Աստղեր

Թեև Դիանա Դիկովսկին պատրաստվում էր բժիշկ դառնալ, այնուհանդերձ նրա վոկալային տվյալները համընդհանուր ուշադրություն էին գրավում դեռ այն ժամանակ, երբ շատ փոքր էր: Դիանան պետք է հայտնի դառնար ու զարգացներ այդքան ակնհայտ վառ տաղանդը, և ապագա երգչուհին հայտնվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Իսկ ճակատագիրը հերթական շրջադարձն էր պատրաստել: Դիկովսկին ավարտեց կոնսերվատորիայի «վոկալային արվեստ» բաժինը և… տրվեց ջազին: Դիանան դարձավ բազմաթիվ մրցույթների և փառատոների դափնեկիր, հանդես եկավ ջազի աշխարհահռչակ կատարողների հետ, մասնակցեց բազմաթիվ բարեգործական նախագծերի։ Այս ամենից բացի, այսօր նա զբաղվում է նաև դասախոսական գործունեությամբ և Իգոր Բուտմանի ջազ-ակումբի ռեզիդենտ է: 2014-ին Դիանան մենահամերգներ է ունեցել Երևանում և Գյումրիում:

Դիանան համաձայնեց պատասխանել «ԱՌԿԱ Style»-ի հարցերին։ Նա խոսեց Երևանում հունիսի 1-ին կայանալիք համերգի մասին և պատասխանեց ևս մի քանի հարցի։

— Ձեր երևանյան համերգի համար ինչու՞ եք ընտրել հենց հունիսի 1-ը:

Դիկովսկի — Սկզբում պարզապես զուգադիպեց, իսկ հետո ես որոշեցի, որ ավելի լավ է համերգը նվիրել երեխաներին: Թեև, ցավոք սրտի, մեր հայ ծնողները միշտ չէ, որ երեկոյան երեխաներին իրենց հետ որևէ տեղ են տանում: Ես հասկանում եմ, թե ինչ է ռեժիմը, հասկանում եմ, որ երեխաները պետք է քնեն, բայց նրանց համար օգտակար կլինի գեղեցիկ դասական, հոգևոր և ջազային երաժշտություն լսելը:

— Ի՞նչ ստեղծագործություններ են ընդգրկվել Ձեր համերգային ծրագրում:

Դիկովսկի — Շեշտը կդրվի տարբեր կոմպոզիտորների և կատարողների ջազային ստեղծագործությունների վրա: Կհնչեն ռուսական և հայկական ջազային ստեղծագործություններ:

— Դուք տարբեր երկրներում ելույթ ունենալու փորձ ունեք: Հայաստանում համերգը Ձեզ համար սովորական ելու՞յթ է, թե՞ ավելի մեծ նշանակություն ունի:

Դիկովսկի — Հայկական լսարանը հիանալի գիտի, թե ուր է եկել: Այդ մարդիկ կա՛մ իմ մտերիմներն են, կա՛մ իմ մտերիմների ծանոթները: Լինում են, իհարկե, պատահական եկած հյուրեր, որոնք համերգից հետո դառնում են իմ ընկերները:

— Ջազային երաժշտության յուրաքանչյուր կատարող ունի ջազի իր բնորոշումը: Ջազը Ձեզ համա՞ր…

Դիկովսկի — … ինձ համար ազատություն է: Կատարման, թռիչքի, տրամադրության ազատություն: Երբ ուսանում էի Կոնսերվատորիայում` դասական վոկալի բաժնում, ջազն իմ չիրագործված ցանկությունն էր: Իսկ երբ սկսեցի ջազ կատարել, ես վատ էի զգում, որ դավաճանել եմ դասական երաժշտությանը: Բայց հետո հասկացա, որ ջազը նույնպես դասական երաժշտություն է:

— Ձեր ստեղծագործական կարիերայի հարցում շատ առումներով մեծ դեր է ունեցել մաեստրո Լևոն Մալխասյանի հետ հանդիպումը:

Դիկովսկի — Նրա հետ հանդիպումը իսկապես շրջադարձային եղավ ինձ համար: Մենք հանդիպեցինք 2007-ին: Երբ իմացավ, որ երգչուհի եմ, առաջարկեց ինձ երգել: Մենք միասին կատարեցինք «Ջորջիան», որից հետո ամեն ինչ սկսվեց: Նա ինձ ստիպեց հավատալ, որ ես կարող եմ ջազ երգել: Նա ասաց, որ ես ոչ միայն երգչուհի եմ, այլ նաև «շոուվումեն»` աստղափոշին գլխիս:

— Դուք նաև ակտիվ զբաղվում եք բարեգործական գործունեությամբ, օգնում եք հիվանդ երեխաներին: Դա հոգու կա՞նչ է, թե՞…:

Դիկովսկի — Ես ոչ մի բան չեմ անում միայն այն պատճառով, որ իմ մասին խոսեն: Երբեք չեմ անում այն, ինչ չեմ ուզում:

— Դուք ելույթ եք ունեցել հայտնի երաժիշտներ Roy Young–ի, Ty Stephenes–ի, Վադիմ Էյլենկրիգի, Դանիիլ Կրամերի, Սերգեյ Մանուկյանի, Վահագն Հայրապետյանի, Լևոն Մալխասյանի հետ: Ինչո՞վ են հիշարժան դարձել այդ ելույթները:

Դիկովսկի — Դրանք զուտ ելույթներ չէին անվանի երաժիշտների հետ, ես հանդես եմ եկել նրանց հոգիների հետ: Օրինակ` Roy Young-ը` խռպոտ ձայնով ջամայկացի երգիչը, կարող է մահացած մարդուն կյանք վերադարձնել: Նա ինձ պատահմամբ մոտեցավ, որովհետև շատ ակտիվ էի եղել համերգի ժամանակ, մենք միասին իմպրովիզներ կատարեցինք… Ty Stephenes-ը Բրոդվեյի երգիչ է, բազմաշերտ մարդ, նա ասաց ինձ, որ ես երգում եմ հոգով, սրտով… Լևոն Մալխասյանը իմ ուսուցիչն է, պահապան հրեշտակը:

— Դուք զբաղվում եք դասախոսական գործունեությամբ: Դասախոս լինելը Ձեզ համար…

Դիկովսկի — Ես հավանաբար բնատուր մանկավարժ եմ: Ես միշտ մեծ հաճույքով եմ զբաղվել երեխաների հետ: Իմ երաժշտական կարիերան Մոսվկայում սկսել եմ հենց դասախոսությամբ: Տիեզերքին հավանաբար այդպես էր պետք: Ավելի ուշ ինձ մոտ նոր բացահայտում եղավ` ոչ ավանդական վոկալը: Փակագծերը չեմ բացում, քանի որ անձնական է և անհատական: Ես ձայնի միջոցով կարող եմ հասկանալ, թե մարդն ինչ հոգեբանական խնդիրներ ունի, և մենք սկսում ենք բացահայտել «խցանումները», կուտակված վիրավորանքները:

— Ձայնը հոգու հայելի՞ն է:

Դիկովսկի — Անշուշտ։ Ես կարող եմ ձեզ ասել, թե ով եք դուք, ինչպիսի բնավորություն ունեք:
 
— Մասնակցել եք «Արի ամուսնանք» ծրագրին և նշել, որ մտադիր եք փոխել ձեր քաղաքացիական կարգավիճակը: Արդեն կարելի՞ է շնորհավորել:

Դիկովսկի — «Արի ամուսնանանք» ծրագիրն ինձ համար զուտ PR քայլ էր:

— Երբ հայտարարեցիք, թե պատրաստվում եք ամուսնանալ, նույնպես PR քա՞յլ էր:

Դիկովսկի — Ինտրիգը միշտ է պետք արտիստին: Վերջին երկու տարիներին ես պատրաստ եմ ամուսնանալ: Նախկինում ես միշտ ուշադրություն եմ դարձրել միայն կարիերայի և հոգևոր աճի վրա: Ես կարող եմ այս կյանքում կորցնել ամեն ինչ և չափսոսալ դրա համար, բացի հոգուց: Ես ցանկանում եմ հանդիպել այն մարդուն, ով շատ բան է տեսել, ներքին ազատություն ունի: Ես կաղոթեմ նրա համար…-0-