Աստղեր

Ռուբեն Հախվերդյան, Լիլիթ Պիպոյան, Հայրիկ Մուրադյան, Արթուր Մեսչյան… «Արի, իմ սոխակ» օրորոցային երգը կատարողների այս ցանկում այսուհետ կավելանա նաև «Էմփիրեյ» ռոք խմբի անունը: Օրեր առաջ խումբը հանրության դատին հանձնեց օրորոցային երգի իր տարբերակը, ինչի կապակցությամբ «ԱՌԿԱ Style»-ը զրուցեց «Էմփիրեյ» ռոք խմբի դաշնակահար, երգահան Գիսանե Պալյանի հետ: 

— Գիսանե, ինչու՞ որոշեցիք օրորոցային այս երգը ներկայացնել ռոք ժանրում:    

Գիսանե — Շատ մայրեր են այս օրորոցայինը երգել իրենց փոքրիկների համար: Ժամանակին մայրս երգել է ինձ համար, ես էլ իմ հերթին` իմ բալիկերի համար: Երգը բազմիցս կատարել են նաև տարբեր երգիչներ: Բոլորի կատարումներն էլ ինձ դուր են գալիս: Միշտ ցանկացել եմ, որ այս երգը հնչի նաև մեր խմբի տարբերակով: Կարծում եմ` արդեն հասունացել էր ցանկությունը կյանքի կոչելու պահը: Նոր վոկալիստ ունենալու պայմաններում երգը Էմփիրեյի ձեռագրով մատուցելը մեծ փորձարարություն էր մեզ համար: Սուրեն Պողոսովի հետ (Խմբի նոր վոկալիստն է-Առկա Style) ընդամենը երկու երգ ենք պատրաստել: «Արի, իմ սոխակ» երգը թվով երրորդն է մեր համատեղ աշխատանքում: Քանի որ Սուրենն ունի ձայնի գեղեցիկ տեմբր, որոշեցինք, որ շատ գեղեցիկ կլինի, եթե օրորոցայինում հնչի նաև կանացի ձայն: Մենք չունեինք նման նախադեպ, մեր երգերում բեք-վոկալ երգչուհու ձայն չի հնչել: Առաջարկեցինք «X Factor» նախագծի վերջին եթերաշրջանի մասնակից, «DaDu»  խմբի անդամ Սոնա Դունոյանին:  Նա սիրով համաձայնեց, ու ստացվեց «Արի, իմ սոխակ» օրորոցայինի ռոք տարբերակը:

— Երգն ունենալու՞ է տեսահոլովակ: 

Գիսանե — Անկեղծ ասած` չէինք սպասում, որ երգն այսքան մեծ արձագանք կունենա: Մի քանի օրվա ընթացքում միայն Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված  երգը, որը չունի  տեսահոլովակ, բազմաթիվ հավանություններ ու մեկնաբանություններ ստացավ ու այնպիսի մարդկանցից, որոնց կարծիքը մեզ համար չափազանց կարևոր է: Դա ամենալավ ապացույցն է, որ երգը դուր է եկել մարդկանց, ու ամենալավ մոտիվացիան է, որ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանենք: Աշխատանքներն այդ ուղղությամբ շուտով կսկսենք:

— Հին երգերը Էմփիրեյի ձեռագրով ներկայացնելու միտումը կշարունակվի՞:

Գիսանե — Այո: Հին, մոռացված, ոչ հաճախակի հնչող երգերը  երիտասարդ սերնդին ավելի լսելի դարձնելու համար «Էմփիրեյ» խումբը որոշել է դրանք մատուցել նորովի: Կարծում եմ` երգն ու երաժշտությունը երիտասարդներին պետք է մատուցել իրենց ժամանակի մեջ: Դա կլինի հին երգերի նախագիծ ու շարունակական բնույթ կկրի:

— Խմբի կիթառահար Կարեն Արզումանյանը հարցազրույցներից մեկում, անդրադառնալով Սարգիս Մանուկյանի` ԱՄՆ մեկնելու հանգամանքին, նշել էր, որ  ծանր ժամանակներ են խմբի համար, և որ վոկալիստի փոփոխությամբ փոխվում է խմբի դեմքը:   

Գիսանե — Մեզանում խմբերն այնքան հայտնի չեն, որքան նույն այդ խմբերի մեներգիչները: Մարդիկ հիմնականում ճանաչում են մեներգիչներին: «Էմփիրեյ» խումբը միշտ ասոցացվել է Սարգիս Մանուկյանի հետ: Շատերը նրան ինչ-որ տեղ հանդիպելով` ասում էին, վայ Էմփիրեյն է: Դա բնական էր, քանի որ մարդիկ նրան էին տեսնում:

Բացի այդ, Սարգիսը խմբի հիմնադիրներից է եղել: Նրա` ԱՄՆ մեկնելն իսկապես ծանր  հարված էր խմբի համար: Բարդ խնդրի առջև կանգնեցինք, բայց կարծում եմ, որ անելանելի վիճակներ չեն լինում: Որոշեցինք ընտրել նոր վոկալիստի, ում չեն համեմատի Սարգսի հետ:

Մեր նոր վոկալիստի` Սուրենի ձայնային տվյալներով ես տպավորվել էի դեռ նրա` «Սուպերսթար» նախագծի մասնակցության ժամանակ: Սուրենը ձայնի առումով խիստ տարբերվում է Սարգսից: Մտածեցինք, որ կարելի է նման կտրուկ փոփոխություն անել: Բացի այդ, Սուրենը բավական երիտասարդ է` ընդամենը 20 տարեկան: Մինչդեռ մեր խումբն այս տարի դարձավ 20 տարեկան: Դա խոսում է այն մասին, որ նա այլ ժամանակի ներկայացուցիչ է: Մենք ինքներս գիտակցելով, որ ժամանակները փոխվել են ու պետք է քայլել ժամանակին համընթաց, որոշեցինք խմբում ներգրավել Սուրենին: Բնականաբար, այդ փոփոխությունն անդրադառնում է խմբի վրա: Ընդհանրապես, ամեն վոկալիստ բերում է իր ձեռագիրը: Այսինքն, իսկապես կարելի է ասել, որ խմբի դեմքը փոխվում է: -0-