Աստղեր

Ավետ Բարսեղյանին իրավամբ կարելի է համարել հայկական շոու-բիզնեսի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը: Կոմպոզիտորն ու հեռուստահաղորդավարը տասնյակ հայկական հիթերի հեղինակ է, Ավետը գրել է «Հույսի նավակ» երգի խոսքերը, որի երաժշտության հեղինակը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է: «ԱՌԿԱ-Style»-ին տված բացառիկ հարցազրույցում Ավետ Բարսեղյանը պատմել է կյանքի, ստեղծագործության և շոու-բիզնեսի նկատմամբ իր հայացքների մասին:

— Ավետ, Դուք ասում էիք, որ էզոթերիկ գրականության սիրահար եք: Ինչո՞վ է Ձեզ հարազատ այդ ուղղությունը: 

Ավետ – Տասնյոթ տարեկանում ես կարդացի Գրիգորի Կլիմովի «Խավարի իշխանը» գիրքը, և ինձ սկսեց հետաքրքրել էզոթերիկ ժանրը, երբ գրողը փոխանցում է քեզ հենց այն գույները, որոնք օգնում են նորովի ապրել: Միաժամանակ հեղինակն ընթերցողին է փոխանցում որոշակի «ամալգամա», որպեսզի ընկալես աշխարհը այլ կերպ, քան այն ներկայացվում է, օրինակ, կապույտ էկրանով: Ընդհանրապես, ինձ միշտ գրավել են հաղորդումները տիեզերքի, աշխարհի ստեղծման և այն ամենի մասին, ինչ կապված է գերբնականի հետ: 

— Ի՞նչ եք հիմա կարդում, որո՞նք են Ձեր ամենասիրած գրքերը: 

Ավետ – Առաջին հերթին, իհարկե, դա Աստվածաշունչն է: Այժմ ես կարդում եմ Վադիմ Զելանդի «Իրականության փոխակերպում» ցնցող գիրքը: Իսկ իմ ամենասիրած գրքերից է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան»: 

— Ի՞նչ է Ձեր համար հաջողությունը, Դուք Ձեզ հաջողա՞կ համարում եք:

Ավետ – Երբ դեռ նոր էի սկսում կարիերան, անգամ չէի էլ մտածում այն մասին, որ գոյություն ունի հաջողություն: Պարզապես զբաղվում էի գործունեությամբ, որն ինձ հաճույք էր պատճառում: Ընդհանուր առմամբ, ինձ համար հաջողությունը փոքրիկ ուրախություններ են, շփումը մարդկանց հետ, նրանց բարյացակամ կամ ոչ բարյացակամ վերաբերմունքն իմ նկատմամբ: Այս երկու բևեռները ես սիրում եմ և ողջունում ինչպես իմ հասցեին հնչող քննադատությունը, այնպես էլ սերը: 

Ինձ հաջողակ եմ համարում այն ժամանակ, երբ իմ և մտերիմներիս մոտ ամեն ինչ լավ է: Ինձ հաճելի է խոսել գրքերի մասին ընթերցող լսարանի հետ, և սա ինձ համար ևս հաջողություն է:
 
Իսկ ինչ վերաբերում է «հաջողություն» հասկացությանը՝ որպես շոու-բիզնեսում կենսակերպի, ապա ես չեմ ցանկանում անգամ ժամանակ վատնել հաջողության այնպիսի «մանր» կողմերի քննարկմանը, ինչպիսիք են, օրինակ, տեսախցիկների ու սոֆիտների լույսերը և այլն:

— Ունե՞ք հաջողության սեփական բանաձևը:

Ավետ – Հաջողության ոչ մի բանաձև չունեմ: Կարող եմ միայն ասել, որ մարդը պետք է զբաղվի ոչ միայն այն գործով, որն իրեն ուրախացնում է, այլ նաև երբեմ նրանով, որը լարում է պահանջում: Բնական է՝ միշտ չէ, որ ամեն ինչ աշխատանքում հարթ է ընթանում: Իհարկե, հեռուստադիտողներին հաճախ թվում է, թե էկրանին ամեն ինչ սահուն է ընթանում, սակայն մեզ մոտ ևս հաճախ բարդ իրավիճակներ են լինում: 

Ես անգամ չգիտեմ, կարելի՞ է շոու-բիզնեսի գործիչներին հաջողակ համարել: Արդյո՞ք դա է հաջողությունը: 

— Ի՞նչ կամ ո՞վ է Ձեր ստեղծագործության մեջ մուսայի մարմնավորումը: 

Ավետ – Մուսան ինձ համար հաղորդակցությունն է, միջանձնային հարաբերությունները: Չէ՞ որ հենց շփման ընթացքում է զգացվում մարդու մեջ եղած լուսավորն ու բարին: Ինձ համար մուսան հենց շփման մեջ է, այլ ոչ թե, օրինակ, կնոջ մարմնում, թեև, անշուշտ, կանացի մարմինը ևս կարող է մուսա դառնալ: 

— Ո՞րն է Ավետ Բարսեղյանի համար կնոջ իդեալը:

Ավետ – Կարծում եմ, որ այս պահին ինձ համար կնոջ իդեալ կարող է դառնալ բուլգակովյան Մարգարիտան՝ հպարտ, պատրաստ անցնելու դժոխքի միջով` վերադարձնելու համար Վարպետին:

— Իսկ Ձեր կյանքում կա՞ «Մարգարիտա»: 

Ավետ – Իմ կյանքում դեռ նման Մարգարիտա չկա: 

— Կա՞ որևէ թևավոր խոսք, որով ղեկավարվում եք կյանքում:

Ավետ – Օրվա ընթացքում բազմաթիվ իմաստուն բառեր եմ լսում, և կյանքում հաճախ չի հաջողվում հետևել այդ արտահայտություններին: Այնուամենայնիվ, ես սիրում եմ իմաստուն մարդկանց բոլոր արտահայտությունները: Այս պահին հիշում եմ «Ձեռագրերը չեն այրվում» և «Ոչինչ մի խնդրենք նրանցից, ովքեր ուժեղ են ձեզանից» աֆորիզմները, քանի որ ես նոր եմ վերընթերցել Բուլգակովին: Նաև շատ եմ սիրում քրիստոնեական առակները: Փորձում եմ, որ իմ ներսի «լույսը» երբեք չմարի: 

— Դուք տասնյակ հիթերի հեղինակ եք: Ձեր ստեղծագործություններից ո՞րն է հոգեպես  Ձեզ ամենամոտը: 

Ավետ – Անկեղծ ասեմ, որ իմ գրած ոչ բոլոր երգերն են ինձ դուր գալիս: Երբեմն «հիթի» համար ստիպված եմ լինում գրել հեշտ հիշվող երգեր, այն դեպքում, երբ խորիմաստ ստեղծագործությունները միշտ չէ, որ հիշվում են: Հենց այդ պատճառով երբեմն ստիպված եմ լինում գրել մակերեսորեն, և դա իմ սրտով չէ:
 
— Կարծիք կա, որ լավ բանաստեղծությունները ծնվում են դեպրեսիայի ժամանակ: Ձեր դեպքում այդպե՞ս է: 

Ավետ – Ցավոք, դա այդպես է: Երբ ես ավելի մռայլ տրամադրություն եմ ունենում, ավելի հետաքրքրիր բաներ են ծնվում: Օրինակ սիրո մեջ գտնվելիս, որն ինքնուրույն սուբստանցիա է, ոչինչ չես ուզում անել, այն դեպքում, երբ վատ տրամադրության դեպքում ցանկանում ես գանգատվել որևէ մեկին, և այդ «որևէ մեկը» դառնում է թուղթը, որի վրա հետագայում ծնվում են բանաստեղծություններ:
 
— Ինչպե՞ս եք գնահատում հայկական շոու-բիզնեսի մակարդակը: 

Ավետ – Մենք բավականին մրցունակ ենք և բավականին լավ ձայներ ունենք: Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ Հայաստանում միանշանակ վատ էստրադա է, քանի որ մենք ունենք հիանալի երգիչներ և երաժշտություն, որն ապրում է կոմպոզիտորների հոգում:  

— Պատմեք Ձեր ծրագրերի մասին:

Ավետ – Այս պահին աշխատում եմ «X Factor» նախագծի նոր եթերաշրջանում և հույս ունեմ, որ շուտով կվերսկսվեն «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» նախագծի նկարահանումները: Հնարավոր է, որ մասնակցեմ նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության երեկոյան նախագծում: 

— Կա՞ որևէ խորհուրդ, որը վերջում կտայիք մեր ընթերցողներին:

Ավետ – Ընդհանրապես չեմ սիրում խորհուրդներ տալ, սակայն ուզում եմ, որպեսզի մարդիկ ապրեն իրենց հոգու, սրտի և մտքերի հետ ներդաշնակության մեջ: Այս երեք սուբստանցիաների ներդաշնակությունը կարող է հաջողության բերել: -0-