Աստղեր

Երևանյան «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնի միջազգային վավերագրական մրցութային ծրագրում շվեյցարացի ռեժիսոր Նիկոլա Բելուչին ներկայացրել էր «Գրոզնի բլյուզ» ֆիլմը` մերօրյա Չեչնիայի մասին:

– Պարոն Բելուչի, ի՞նչն ամենից շատ Ձեզ ցնցեց Չեչնիայում։

Ն. Բելուչի – «Ցնցել» բառը միգուցե այնքան էլ ճիշտ բառ չէ, քանի որ մենք Չեչնիայում ենք եղել 3 տարի, և այդ ժամանակահատվածում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր։ Մենք ցուցադրել ենք այն, ինչը հանդիսատեսը չի կարող տեսնել, ինչի մասին չի կարող պատմել։ Իսկ դա շատ դժվար է անել` նկարահանումների առումով։ Մեր առջև խնդիր էր դրված` ներկայացնել պատմություն, որն ապրիորի անհնար է պատմել։ Ոչ ոք չէր կարող բացեիբաց խոսել, դու չես կարող գնալ այնտեղ, որտեղ ուզում ես, ուսումնասիրել այն, ինչ ուզում ես, դու ոչինչ չես կարող անել, ինչպես այնտեղ բնակվող մարդիկ։ Էլ ի՞նչ կարող ես ցույց տալ, ի՞նչ նկարահանել։

Մենք չունեինք նկարահանման թույլտվություն, թաքնված էինք` ներկայանալով զբոսաշրջիկներ։ Նկարահանման խմբի վրա անմոռանալի տպավորություն թողեցին ֆիլմի հերոսների հետ զրույցները, քանի որ նրանց հետ շփման միջոցով մենք զգացինք նրանց տառապանքը։ Բայց ամենահուզիչը մարդիկ են, ովքեր շատ բան ունեն պատմելու, բայց չեն կարող, փորձում են գոյատևել նմանատիպ իրավիճակում։

– Ձեր ֆիլմում ներկայացված են  պատերազմի և հետպատերազմյան սերունդներ։ Առաջինն ունի ավելի կոշտ և դաժան կենսագրություն, իսկ երկրորդն ավելի երջանիկ է թվում։ Արդյո՞ք դա այդպես է։

Ն. Բելուչի – Ֆիլմում երկուսից ավելի սերունդներ են, ամենաքիչը` երեք… Ներկայացված է նաև «միջին» սերունդը։ Երեք կանայք, ովքեր 40–50 տարեկան են, ովքեր ապրել են Խորհրդային միության տարիներին, պատերազմի ժամանակ, նրանց կյանքը փլուզվել է։ Նրանք չեն ամուսնացել, չեն ունեցել երեխաներ։ Նրանցից մեկը ֆիլմում ասում է, որ «Պերեստրոյկան կործանեց իր կյանքը»։ Այլ խոսքով` նրանք Պերեստրոյկան նույնացնում են պատերազմի հետ։ Նրանք բոլորն իմ ֆլիմի հերոսներն են։

– Ասում են, որ առանց անցյալի հստակ գիտակցման չի կարող ապագայի հույս լինել։ Դուք համաձա՞յն եք այս արտահայտության հետ։

Ն. Բելուչի – Վառ օրինակ է Գերմանիան, որը, միգուցե, միակ երկիրն է, որտեղ փորձում են խոսել անցյալի մասին: Հենց այս հարցն էր ինձ պետք լուծել` ինչպե՞ս ֆիլմը հասցնել ավարտին, ներկայացնել հու՞յս, թե՞ հիասթափություն…

Հանդիսատեսը ֆիլմի վերջում պետք է տեսներ հնարավորություն։ Մենք չենք ցանկացել ֆիլմում ներկայացնել հիասթափություն, ոչ մի նման բան։ Փորձել ենք փոխանցել այդ մարդկանց ներաշխարհը։ Փորձել ենք կոտրել «արտասվող չեչեն կնոջ» կարծրատիպը, ներկայացնել նրա անհատականությունը։

Նրանք բոլորը շատ են տառապել, բայց կովկասցիները երբեք ցույց չեն տալիս դա։

– Դուք Ձեր ֆիլմում ամենատարբեր տեսանկյուններից անում եք «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցադրումը… 

Ն. Բելուչի – Կարծում եմ, որ նրանք բավականին շատ են պատերազմ տեսել։ Եկել է քննարկելու, ամեն ինչ «ջրի երես» հանելու ժամանակը, փորձելու խոսել ավելի պարզ` փոխզիջումներով։ Խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում սկսել հաշտեցման գործընթացը։ Սա ամենամեծ մարտահրավերն է` ինչպե՞ս խոսել նորովի։ Իհարկե, շատ մարդիկ Չեչնիայում մեզ ասացին, որ պատերազմ չեն ցանկանում, չեն ցանկանում անկախանալ Ռուսաստանից։ «Մենք ցանկանում ենք արժանապատվություն, ցանկանում ենք, որպեսզի մեզ վերաբերվեն որպես կենդանի արարածների, որպեսզի մեզ հարգեն` որպես անհատների», սա է նրանց ցանկությունը։

Այստեղ ուրվագծվում է փոխզիջման հարցը։ Խնդիրն այն է, որ փոխզիջում է ձեռք բերվել ամենավերևում, սակայն այն բացակայում է հասարակությունների մակարդակում։ Դա փոխզիջում է իշխանությունների միջև, այլ ոչ թե ժողովուրդների։

– Գուցե՞, դա է հույսը։

Ն. Բելուչի – Այո, մենք պետք է այն փնտրենք, ոչ թե մտածենք նոր պատերազմի մասին։ Եվ դա կիրառելի է նաև Հայաստանի, հայկական հասարակության համար։ Դուք ինքներդ  Հայոց ցեղասպանության հսկայական պատմությունն ունեք…

«Գրոզնի բլյուզ» ֆիլմի գրախոսությունը կարող եք ընթերցել այստեղ: -0-