Style»-ի հետ զրույցում պատմեց հաղորդավար-սցենարիստ «ճանապարհի» մասին։ 

— Արմեն, երկար տարիներ եթերում աշխատելուց հետո ինչու՞ որոշեցիք անցնել կուլիսային կյանքի, սցենարներ գրել։ 

Արմեն — Եթերում աշխատելու տարիներին սցենարական աշխատանքն ինձ ավելի հոգեհարազատ դարձավ: Հասկացա, որ այն ինձ մեծ էներգիա է տալիս: Այնուհետև որպես սցենարիստ առանձին ասելիքի պահանջ զգացի: Ասելիք, որի պատասխանատուն ես կլինեմ: Այդ պատճառով որոշեցի ներկայացումների սցենարներ գրելու տարբերակով երևալ։ 

— Անդրադառնանք Ձեր ներկայացմանը. ինչո՞ւ «Գլամուրային չոբաններ»: 

Արմեն — «Գլամուր» բառի հայերեն տարբերակը «սնդուսափայլն» է: Այսօր աշխարհում գլամուր է համարվում այն մարդը, ով ունի բարձր ճաշակ, կրեատիվ է, կանհանգստանա, եթե կոշկի կապիչի ծայրն, ասենք, գույնով չհամընկնի շարֆի հետ, մարդ, ով խիստ ուշադիր է, թե ինչպես է սնվում, ինչ շնիկ է իր ձեռքում, ուր է գնում հանգստանալու… Մարդը, ով հետևում է իրեն այդ ամենում, գլամուր է: Երկրորդ բառը «չոբանն» է: Չոբանն ազատ մարդ է, բնության մեջ է, այսինքն՝ ասելիքս հետևյալն է՝ երբ մարդ առանձին գլամուր է ու իսկական գլամուր՝ լավ է, երբ մարդն առանձին չոբան է՝ լավ է, բայց երբ չոբանն ուզում է գլամուր երևալ կամ գլամուրն ուզում է բնությանը մոտ երևալ («չոբան» բառն այլաբանորեն դիտարկենք որպես բնություն), դառնում է գլամուրային չոբան, որը վատ երևույթ է և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում: Ի դեպ, ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է։

— Ներկայացումն անձնավորվա՞ծ է: 

Արմեն — Ոչ, ներկայացումն ուղղված է նրան, ով իրեն կտեսնի դրա մեջ: Ինձանից սկսած… Լինու՞մ է չէ, որ ստիպված զոհ ես գնում ինչ-որ միջավայրի, պիջակ ես հագնում, որը քեզ դուր չի գալիս, կոշիկ ես հագնում, որն այնքան էլ քո սրտով չէ, մինչդեռ մեծ հաճույքով բոբիկ ոտքերով բնության մեջ կքայլեիր: Երևի ինչ-որ պահ, ելնելով հասարակության կարծիքից կամ կուլ գնալով բրենդամոլությանն ու նորաձևությանը, յուրաքանչյուրս լինում ենք գլամուրային չոբան՝ թե՛ հագուկապով, թե՛ պահվածքով: 

— Կարծիք կա, որ անտրեպրիզային ներկայացումներում հանրությանը մատուցվում է ցածրաճաշակ հումոր։ 

Արմեն — Այո, շատերի կարծիքով` անտրեպրիզային ներկայացումներում բարձրարվեստ հումոր չկա: Ես ուզում եմ լսել նրանց տարբերակը: «Գլամուրային չոբանները» շուրջ 7000 մարդ է արդեն դիտել: Տոմսերը ներկայացումից երեք օր առաջ սպառվում են: Դա նշանակում է, որ այդ մարդիկ բոլորն անճաշակ են ու չե՞ն հասկանում բարձրարվեստ հումորը: Մեր ներկայացումներին դահլիճում տեսել եմ շատ լավ մտավորականների, ովքեր քահ-քահ ծիծաղում էին: Այդ նույն մտավորականներին ես հաջորդ օրը տեսել եմ «Համլետ» կամ Շեքսպիրի որևէ այլ ստեղծագործություն դիտելիս: Շատ եմ ուսումնասիրել եվրոպական դրամատուրգներին՝ Էդուարդո դե Ֆիլիպո, Կունի, նրանց մոտ շատ է զարգացած իրավիճակային հումորը: Մենք էլ ենք դա օգտագործում: Բայց Հայաստանում շատերն ինտելեկտուալ հումորը խառնում են լավ հումորի հետ: Ես` որպես սցենարիստ, մի գաղտնիք բացեմ. տափակ կատակ գրելը, որը ծիծաղեցնում է և՛ բժշկին, և՛ բանվորին, ավելի բարդ է, քան խնդիրներից բխած որևէ շատ ենթատեքստային հումոր: Հիմա ո՞րն է բարձրարվեստ հումոր: 

— Ինքներդ Ձեր ներկայացումների հաջողությունը ինչո՞վ եք պայմանավորում։ 

Արմեն — Հաջողությունը ժամանակով էլ պետք է ստուգվի։ Լինում են ներկայացումներ, որ սկզբում դահլիճը լեփ-լեցուն է լինում, բայց հետո մարդկանց հոսքը դադարում է։ Մեր երկու ներկայացումները մեկ տարուց ավելի բեմում են, դահլիճը շարունակում է լեփ-լեցուն լինել: Երևի խնդիրը` համեմված հումորով, ներկայացնում ենք ոչ թե վերամբարձ, այլ դյուրամարս տարբերակով:

Միևնույն ժամանակ աշխատում ենք, որ խորը ասելիք լինի։ Բացի այդ, արտացոլելով իրականությունը՝ նաև առաջարկում ենք բանալի: Օրինակ` «Քիթ-Cut» ներկայացման մեջ 2080 թվականն է, բայց արտացոլված է այսօրը, նաև կա առաջարկ՝ ինչ անել, որ մինչև 2080 թվականն այդքան չտուժենք։ Այսինքն` առաջարկն այսօրվա հանդիսատեսին, հայ քաղաքացուն արվում է ապագայից։ Իսկ «Գլամուրային չոբաններ» ներկայացման մեջ ամբողջովին պատկերվում է այսօրը՝ շահի հիման վրա կառուցված փոխհարաբերությունները։ Քաղաքական, սոցիալական, ընտանեկան խնդիրները ներկայացվում են հայկական համուհոտով։ 

— Ձեզ ավելի լավ եք զգում սցենարիստի՞ կարգավիճակում, թե՞ հաղորդավարի: 

Արմեն — Երբ «Գլամուրային չոբաններից» կամ «Քիթ քաթից» հետո ծափահարում են, մի վայրկյան դուրս եմ գալիս բեմ, խոնարհվում եմ, աշխարհն իմն է, այդ ժամանակ որպես սցենարիստ եմ ինձ լավ զգում: Բայց երբ ուղիղ եթերում հյուր է գալիս ու խիստ կարդացածի հայացքով խոսում է Շոպենհաուերից, իսկ նա իմ սիրելի փիլիսոփան է, ու դու նրան քո գիտելիքներով «ջախջախում» ես ու լսում օպերատորների ծափահարությունները, այդ ժամանակ էլ որպես հաղորդավար եմ ինձ լավ զգում: 

— Եթերում լուրջ դեմքով կատակելը Ձեզ մոտ սովորական է դարձել: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:

Արմեն — Այդ սովորությունն ինձ մոտ մնաց 1994 թվականից, երբ գործում էր «Ջոկ շոու» երիտասարդ հումորիստների փառատոնը: Մեծ ցանկություն ունեի մասնակցելու, նմանակողը մրցում էր դերասանի հետ: Քանի որ ես դերասանական ունակություններ չունեի, ինձ համար մշակեցի այդ տարբերակը, այսինքն տխուր դեմքով մարդ, որը բեմում կատակներ կանի: Ու դա հաջողվում էր ինձ: Այն ժամանակ ինձ նույնիսկ «տխուր» բեմական մականունով կնքեցին: Հետո հեռուստատեսությունը «գողացավ» էստրադային տխուրին, ու այդպես ձեռագիրը շարունակվեց: Ինքս իմ մեջ զարգացրեցի չդերասանությունը, մարդ, որն իներտ, անտարբեր դեմքով կարող է լուրջ կատակներ անել:

— Այդ ձեռագիրը շատերի մոտ խաբուսիկ տպավորություն է ստեղծում։ 

Արմեն — Այո, դա իմ կյանքում ինձ շատ է խանգարել: Հիմա էլ կան լրագրողներ, որ գրում են՝ ի՞նչ կապ ունի Արմենը հումորի հետ: Սա շատ դաժան բնագավառ է, ու հումորի հետ առնչություն չունեցող մարդը չի կարող 1993-ից մինչև հիմա լինել եթերում: Մարդուն պիտակավորելուց առաջ, ցավոք, չեն վերլուծում այդ ամենը: Ես դերասանություն անելու, պարիկներով խաբելու հնարավորություն միշտ եմ ունեցել, բայց չեմ արել: Ես գիտեմ, որ դերասան չեմ: Ես ավելի եզակի մասնագիտություն ունեմ՝ սցենարիստ եմ: 

— Կա՞ հաղորդում, որ կցանկանայիք վարել: 

Արմեն — Հիմա ինձ մոտ հետկադրային տրամադրություն է: Մեղմ ասած՝ թատրոնն ինձ գրավել է: Բայց որոշ ժամանակ անց, երբ անցնի հետկադրային տրամադրությունը, կցանկանայի վարել քաղաքական թոք-շոուներ: Բայց կարծում եմ՝ դա հնարավոր չէ, քանի որ «հումորիստի» պիտակով եմ կնքված: Երևի քաղաքական թոք շոու վարելու համար պետք է սպասեմ, որ մազերս մի քիչ էլ ճերմակեն (ժպտում է)։ 

— Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաներ են անցկացվում, մասնակցո՞ւմ եք դրանց։ Եվ հետաքրքիր է՝ այս խնդիրը տեղ կգտնի՞ Ձեր ներկայացումներում։ 

Արմեն — Որպես քաղաքացի՝ գրեթե միշտ ներկա եմ լինում ակցիաներին։ Այլ բան է, որ այդ մասին ֆեյսբուքյան իմ էջում չեմ գրում։ Հարցազրույցի ժամանակ ևս չէի ցանկանա բարձրաձայնել։ Շատերը որևէ խնդրի դեմ պայքարի մասնակցելիս իրենց անձն ավելի շատ են կարևորում, քան տվյալ խնդիրը։ Ես դեմ եմ դրան ու չեմ ուզում այդ մարդկանց շարքերին դասվել։ 

Էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրն, իհարկե, ինձ հուզում է, ես ևս հոսանք սպառող եմ։ Որպես սցենարիստ՝ չէի կարող չանդրադառնալ խնդրին։ Օրինակ` օրեր առաջ «Քիթ-Cut» ներկայացման մեջ արդեն ներառել ենք խնդիրը։ 

— Որպես քաղաքացի` ամենից շատ ի՞նչն է Ձեզ մտահոգում, տխրեցնում մեր հասարակության մեջ: 

Արմեն — Ինքս աֆորիզմների մեծ սիրահար չեմ, բայց հարցին պատասխանեմ փիլիսոփա Սոլովյովի խոսքերով. «Ցավոք, մեր հասարակության մեջ սրբերն ավելի շատ են, քան ազնիվ մարդիկ»: Այ, դա է ինձ մտահոգում: Իմ ներկայացումներում միշտ կան այդ մարդիկ, ովքեր սուրբ են ձևանում, բայց ազնիվ էլ չեն: -0-