Աստղեր

Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը, ով The British Journal of Photography ամսագրի վարկանիշով ներառված է աշխարհի լավագույն food-լուսանկարիչների հարյուրյակում, առաջին անգամ այցելել է Հայաստան: Աշխարհի առաջատար food-լուսանկարիչներից մեկը «ԱՌԿԱ Style»-ին պատմել է Հայաստան կատարած իր առաջին այցելության, Երևանում նախատեսված վարպետության դասերի և շատ այլ բաների մասին:

Երևանն ինձ համար արևի բույրն ունի…

Երբ առաջին անգամ այցելում եմ որևէ երկիր, առաջինն ուշադրություն եմ դարձնում բույրին: Բույրով հասկանում եմ, թե դուր է գալիս ինձ երկիրը, թե ոչ: Երևանն ինձ շատ է դուր գալիս, այն բուրում է ջերմությամբ և արևով:

Ես օդեսացի եմ և կարծում եմ, որ Երևանը շատ նման է Օդեսային: Մարդիկ ժպտում են, երջանիկ տեսք ունեն: Նման բան հազվադեպ կհանդիպես ժամանակակից քաղաքներում:

Կերակուրը ներկայացնելու արվեստը Հայաստանում պատշաճ մակարդակի վրա է:

Հայաստանում կարողանում են ներկայացնել կերակուրը: Ես եկա նման եզրակացության` այցելելով երկու ռեստորան: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես են Հայաստանում ներկայացնում կերակուրը: 

Ջենթլմեն լուսանկարիչը

Ես երբեք չեմ քննարկում իմ գործընկերների աշխատանքը: Ամեն մեկը տեսնում և  զգում է յուրովի: Կան տեխնիկական նրբություններ, որոնք կարելի է քննարկել, սակայն լուսանկարելու պատկերացումը ես երբեք չեմ քննարկում:

Ինքնուս լուսանկարիչը

Ես ինքնուս եմ, այսինքն` սկզբում հատուկ չեմ սովորել լուսանկարել: Այո, ես գեղարվեստական կրթություն ունեմ, սակայն այն կապ չունի լուսանկարչության  հետ: Ամեն ինչ ինքս եմ սովորել: Որոշ ժամանակ կարծում էի, որ դա նորմալ է և որ դա է իսկական ուղին: Իսկ հետո հասկացա, որ մի կյանք եմ ապրում և քիչ ժամանակ ունեմ ինքնակրթության վրա այն ծախսելու համար: Դրանից հետո սկսեցի այցելել տարբեր վարպետության դասերի և թրեյնինգների: Սկսեցի որպես օգնական աշխատել այլ լուսանկարիչների մոտ, որպեսզի սովորեմ այն, ինչ կարողանում են անել այդ մարդիկ:

Վարպետության դաս. քեզանից մի մասնիկն ուրիշներին փոխանցելու հնարավորություն

Արդեն մի քանի տարի է food-լուսանկարչությանը նվիրված վարպետության դասեր եմ կազմակերպում: Ընդհանուր առմամբ, արդեն մի քանի տասնյակ դասեր եմ անցկացրել: Ես`որպես լուսանկարիչ, կարծում եմ, որ հարկավոր է կիսել սեփական գիտելիքները, քանի որ դա օգուտ է բերում ոչ միայն նրանց, ովքեր լսում են, այլ նաև այն մարդուն, ով դասավանդում է, քանի որ այդ կերպ նա համակարգում է իր գիտելիքները: Իմ վարպետության դասերի մասնակիցները առաջին հերթին իմանում են, թե ինչպես եմ ես լուսանկարում ճաշատեսակները, ինչպես է դա ինձ մոտ ստացվում: Ես, կարծես, իմ մի մասնիկն եմ թողնում նրանց։  

Ինչպես Սլյադնևը հաղթեց պիցցային 

Կան դասական ճաշատեսակներ, որոնք, սկզբունքորեն, նույն տեսքն ունեն: Դրանք գրեթե չեն փոխվում` անկախ այն բանից, թե ինչ խոհարար է պատրաստել: Դա դասական աղանդերն է, ապուրները: Կան ճաշատեսակներ, որոնք բարդ է լուսանկարել: Դրանք հնարավոր չէ լուսանկարել առաջին անգամից: Մինչև վերջերս ինձ համար նման ճաշատեսակ էր պիցցան: Ես խուսափում էի լուսանկարել այն: Հետո պարզապես պայմանավորվեցի իմ ընկեր շեֆ-խոհարարի հետ, և մենք լուսանկարեցինք պիցցան այնքան ժամանակ մինչև ես չսովորեցի դա անել:

Արհե՞ստ, թե՞ արվեստ

Food-լուսանկարչությունը կարելի է համարել ինչպես արհեստ, որը կարելի է վերածել արվեստի, այնպես էլ արվեստ, որը կարելի է վերածել արհեստի…

Լուսանկարներն արվել են «Սալոն» ռեստորանում:-0-