Աստղեր

Հուլիսի 11-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հնչեց Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը` անզուգական Հասմիկ Պապյանի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Սիրո և նենգության, նվիրվածության և դավաճանության մասին պատմությունը, որն աշխարհի պես հին է, հնչեց նորովի` համաշխարհային օպերային աստղի աստվածային ձայնի և Հովհաննես Այվազյանի (տենոր), Ամարտուվշին Էնխբատի (բարիտոն) և Հրանտ Պապյանի (բաս) արվեստի շնորհիվ:

Չնայած գրեթե երեք ժամ տևած ելույթից հետո հոգնածությանը` Հասմիկ Պապյանը համաձայնեց պատասխանել ԱՌԿԱ Style-ի մի քանի հարցերին և խոստովանեց, որ շատ է կարոտում Հայաստանը, և «Տոսկա» օպերան իր ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է:

— «Տոսկա» օպերան Ձեզ համար…

Հասմիկ —  Այն իմ երգացանկի միակ օպերան է, որտեղ գլխավոր հերոսուհին երգչուհի է և միակ կինը: Դա շատ, շատ հաճելի է, այնքան դրամատիկ է: Ցավոք, այսօր հնարավորություն չունեի շարժվելու, քանի որ սա համերգային կատարում էր: Խաղալու համար տարածք է հարկավոր, քանի որ սա հոյակապ դրամատիկ ստեղծագործություն է: Բայց ես հուսով եմ, որ դա տեղի կունենա ապագայում:

— Ասացիք, որ կարոտում եք Հայաստանը: Չե ՞ք պատրաստվում ընդմիշտ վերադառնալ հայկական բեմ:

Հասմիկ – Շատ եմ կարոտում: Բարեբախտաբար ես հիմա հաճախ եմ լինում Հայաստանում և երկար եմ այստեղ մնում: Այսպես, այս անգամ ես Երևանում կմնամ մեկ ամիս, կմասնակցեմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը:

— Դուք ավարտել եք կոնսերվատորիայի ջութակի դասարանը: Այժմ ջութակ նվագու ՞մ եք:

Հասմիկ – Ցավոք` ոչ:

— Ձեր ամուսինը` Քոնրադ Քունը, ով Ավստրիայի պետական թատրոնի դրամատուրգն է, ոչ միայն հայերեն է սովորել, այլև թարգմանել է Չարենցի բանաստեղծությունները: Դուք մասնակցե ՞լ եք ստեղծագործական գործընթացին:

Հասմիկ – Ես օգնել եմ նրան միայն սրբագրելու գործում: Կարդացել եմ արդեն պատրաստի թարգմանություններն ու սրբագրել փոքր թերությունները, չնայած նա շատ լավ է տիրապետում լեզվին:

— Ի՞նչ եք կատարում այժմ:

Հասմիկ – Այժմ Վագներ եմ երգում: Իմ հաջորդ դերը կլինի «Լոենգրին» օպերայում  Էլզայի կերպարը:

Համերգի ֆոտոժապավենին կարելի է ծանոթանալ այստեղ: -0-