Աստղեր

Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևն Ուկրաինայի պրոֆեսիոնալ լուսանկարիչների ասոցիացիայի անդամ է, հեղինակավոր 500px լուսանկարչական միության վարկածով ընդգրկված է երկրագնդի ամենահետաքրքիր լուսանկարիչների տասնյակում և British Journal of Photography-ի վարկածով` աշխարհի լավագույն food-լուսանկարիչների հարյուրյակում։ 

Նրա գործունեության հիմնական ուղղությունը սննդի լուսանկարումն է` ռեստորանների, ամսագրերի, հրատարակչությունների և անկախ շեֆ-խոհարարների համար: Նրա տեսախցիկի առջև են եղել աշխարհի հայտնի խոհարարները և նրանց կերակրատեսակները, նրա հաճախորդն են միշլենյան աստղեր և մեծ կշիռ ունեցող այլ պարգևներ ունեցող հայտնի ռեստորանները:

«Food & Chef» միջազգային նախագծի հեղինակը որոշել է իր նախագիծն իրագործել Հայաստանում: Հայաստանի հետ կապված ծրագրերի, ինչպես նաև ընդհանուր առմամբ իր գործունեության մասին նա պատմել է «ԱՌԿԱ Style»-ին տված հարցազրույցում:

— Ալեքսանդր, Դուք աշխարհի լավագույն food-լուսանկարիչներից մեկն եք ըստ The British Journal of Photography-ի: Պատմեք, խնդրեմ, թե ինչպես է ստացվել, որ լուսանկարչությունը դարձել է Ձեր կյանքի ուղին:

Ալեքսանդր — Իմ սիրած ասացվածքներից մեկը սա է` քո կյանքի բոլոր իրադարձությունները բերել են նրան, ինչով դու հիմա զբաղվում ես: Լուսանկարչությամբ բավականին ուշ եմ սկսել զբաղվել` քսանյոթ տարեկանում: Բոլորովին պատահաբար ձեռքս վերցրեցի այսօրվա չափանիշներով հին համարվող Canon 350D խցիկը, և սկսվեց: Այդ պահից գործնականում չեմ բաժանվում լուսանկարչական ապարատից:

Իսկ արվեստի հետ կապված եմ մանկությունից: Դեռ հանրակրթական դպրոցի առաջին դասարանում մայրս ինձ տարավ գեղարվեստի դպրոց, որտեղ ես հաջողությամբ սովորեցի մոտ հինգ տարի և նույնիսկ մի քանի համամիութենական, իսկ այնուհետև` միջազգային պարգևներ նվաճեցի: Կարծում եմ, որ գեղարվեստի դպրոցում ստացածս գիտելիքները շատ են ինձ օգնում իմ գործում:

— Ինչու՞ հենց food-լուսանկարչություն:

Ալեքսանդր — Բնականաբար, ինչպես և ցանկացած լուսանկարիչ, իմ ուղու ամենասկզբում ես նկարում էի ամեն ինչ` սկսած ընկերական հավաքույթներից և ավարտած հարսանիքներով: Աստիճանաբար, քայլ առ քայլ ես սկսեցի հրաժարվել իմ ամենաչսիրած ուղղություններից: Սկզբից դա ռեպորտաժն էր, հետո` հարսանիքները: Այսինքն, ես իմ կատարյալ ուղղության որոնման մեջ չէի: Պարզապես, դեն էի նետում այն, ինչ ինձ հաճույք չէր պատճառում:

Եվ որոշ ժամանակ անց նկարում էի միայն գովազդ և դիմանկարներ:

Այնուհետև ստացա մենյուի նկարահանման առաջին պատվերը: Եվ այն աստիճան ընկղմվեցի գործընթացի մեջ, որ հասկացա` առանց այդ ռեստորանային իրարանցման արդեն չեմ կարող: Եվ ահա, food-լուսանկարչությունում առաջին փորձերիցս երեք տարի անց նկարահանում եմ բացառապես սնունդ և ռեստորանների շեֆ-խոհարարներին:

Եվ դա նորմալ է: Ես ամենասկզբից գիտեի, որ կգա մի օր, և ես նեղ մասնագիտական ոլորտում կմնամ: Որու՞մ: Դա ինձ համար ժամանակի հարց էր, քանի որ այն ժամանակ ես իմ լուսանկարչական կարիերայի մեկնարկային կետում էի:

— Ի՞նչն է, Ձեր կարծիքով, հաջողակ դարձնում լուսանկարչին:

Ալեքսանդր — Աշխատանքը սկսելու համար երեք գործոն ունեմ: Դա հաճույքն է, իմ պրոֆեսիոնալ աճը և փողը: Եվ եթե երեքից երկու գործոնն ապագա աշխատանքում առկա են, ապա ես վերցնում եմ այն: Եթե կա ընդամենը մեկը, կամ ընդհանրապես ոչինչ, ապա խորհուրդ եմ տալիս փնտրել մեկ այլ լուսանկարչի:

Դա ինձ թույլ է տալիս ոգեշնչմամբ նկարահանել այն, ինչ սիրում եմ, և կարծում եմ, որ դա հաջողության առաջին կետն է:

Երկրորդը պարզապես շատ աշխատելն է: Ոչ թե նստել և սպասել, թե երբ աշխատանքն ինքը կգա քեզ մոտ, այլ աշխատել, աշխատել և կրկին աշխատել: Ես չեմ հավատում ժամանակակից նորաձև գրքույկներին, որոնք կոչ են անում երազել և դրական մտածել հաջողության հասնելու համար, բայց մոռանում են ասել, որ միաժամանակ պետք է շատ աշխատել: Չէ՞ որ երբ զբաղվում ես սիրած գործով, ապա տրամադրությունն ինքնըստինքյան դրական է, և, ծրագրելով օրերը, ամիսներն ու տարիները` ակամայից սկսում ես երազել:

Կա հաջողության այսպիսի բանաձև` լինել → կատարել → ունենալ: Սկզբից ես ասացի ինքս ինձ. «ես լավագույնն եմ», հավատացի դրան, դարձա այդպիսին ներքուստ, իսկ այնուհետև, ոգևորված, սկսեցի անել ամենը նրա համար, որ ամբողջ աշխարհն ասի` «նա լավագույնն է»: Դե, ես այսօր լավագույնը չեմ աշխարհի համար, բայց նա ինձ արդեն ասել է. «դու լավագույնն ես հարյուրի մեջ»:

Եվ վերջին կետը` փող ներդնելն է սեփական ուսման մեջ: Չէ՞ որ, ցանկացած դեպքում, գալիս է մի պահ, երբ դեմ ես առնում սեփական գիտելիքներիդ: Եվ այդ ժամանակ պետք է ազդակ, և ինձ համար այդ ազդակները վարպետության դասերն ու որակավորման բարձրացման զանազան դասընթացներն են:

Այս երեք գործոններն ինձ թույլ տվեցին համատեղել իմ երեք սիրած զբաղմունքները` ճանապարհորդությունները, լուսանկարչությունը և խոհարարությամբ զբաղվելը: Ես ճանապարհորդում եմ աշխարհով, ինձ հրավիրում են լավագույն ռեստորաններ, ես նկարում եմ լավագույն շեֆ-խոհարարների համար:

— Պատմեք Ձեր Food & Chef նախագծի մասին:

Ալեքսանդր — Ես հավատում եմ, որ լուսանկարիչն ընդունակ է ազդել հեռուստադիտողի գիտակցության վրա, ստիպել նրան մտածել այս կամ այն բաների մասին: Եվ հավատում եմ, որ լուսանկարիչն արարող է: Նրան շնորհ է տրված: Եվ լուսանկարիչը պարզապես պարտավոր է աշխարհին վերադարձնել այդ պարգևը` ազդելով իրեն շրջապատող մարդկանց վրա: Ձևերից մեկը սա է` նախագծեր, որոնք անում ես քեզ համար, ուրիշ մարդկանց համար` նպատակ չունենալով գումար աշխատել դրանից:

Իմ այդ նախագիծը Food & Chef-ն է: Ես պատմում եմ աշխարհի լավագույն շեֆ-խոհարարների մասին, մարդկանց հետ կիսում նրանց բաղադրատոմսերը: Չէ՞ որ, յուրաքանչյուր կերակրատեսակի հետևում մարդու ճակատագիր կա: Ո՞վ է պատրաստել այս կամ այն կերակրատեսակը: Ո՞վ է այդ մարդը: Ո՞րն է նրա զբաղմունքը: Աչքերի գու՞յնը:
Մի անգամ, խորհելով այդ մասին, ես հորինեցի Food & Chef-ը: Ի սկզբանե ծրագրում էի պատրաստել օդեսացի խոհարարների ալմանախ և դրանով սահմանափակվել, բայց հետո ինձ սկսեցին հրավիրել նաև ուրիշ քաղաքներ և երկրներ: Այժմ իմ պորտֆոլիոյում են 150 շեֆ-խոհարարներ 13 երկրներից` իրենց տարածաշրջանների լավագույն և արժանի խոհարարները: Հայաստանը կլինի իմ 14-րդ երկիրը: 

— Դուք ընդգրկել եք Հայաստանը Ձեր նախագծում: Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ընտրությունը:

Ալեքսանդր — Այնպես է ստացվել, որ մանկությունից ինձ հայեր են շրջապատում: Հայրիկիս լավագույն ընկերը հայ է: Միության փլուզումից հետո նրա բիզնես գործընկերը հայ է: Իմ լավագույն ընկերուհին հայուհի է: Առաջին կինս կիսով չափ հայուհի է: Մեծ թվով հայ ընկերներ: Եվ ես մանկությունից պատմություններ եմ լսել Հայաստանի, նրա հյուրընկալության և հայկական շատ համեղ սննդի մասին: Ինչո՞վ է պայմանավորված որոշումս: Կարծում եմ` ակնհայտ է (ժպտում է):

— Մի՞շտ եք համտեսում այն, ինչ լուսանկարում եք:

Ալեքսանդր — Եթե անկեղծ ասեմ, ապա դա ամենատարածված հարցն է «ինչու՞ եք դարձել ֆուդ-լուսանկարիչ»-ից հետո, և ես միշտ նույնն եմ պատասխանում` եթե համտեսեի ամեն ինչ, կդառնայի ամենամեծ մարդը Երկրի վրա: Չէ՞ որ երբեմն պետք է օրական քսան-երեսուն կերակրատեսակ նկարել: 

Բայց իրականում միշտ չէ, որ հնարավոր է հրաժարվել որոշ կերակրատեսակներից: Ես նույնիսկ գրել եմ այդ մասին իմ բլոգում:

Այդ իսկ պատճառով ես մի փոքր ձևափոխել եմ չինական ավանդույթը, երբ իր բարեկեցությունը ցույց տալու համար չինացին ուտում է ոչ թե ամբողջ կերակրատեսակը, այլ միայն համտեսում է կերակրատեսակը:

Իսկ ահա իմ դեպքում դա ոչ թե բարեկեցությունը ցուցադրելու, այլ պարզապես չգիրանալու ձև է (ժպտում է): -0-